Մարտունու տարածաշրջանի բնակիչները դիմում են Նիկոլ Փաշինյանին` ավազի հանքերի շահագործումը թույլատրելու խնդրանքով

Մարտունու տարածաշրջանի բնակիչները դիմում են Նիկոլ Փաշինյանին` ավազի հանքերի շահագործումը թույլատրելու խնդրանքով

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի համայնքների բնակիչները նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով մինչև լիցենզիաների տրամադրումը որոշ ժամանակահատվածով տալ հնարավորություն-թույլտվություն հանքերը շահագործելու համար: Որոշումը կայացվել է «Մարտունի Ինֆոտանը» օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել  ավազի հանքերը շահագործող ընկերությունները, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը,  Գեղարքունիքի մարզում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչը, հանքերում աշխատող վարորդները և տեղի բնակիչները:

Խնդիրն այն է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կասեցրել է «Շողագա», «Սյուզի-Հրաչյա» և «Քալոյան» ՍՊԸ-ների կողմից ավազի հանքերի շահագործումը, քանի որ լրացել են ընկերություններին տրված թույլտվությունների ժամկետները:

«Հանքերի պարապուրդն առաջացրել է սոցիալական լարվածություն տեղի բնակիչների համար: Հանքերի աշխատանքի դադարեցման պատճառով անգործ են մնացել ավազ տեղափոխող մեքենաների վարորդները, որոնք այլ եկամուտ չունեն իրենց ընտանիքները պահելու համար», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը Անահիտ Գևորգյանը:

«Մենք` «Մարտունի Ինֆոտան»-ը 19/05/2018 թ-ին կայացած Մարտունու տարածաշրջանի ավազահանքերի շահագործման վերաբերյալ քննարկման մասնակիցներս` հաշվի առնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, տարածաշրջանի բնակլիմայական պայմանները և շինարարական աշխատանքների սեզոնայնությունը, ուզում ենք տեղեկացնել, որ տարածաշրջանի ավազահանքերի օրինական շահագործման դադարեցման պատճառով տարածաշրջանում այս ամիսների ընթացքում շինարարական աշխատանքները ևս դադարեցվել են, ուստի, ելնելով ժողովրդի շահերից, դիմում ենք Ձեզ խնդրանքով` որոշ ժամանակահատվածով տալ հնարավորություն-թույլտվություն հանքերը շահագործելու համար` մինչև լիցենզիաների տրամադրումը», - ասված է վարչապետին ուղղված նամակում, որը տարածել է «Մարտունի Ինֆոտուն»-ը:

Նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կփոխանցի «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը:

Լուսանկարը` Մարտունի Ինֆոտանը

Մայիս 23, 2018 at 14:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր