Ոստիկանությունը Մեծ Այրումի բնակիչներին առաջարկում է Նահատակի պոչամբարի խնդրի առնչությամբ դիմել իրենց

Ոստիկանությունը Մեծ Այրումի բնակիչներին առաջարկում է Նահատակի պոչամբարի խնդրի առնչությամբ դիմել իրենց

ԷկոԼուր

Այսօր Լոռու մարզի Մեծ Այրում գյուղ է ժամանել Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պետը: Ըստ ԷկոԼուրի աղբյուրի՝ նա տեղի բնակիչներին հորդորել է Նահատակի պոչամբարի վերաբերյալ բողոք ունենալու դեպքում դիմել իրենց, և իրենք քննություն կիրականացնեն: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Մեծ Այրումի բնակիչները թույլ չեն տվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցներին  «Նահատակ» պոչամբարի պատնեշի բարձրացման աշխատանքներ իրականացնել:

ԷկոԼուրի հետ զրույցում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պատրաստվում է Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պետին ուղարկել սույն թվականի փետրվարի 26-ին Ալավերդիում տեղի ունեցած հանրային դատավարության արդյունքում Բնապահպանական հանրային դատարանի վճիռը ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» բնապահպանական հանրային գործի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ դախատազության պատասխանը, ըստ որի՝ դատախազությունը սույն գործի վերաբերյալ նախաձեռնել է ուսումնասիրություն:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մտադիր է բարձրացնել արդեն իսկ լցված «Նահատակ» պոչամբարի պատվարը՝  թափոնների կուտակման համար: Մինչդեռ այս պոչամբարը, համաձայն «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության»-ը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության՝ 2018թ-ի հոկտեմբերից պետք է ռեկուլտիվացվեր։  Սակայն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը շարունակում է մինչ օր թափոնները կուտակել պոչամբարում, քանի որ բաց հանքի տարածքում պոչերի չոր եղանակով պահեստավորման իր ծրագիրը մեծ հաշվով ձախողվել է:

Կոմբինատը չի կատարել բնապահպանական փորձաքննական եզրակացության պահանջը՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին» ՀՀ օրենքի դրույթները: Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ուժը կորցրած չի ճանաչում փորձաքննական եզրակացությունը՝ նշելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետք է ստուգում իրականացնի, եթե հայտնաբերի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված խախտումներ /նախագծային շեղումներ/, ապա խախտումները վերացնելու հանձնարարական պիտի տա ստուգվող մարմնին՝ դրանք շտկել: Չշտկելու դեպքում նոր Շրջակա միջավայրի նախարարությունը փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած կճանաչի: 



Մայիս 14, 2020 at 15:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր