

ԷկոԼուր
ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին է ուղարկել Բնապահպանական հանրային դատարանի վճիռը «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործ վերաբերյալ: Բնահպանական հանրային դատարանը` Նազելի Վարդանյան, Կարինե Դանիելյան, Զարուհի Հովհաննիսյան, Ինգա Զարաֆյան կազմով, լրագրող Թեհմնիե Ենոքյանի դիմումի հիման վրա գործը քննել է 2019 թ-ի հունիսի 24-ին:
Դատարանի վճռում նշված է.
«1. Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության իրականացման, հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման, փորձաքննությունների իրականացման, վերահսկողության և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, խաթարել են ազգային անվտանգությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:
2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, Պետական եկամուտների կոմիտեին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ դատական մարմիններին, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերություններին:
3. Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և ընկերությունների այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով և անգործությամբ նպաստել են տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի խախտմանը:
4. Դիմել ՀՀ Դատախազություն` պահանջելով.
- Հարուցել քրեական գործեր Հայաստանի հանքավայրերի շահագործման անօրինական փորձաքննական եզրակացություններ ու թույլտվություններ տրամադրած պաշտոնատար անձանց նկատմամբ և վերականգնել նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասները:
- Հարուցել քրեական գործեր` անօրինական հանքարդյունահանում իրականացնելու, ընդերքից ապօրինաբար, կամ նախագծային շեղումներով պաշարների արդյունահանման մեջ մեղավոր անձանց նկատմամբ և վերականգնել դրա արդյունքում պետությանը հասցված վնասները:
- Հարուցել քրեական գործեր հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք խուսափել են հարկերի, սոցիալական ապահովության վճարների և աշխատավարձերի վճարումից՝ վերականգնելով պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասը:
- Հարուցել քրեական գործեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք չեն վերահսկել հանքարդյունահանող ընկերությունների հարկային պարտավորությունների կատարումը և հայցերով դիմել են դատարան այդ ընկերությունները սնանկ ճանաչելու պահանջով:
5. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
- Հռչակել Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և օրգանական գյուղատնտեսության երկիր՝ դադարելով հումքային երկիր լինելուց:
- Մշակել և հաստատել հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն ու ռազմավարություն՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության սկզբունքները:
- Հաստատել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդ. 4-րդ կետով սահմանված «Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման» Կարգը:
- Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում հետևյալ փոփոխությունները մտցնելու մասին.
ա/ Հայտի հետ ներկայացվում է.
- «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված սանիտարահիգիենիկ փորձաքննության դրական եզրակացությունը;
- Տեխնիկական փորձաքննության դրական եզրակացությունը:
բ/ Հանքի ուսումնասիրման, հետախուզման և հանքարդյունահանման պայմանագրեր կնքվում եմ միայն փորձաքննական դրական եզրակացության հիման վրա:
գ/ Հանքարդյունահանման թույլտվությունն այլ անձի փոխանցելու դեպքում անցկացվում է նոր փորձաքննություն:
դ/ Ազդակիր համայնքների ցանկը հաստատվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով:
ե/ Փորձաքննական եզրակացությունը հաստատվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով:
զ/ Փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվում, եթե այն կատարվել է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի խախտումներով /լրացնել գործող հոդվածը/
ը/ Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել, հաշվի առնելով հանրային մասնակցության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի դիտողությունները, միաժամանակ ավելացնելով դրույթ այն մասին, որ եթե ազդակիր համայնքների բնակչության 10 տոկոսը դեմ է արտահայտվել ծրագրին` հանրային լսումների, հանրագրերի կամ հանրաքվեի միջոցով, ապա ծրագրին չի կարող տրվել փորձագիտական դրական եզրակացություն և համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N.1325 – Ն որոշման մեջ:
- Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն ոչ ճիշտ, ոչ լրիվ և ՀՀ օրենսդրության խախտմամբ փորձաքննություն կատարելու և սխալ փորձաքննական եզրակացություն տալու համար:
- Մշակել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն` ոչ ճիշտ, ոչ լրիվ և ՀՀ օրենսդրության խախտմամբ փորձաքննություն կատարելու և սխալ փորձաքննական եզրակացություն տալու համար, եթե դա առաջացրել է կամ կարող էր առաջացնել ծանր հետևանքներ:
- Մշակել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքում հետևյալ փոփոխություն կատարելու մասին նախագիծ.
ա/ արգելվում է գյուղատնտեսական, անտառային, առողջարանային, հատուկ նշանակության հողերի կատեգորիայի փոփոխությունը հանքարդյունաբերականի;
բ/ հանքարդյունաբերական նպատակով հողերի կատեգորիայի փոփոխությունը իրականացվում է յուրաքանչյուր անգամ` ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով;
գ/ արգելվում է հանքարդյունաբերական նպատակով տրամադրվող հողերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելը:
- Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին: Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ հոդ. 3-րդ մասը, նախատեսելով հնարավորություն բոլոր բնապահպանական կազմակերպություններին դիմելու դատարան առանց սահմանափակումների` Օրհուսի կոնվենցիայի համապատասխան:
- Արգելել հանքավայրերի նոր ուսումնասիրման, հետախուզման և հանքարդյունահանման թույլտվությունների տրամադրումը մինչև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ու ռազմավարության, նոր օրենքների և օրենսդրական համապատասխան փոփոխությունների ընդունումը:
- Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:
- Սահմանել նվազագույնը 20 տարվա անվտանգ հանքարդունահանության փորձի առկայության պարտադիր պայման հանքարդյունահանման թույլտվություն ստանալու համար:
- Սահմանել պարտադիր երաշխիքային դրամագլխի վճար /օրինակ, 50 մլն դոլար/, ինչը պետք է վճարվի մինչև հանքարդյունահանության սկիզբը` հաշվի առնելով` ընկերության գործունեության դադարումից հետո 50 տարվա ընթացքում հնարավոր ռիսկերի, վթարների, և աղետների կանխարգելման և վերացման համար անհրաժեշտ ծախսերը:
- Սահմանել լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները:
- Ուժը կորցրած ճանաչել հանքարդյունահանող ընկերություններին ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրման մասին ՀՀ կառավարության որոշումները, չտրամադրել նոր արտոնություններ:
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 10.03.15թ. N 244-Ն որոշումը, որով փոփոխություն է մտցվել ՀՀ Կառավարության 21.01.10թ. N 51-Ն որոշման մեջ և ավելացվել է բացահանքային ավտոմոբիլային ճանապարհների երկայնական թեքությունը, մինչև 100%:
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշումը, որով հաստատել է «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» Կարգը, որի դրույթները ամբողջովին հակասում են ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների դրույթներին:
Հանձնարարել.
ՀՀ կառավարության Բնապահպանության և ընդերքի տեսչությանը.
- Իրականացնել համալիր ստուգումներ հանքարդյունաբերական ընկերություններում և հրապարակել ստուգման արդյունքները:
- Արգելել այն ընկերությունների գործունեությունը, որոնք փորձաքննական դրական եզրակացություն ստանալուց հետո 1 տարվա ընթացքում գործունեություն չեն սկսել /հիմք` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20- րդ հոդ. 7-րդ մաս/:
- Պատասխանատվության ենթարկել բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը.
- Մշակել և հաստատել կենսաբազմազանության վրա հանքարդյունաբերության հետևանքերի ազդեցության գնահատման ուղեցույցներ և մեթոդաբանություններ:
- Ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունները, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվել փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում /հիմք` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20- րդ հոդ. 7-րդ մաս/:
- Ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդ. սահմանված դեպքերում:
- Իրականացնել մշտադիտարկումներ օդի, ջրի, հողի վիճակի նկատմամբ պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխության, դրենաժային ջրերի առաջացման, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի նկատմամբ`դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով։
- Փորձաքննություն իրականացնելիս՝ հաշվի առնել նաև տվյալ տարածքի վրա այլ աղտոտիչների առկայությունը և գումարային գնահատում իրականացնել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը
- Վերահսկողություն իրականացնել հանքավայրերի պոչամբարների անվտանգության ապահովման նպատակով:
- Տեխնիկական փորձաքննություն իրականացնելիս՝ հաշվի առնել նաև տվյալ տարածքում առկա այլ աղտոտիչների առկայությունը և գումարային գնահատում իրականացնել, ինչպես նաև գնահատել տվյալ գործունեության ընթացքում այլ օբյեկտների /թունելների, պատվարների, պատնեշների, այլ/ վրա ազդեցությունը:
ՀՀ Առողջապահության նախարարությանը.
- Մշակել և հաստատել մարդու առողջության վրա հանքարդյունաբերության հետևանքերի ազդեցության գնահատման ուղեցույց և մեթոդաբանություն:
- Ստեղծել Սանիտարահամաճարակային փորձաքննություն իրականացնող մարմին:
- Մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը «Սանիտարա-համաճարակային փորձաքննության իրականացման» Կարգը:
- Իրականացնել`«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված, բոլոր հանքերի սանիտարահիգիենիկ փորձաքննություն:
- Իրականացնել հանքավայրերի ազդակիր համայնքներում մարդկանց առողջության մոնիտորինգ:
- Հիմք ընդունել միջազգային և տեղական մասնագիտական հետազոտական ինստիտուտների կողմից կատարված հետազոտությունները` հանքավայրերին հարող համայնքների և տարածքների հողերի, ջրերի և կենսանյութերի վերաբերյալ և կիրառել անհրաժեշտ միջոցառումներ տեղական բնակչության առողջապահության ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
- Ուսումնասիրություններ կատարել հանքավայրերի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ և արդյունքները հրապարակել:
- Միջոցներ ձեռնարկել` հանքավայրերի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա կանխելու և մարդկանց առողջության պաշտպանությունը ապահովելու նպատակով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը
- Դադարեցնել ընդերքօգտագործման և երկրաբանական ուսումնասիրությունների համար արտոնագրերի տրամադրումը մինչև ազդակիր համայնքների զարգացման ծրագրերում ընդգրկված չլինեն, հանքարդյունաբերության վտանգները չեզոքացնող միջոցառումների ծրագրեր և այդ միջոցառումների իրականացման համար ծրագրերում նախատեսված չլինեն համապատասխան ֆինանսական միջոցներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին
- Ստուգումներ իրականացնել հանքարդյունաբերական ընկերություններում` հարկերի վճարման ճշտությունը, արդյունահանվող և արտահանվող հանքանյութի ծավալների համապատասխանությունը ստուգելու նպատակով:
- Ստուգումներ իրականացնել սնանկ ճանաչված հանքարդյունաբերական ընկերություններում` պարզելու հարկային պարտքի գոյացման պատճառները:
- Պատասխանատվության ենթարկել հարկային օրենսդրությունը խախտող ընկերություններին և դրանց ցանկը հրապարակել:
6. Դիմել ՀՀ Անվտանգության խորհրդին` խնդրելով.
ա/ Գնահատական տալ վճռում ներկայացրած փաստերին` թե որքանով են դրանք ազդում երկրի էկոլոգիական անվտանգության վրա:
բ/ Էկոլոգիական անվտանգության հետ կապված հանքարդյունաբերության ոլորտի առկա վտանգների վերաբերյալ կազմակերպել մասնագիտական քննարկումներ և ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկությունների փաթեթ:
7. Պարտավորեցնել հանքարդյունաբերական ընկերություններին.
- Պահպանել ՀՀ օրենսդրությունը և միջազգային նորմերը
- Վերականգնել խախտված տարածքները,
- Տնկել հատված անտառի կրկնապատիկը և պատշաճ խնամք ապահովել՝ փոխադրելով անտառի շարք
- Իրականացնել պոչամբարների անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
- Փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց
- Բացառել արտադրական և հանքային արտահոսքերը մակերևութային և ստորգետնյա ջրահավաք ավազան, հողերի աղտոտումը ծանր մետաղներով
- Պահպանել ջրի շրջանառու փակ համակարգի ռեժիմը
- Մտցնել ապահովագրական համակարգ ազդակիր համայնքներում բնակիչների առողջության, շրջակա միջավայրի և գյուղմթերքի աղտոտման ռիսկերի վերաբերյալ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ»:
Վճռի ամբողջական տարբերակը՝ այստեղ:
Հուլիս 18, 2019 at 15:10