

ԷկոԼուր
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի աշխատանքները նախատեսվում է դադարեցնել մինչև 2019 թ-ի հունվար-մարտ ամիսները, որից հետո այն ռեկուլտիվացվելու է: Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախնական հաշվարկային արժեքը կազմում է 200 միլիոն դրամ: Այս մասին, ի պատասխան էկոԼուրի հարցմանը, տեղեկացրեց «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը:
Նահատակի պոչամբարը ցանկապատված չէ, գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջնամասում` բնակելի տներին մոտ: Պոչամբարի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածությունը և մարդու առողջության վրա ազդեցությունը պարզելու համար սույն թվականի հուլիս ամսին Չեխիայի քիմիական անվտանգության ոլորտում մասնագիտացված «Առնիկա» կազմակերպության և Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները պոչամբարի տարածքի նստվածքներից և հարակից տարածքների հողերից նմուշներ վերցրեցին: Իսկ Նազիկի պոչամբարը, որը մի քանի տարի առաջ ծածկվել է հողով, չեխ մասնագետները համարեցին չռեկուլտիվացված և նշեցին, որ այն աղտոտում է շրջակա միջավայրը:
Ավելի վաղ Նահատակի պոչամբարի ռիսկերի մասին հրապարակվեց «Համաշխարհային բանկի աջակցությամբ հրապարակված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիրության մեջ:
Պոչամբարների վերաբերյալ ԷկոԼուրի հարցադրումներին ի պատասխան «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն նամակով հայտնեց.
«Համաշխարհային բանկի աջակցությամբ հրապարակված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիրության համաձայն` «Նահատակ» գետի վրա կառուցված պոչամբարային տնտեսության վերաբերյալ գնահատականը, ինչպես նաև մեր և այլ կատարված ուսումնասիրությունները հաշվի առնելով` ձեռնարկությունը կառուցում է չոր պոչերին անցման արտադրամաս, որը շահագործման կհանձնվի մոտ ապագայում: Չոր պոչերի տեխնոլոգիային անցնելուց հետո դադարեցվելու է «Նահատակ» պոչամբարի աշխատանքը: Վերը նշված ուսումնասիրությունը կատարվել է առանց մեր մասնագետների ներգրավման, հետևաբար, մենք տվյալ պարագայում չունենք ամբողջական տեղեկատվություն գնահատման ընթացակարգերի, օգտագործված մեթոդաբանության և տեղեկատվական աղբյուրների վերաբերյալ, հետևաբար, մենք այդ աշխատանքին որևէ գնահատական տալ չենք կարող:
«Նահատակ» պոչամբարը նախագծվել և կառուցվել է 1965-1970 թթ-ին գոյություն ունեցող տեխնիկական, բնապահպանական և տնտեսական չափանիշներին համապատասխան: Պոչամբարի աշխատանքները 1989 թ-ին դադարեցնելուց հետո այն վերսկսել է 2011 թ-ին` անցնելով բնապահպանական և տեխնիկական համապատասխան փորձաքննություններ: Պոչամբարի աշխատանքները նախատեսվում է դադարեցնել մինչև 2019 թ-ի հունվար-մարտ ամիսները, որից հետո այն ռեկուլտիվացվելու է համաձայն կատարվող նախագծային աշխատանքների: Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախնական հաշվարկային արժեքը կազմում է 200 միլիոն դրամ, և այն իրականացվելու է մեր ձեռնարկության կողմից: Ինչ վերաբերում է «Նազիկ» պոչամբարին, ապա այն փակվել է հողի 1 մետր շերտով և կանաչապատվել: Ժամանակի ընթացքում բացահայտված թերությունները նախատեսվում է լրացնել «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքներին զուգընթաց:
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ Շամլուղի պղնձի հանքավայրի ներկայումս կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո կատարվելու է ձեռնարկության արտադրական հզորությունների նախագծման և բնապահպանական կառավարման պլանների կազմման աշխատանքներ:
Մեր ձեռնարկությունը տարաբնույթ սոցիալական ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի ազդակիր և ոչ ազդակիր համայնքներում», - ասված է նամակում:
Նշենք, որ ԷկոԼուրը նաև խնդրել էր տրամադրել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի շահագործման և Շամլուղի պղնձի հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանները, Նահատակի և Նազիկի պոչամբարների անվտանգության անձնագրերը և Նահատակի պոչամբարի շահագործման տեխնիկական հրահանգները: Նշված փաստաթղթերն ընկերությունը չի տրամադրել:
Օգոստոս 17, 2018 at 15:32
