Հանրային պահանջի արդյունքում Նահատակի պոչամբարի ազդեցությունից տուժող ընտանիքը նոր բնակարան կստանա

Հանրային պահանջի արդյունքում Նահատակի պոչամբարի ազդեցությունից տուժող ընտանիքը նոր բնակարան կստանա

ԷկոԼուր

Ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում անցկացվեց հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն Նահատակի պոչամբարի կողքին բնակվող Դանիելյանների ընտանիքի: Ակցիայի նպատակն էր օգնել ընտանիքին ստանալ փոխհատուցում Նահատակի պոչամբարի ազդեցությունից կրած վնասների դիմաց:

Արշավը կազմակերպել էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները: Արշավին միացել էին Լոռու մարզի մի շարք համայնքների բնակիչներ, բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ ներկայացուցիչները՝ ի դեմս ընկերության արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանի։

Ինչպես հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, Դանիելյանների ընտանիքը 2013 թ-ից շարունակաբար բողոքում է առողջական խնդիրներից: Նրանք ունեն երեք հիմնական պահանջ.

- ստանալ փոխհատուցում բնակության և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանան այլ վայրում գնել բնակարան և տեղափոխվել աղտոտված տարածքից,

- անցկացնել ընտանիքի անդամների առողջության գնահատում և խորքային բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը,

- ստանալ փոխհատուցում առողջությանը պատճառված վնասների դիմաց:

Դանիելյանների ներկայացուցիչ Հարություն Դանիելյանը հատնել է, որ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ն պատրաստ է փոխհատուցում տրամադրել բնակարանի համար, և ընտանիքը նույն գյուղում կկարողանա ձեռք բերել այլ բնակարան, որը գտնվում է պոչամբարից համեմատաբար հեռու: «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը հաստատել է այդ տեղեկությունը։

Օլեգ Դուլգարյանը նշել է, որ ինչպես Դանիելյանների, այդպես էլ այլ ընտանիքների առջև մնում են ծառացած առողջապահական խնդիրները: Նա շեշտել է, շարունակվելու է աջակցությունը Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչներին՝ պաշտպանելու սեփական իրավունքները, այդ թվում՝ դատարաններում, ընդգծելով պետության, մասնավորապես, նախկին իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված աղետալի իրավիճակի համար։

Իսկ Մեծ Այրում, Ճոճկան գյուղերի բնակիչները նշել են, որ եթե պոչամբարի խնդիրը շութափույթ չլուծվի, ապա իրենք կիրականացնեն այլընտրանքային միջոցառումներ՝ գիտակցելով պոչամբարի վնասակարության աստիճանը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանն ընդգծել է, որ Նահատակի պոչամբարն պետք է օր առաջ ռեկուլտիվացնել և գտնել պոչերի մշակման նորարար տարբերակներ։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ շեշտել է, որ տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ իրականացրել են ուսումնասիրություններ, որոնք փաստում են տարածաշրջանում շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Ըստ նրա՝ խնդիրը պետք է շուտափույթ և համակարգային լուծում ստանա:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանն էլ հայտարարել է, որ հետևողական է լինելու թե Նահատակի պոչամբարի, թե թափոնների կառավարման համակարգային խնդիրների լուծման համար։

Հիշեցնենք, որ «Արնիկա» չեխական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Ալավերդիում և Ախթալայում արտադրական աղտոտումների խնդիրների լուծման որոշումների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հզորացում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում իրականացրեցին հետազոտություն: Փորձանմուշներ են վերցվել նաև Դանիելյանների հողատարածքից: Արդյունքների համաձայն՝ մարդու առողջության համար ամենամեծ ռիսկը ներկայացնում են մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը:

Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

 

Փետրվար 26, 2020 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր