

ԷկոԼուր
Հաշվի առնելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը և ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական դրությունը, անորոշ ժամանակով հետաձգվում է Լիճքի հանքի տարածքում նախատեսված բողոքի ակցիան: Այս մասին հայտարարել է «Հանք թե՞ կյանք» նախաձեռնող խումբը, տեղեկացնում է «Մեղրինյուզ» կայքը:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս խնդրի լուծումը չափազանց կարևոր է մեղրեցիների համար, սակայն հասկանում ենք նաև, որ նոր ձևավորված կառավարությանը անհրաժեշտ է որոշակի ժամանակ տալ:
Կոչ ենք անում Մեղրի համայնքի ավագանու անդամներին օգտագործել ՏԻՄ օրենքով իրենց տրված լիազորությունները այս հարցի լուծուման համար», - նշված է «Հանք թե՞ կյանք» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Իսկ Մեղրի համայնքի բնակիչների ստորագրահավաքն ընդդեմ Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հանրագրի ներքո շարունակվում է: Հանրագրի տեքստում մեղրեցիները պահանջում են արգելել Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքները, դադարեցնել Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը և վերահսկողություն սահմանել համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ:
Մայիս 17, 2018 at 18:02
