ԷկոԼուր
Արարատի մարզի բնակիչներն անհանգստանում են, որ «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկայի արտադրողականության ավելացման դեպքում Արարատ գյուղում գտնվող ֆաբրիկայի ցիանային պոչամբարի տարածքը կընդլայնվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրն ու «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան», հանրային քննարկում անցկացրեց Արարատ քաղաքում՝ հայտարարելով ֆաբրիկայի արտադրողականության 75 տոկոսով ավելացման մտադրության մասին:
Նշենք, որ, ըստ ընկերության՝ 2012 թ. Սոթքի ոսկու հանքավայրի վերազինման ծրագրի, Սոթքի բացհանքի ծառայման ժամկետը սահմանվել է 15 տարի: Իսկ 2017 թ. Բնապահպանության նախարարությանը ներկայացված Սոթքի ոսկու հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը հետ է վերադարձվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը՝ առանց դրական եզրակացության:
«Արտադրողականության բարձրացման վերաբերյալ լսումների ժամանակ ոչ մի մասնագիտական եզրակացություն չի հնչել, որը թույլ կտար ոչ մասնագետին պատկերացում կազմել, թե ինչ հնարավոր վտանգներ կարող է առաջացնել արտադրողականության ավելացումը: Եթե արտադրողականություն է ավելացնում, ինչպե՞ս են ապացուցելու, որ պոչամբարի տարածքը նույնպես չպետք է ավելանա ու նոր տարածքներ չընդգրկի», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատության համաձայն՝ 20 միլիոն խմ նախագծային ծավալ ունեցող Արարատի պոչամբարի լցվածությունը 2014 թ. դրությամբ կազմել է 12,5 միլոն խմ: Աշխատության համաձայն, այս պոչամբարը համարվել է Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարներից մեկը տեխնոլոգիական գործընթացում ցիանիդի օգտագործման պատճառով:
Ցիանիդը (կապտաթթու) բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է: Այն համարվում է անկայուն թույն: Իր բարձր ցնդելիության պատճառով սովորական ջերմաստիճանային պայմաններում արագ ստեղծում է կենդանի ուժի ոչնչացման համար անհրաժեշտ խտություն:
«Պոչամբարի փոշին վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, ինչը քամու միջոցով տարածվում է և կարող է հասնել շրջակա գյուղեր, Կախանովի ջրանցք, որով ոռոգվում են Սուրենավան, Արմաշ, Երասխավան, Պարույր Սևակ համայնքների հողերը», - ասաց Տիգրան Մաթևոսյանը:
Ըստ նրա, ցիանային պոչամբարը մեծ ռիսկեր է ներկայացնում նաև պոչամբարի հարակից Արմաշի լճերի ձկնարտադրության և տեղի հարուստ թռչնաշխարհի համար: Արմաշի լճերի տարածքը միջազգային «Bird life international» կազմակերպության կողմից քարտեզագրված է որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Ըստ կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ Արմաշը նաև Հայաստանում Արաքսի հարթավայրի ամենամեծ՝ 1514 հա զբաղեցնող ձկնաբուծական տարածքն է, որտեղ գտնվում է 29 ձկնաբուծարան:
Տիգրան Մաթևոսյանի խոսքով, պոչամբարի հարևանությամբ անցնող ստորգետնյա ջրերի դրենաժը, որը հոսում է դեպի Արաքս գետ, նույնպես կարող է կրել պոչամբարի ազդեցությունը:
Արարատի մարզի բնակիչները չունեն պաշտոնական տեղեկատվություն իրենց բնակավայրերում մթնոլորտային օդի աղտոտվածության մասին, քանի որ բացի Արարատ քաղաքից իրենց բնակավայրերում չի իրականացվում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ: Գնահատված չէ, թե Արարատ քաղաքից և Արարատ գյուղից բացի որ համայնքներն են կրում ֆաբրիկայի և պոչամբարի ազդեցությունը:
Նշենք, որ, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում հրապարակված Հայաստանի ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի համաձայն, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկված համայնքներ են համարվել Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղը 85 %-ով, որտեղ գտնվում է Սոտքի ոսկու հանքավայրը և Արարատ քաղաքը 15%-ով, որտեղ գտնվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: Զեկույցի համաձայն՝ ջրերի վրա ազդեցությունը 100%-ով Սոտք գյուղն է կրել: 2016թ-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության վճարած բնապահպանական վճարների հաշվին Արարատ քաղաքն իրականացրել է 4 042 000 դրամի սուբվենցիոն ծրագիր: 3 692 000 դրամ տրամադրվել է արտեզյան խորքային հորի նորոգման և գործարկման, կամ կոնսերվացված հորի գործարկման աշխատանքների համար, 350 000 դրամ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Օգոստոս 06, 2019 at 19:51