Մեծ Այրումի բնակիչները կասեցրել են «Ախթալայի ԼՀԿ»-ի՝ Նահատակի պոչամբարի պատնեշը բարձրացնելու փորձը

Մեծ Այրումի բնակիչները կասեցրել են «Ախթալայի ԼՀԿ»-ի՝ Նահատակի պոչամբարի պատնեշը բարձրացնելու փորձը

ԷկոԼուր

2020 թ․ ապրիլի 13-ին «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում գտնվող Նահատակ պոչամբարի պատնեշը բարձրացնելու փորձ է իրականացրել։ Գյուղի բնակիչների պահանջով այդ աշխատանքը դադարեցվել է։ 

Պատնեշի բաձրացման մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը։ «Մեծ Այրում գյուղի բնակիչները հայտնում են, որ այս պահին Մեծ Այրում գյուղում «Ախթալա ԼՀԿ» ընկերությունը բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող դիտարկման աշտարակը։ Համայնքի բնակիչների խոսքով` դա իրականացվում է պոչամբարի պատվարի բարձրացման նպատակով, ինչին բնակիչները կտրականապաես դեմ են և այս պահին կանգնել են, որպեսզի կասեցնեն աշխատանքները։ Դրանից առաջ ընկերությունը խոստացել էր համայնքի բնակիչներին, որ այլևս պատվարի բարձրացում չի իրականացնելու, այլ սկսելու է պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացը»։ 

Մեծ Այրումի բնակիչ Արթուր Միկոյանն ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ ընկերության անօրինական աշխատանքը հնարավոր է եղել դադարեցնել ժողովրդի միաձայն դեմ լինելու արդյունքում։ «Իրենք խոստացել էին, որ ոչ մի սանտիմետր չի բարձրացվելու։ Հիմա եկել, ասում են՝ ընդամենը 30 սմ ենք բարձրացնում։ Համայնքի ղեկավարն եկավ, արգելեց։ Ասաց՝ մինչև որոշում չներկայացնեք, մինչև ժողովրդի հետ ընդհանուր հայտարարի չգանք, ոչ մի բան չեք անում։ Հիմա հավաքեցին իրենց սարքավորումները, գնացին»։   

Միկոյանի ներկայացմամբ, սրանից մոտ մեկ շաբաթ առաջ «Ախթալա ԼՀԿ»-ի ներկայացուցիչները հանդիպել են գյուղացիների հետ, խոստացել, որ միայն պոչամբարի մակերեսը հողային շերտով ծածկելու աշխատանքներ պետք է իրականացնեն։ «Էլի ժողովրդի աչքերին ծուխ են փչում, խաբում են, որ իրենց գործն առաջ տանեն։ Ասում են՝ եթե մենք սա չանենք, 200 մ չոր տարածք չենք ունենա։ Իսկ մինչև այդ 200 մ չունենանք, չենք կարող հող լցնել․․․Բայց մենք ասել ենք, որ մինչև ջուրը չփակվի, ոչ մի բան էլ չի վերանա»,- ասաց Միկոյանը։ 

Ըստ գյուղիցների՝ ընկերության առջև պայման է դրվել ցանկացած գործունեություն սկսելուց առաջ համապատասխան փաստաթուղթ ներկայացնել՝ այդ աշխատանքների հավաստիության մեջ համոզված լինելու համար․ «Գյուղապետն ասել է՝ փաստաթուղթ ներկայացնեն իրենց գործուենության համար, որպեսզի համոզված լինենք, որ հող եք բերում, լցնում, ոչ թե ժողովրդին խաբում»։  

Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը Ախթալայի հանքավայրի «Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչել է որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա «Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցության վերաբերյալ: 

Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերի միջև գործող պոչամբարը, այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ դժվարություններ և վտանգ է ստեղծել տեղի բնակիչների համար. մասնավորապես՝ 

  •          Ընկերության կողմից պոչամբարի անվտանգության կանոնների չպահպանման պատճառով բազմիցս համայնքի բնակիչներին պատկանող ընտանի կենդանիներն ընկել են պոչամբարի մեջ: 
  •          Տեղի բնակիչներն անընդհատ բողոքել են գլխացավերից, գլխապտույտներից և այլ հիվանդություններից` իրենց այդ վիճակը պայմանավորելով պոչամբարի բացասական ազդեցությամբ:
  •          Համայնքներն իրենց տարածքում պոչամբարի առկայության համար չեն ստացել փոխհատուցում, այդ բնակավայրերում չեն իրականացվել սոցիալական աջակցության ծրագրեր «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից:  
  •          Տարեկան 1987.2 հազար խմ քանակով «Նահատակ» պոչամբարի պարզվածքը թափվում է Դեբեդ գետ` Փոքր Այրում գյուղի մոտ։ Ախթալա գետի երկու գետահատածքներում՝ գետաբերանից 4 կմ հեռավորության վրա, թափվում են ստորգետնյա հանքի ջրերը (267.6 հազար խմ/տարի) իսկ գետաբերանից 2կմ հեռավորության վրա թափվում են ֆաբրիկայի սարքավորումների հովացման ջրերը (2160,0 հազար խմ/տարի)։ 

• Ախթալա գետի հունի նստվածքների նմուշներն ուսումնասիրված նմուշներից ամենաղտոտվածներն են, որտեղ պղնձի խտությունը կազմում է 9500 մգ/կգ, ցինկինը` 4000 մգ / կգ, մոլիբդենինը` 90 մգ/կգ, մկնդեղինը` 55 մգ/կգ: Աղտոտվածության համար պատասխանատուն «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն է (“Heavy metals in the surroundings of mining and metallurgical sites in the Lori region in Armenia”, Author: Martin Bystrianský, Contributing authors: Marek Šír, Jitka Straková, Nikol Krejčová:

  • «Նահատակ» պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննությունը ձևական է եղել, և այս պայմաններում 2018 թվականի նոյեմբերի 23-ին չէր կարող տրվել դրական եզրակացություն: «Նահատակ» պոչամբարի տարածքը գտնվում է սեյսմիկ բարձր վտանգավորության գոտում: Չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն: Հայաստանի բոլոր խոշոր պոչամբարները, այդ թվում նաև Նահատակի պոչամբարն, ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, կառուցված են վերընթաց բարձրացման նախագծով, ինչը հակասում է սեյսմավտանգ գոտիներում նման պոչամբարների կառուցման միջազգային նորմերին։ 

Լուսանկարը և տեսանյութը՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից

 



Ապրիլ 13, 2020 at 14:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր