Մեղրեցիները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ

Մեղրեցիները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ: «Մեղրինյուզ» կայքը տեղեկացնում է, որ պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Հանրագիր՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Իսկ մայիսի 18-ին` ժամը 7:30-ին, Մեղրու մշակույթի պալատի մոտ կմեկնարկի բողոքի ակցիան ընդդեմ Լիճքի հանքավայրի:

«Ընդամենը 664 ք/կմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում: Մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում և պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս նոր հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան և ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության և այլ հարակից բնագավառների զարգացման մեջ», - ասված է Հանրագրի տեքստում:

Իսկ Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պղնձի հանքավայրի վերաբերյալ նշված է. «Հաշվի առնելով հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում և պահանջում ենք հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնել և փորձաքննություն նշանակել: Նշենք նաև, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու, ըստ էության, անտեսել ակնհայտ փաստերը»։

Հանրագրում գրված է, որ Լիճքի հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և որ հանքավայրի շահագործումը կարող է որակական և քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է: Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

Բացի այդ, հանքավայրը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է, ունի հարուստ կենսաբազմազանություն:

«Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը: Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը», - նշված է Հանրագրում:

Նշենք, որ Լիճքի հանքավայրի շահագործման հարցը ներկայում քննվում է ՀՀ վարչական դատարանում: Հայցվոր «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն պահանջում է առ ոչինչ ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը, քանի որ հանքավայրի մի մասը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում:

Մայիս 17, 2018 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր