ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան` համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան` համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին տեսաուղերձ է հրապարակել, որում խոսել է Հայաստանի Հանրապետությունում առկա հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներից:

«Առաջիկա օրերին համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված, ՀՀ օրենսդրությանը և բնապահպանական կանոններին համապատասխանության վերաբերյալ, և, իհարկե, մենք այս հարցում լինելու ենք սկզբունքային ևհետևողական, և այդ ստուգումները չափազանց կարևոր եմ համարում: …Եթե հանկարծ կպարզվի, որ որևէ ընկերություն, որևէ հանք շահագործող ի վիճակի չեն, չեն կարողանում իրենց գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրանից կբխեն իրավական համապատասխան հետևանքներ: Եվ ես հույս ունեմ, որ այս գործում մեզ կհաջողվի ներգրավել նաև մամուլին և քաղաքացիական հասարակությանը: Ընդորում, մենք ունենք այսօր որոշում, կառավարությունում խորհրդակցություն ենք արել և որոշում է կայացվել, որ մենք պետք է հրավիրենք բնապահպանական կազմակերպություններին և բնապահպանական թեմայով գրող լրագրողներին և լրատվամիջոցներին` դառնալ այդ ստուգումների լիարժեք մասնակից, որպեսզի ստուգումների արդյունքները և եզրակացությունները լինեն բացարձակապես վստահելի, որպեսզի մենք բացառենք որևէ կոռուպցիոն ներգործության հնարավորությունը»,- իր խոսքում մասնավորապես ասել է ՀՀ վարչապետը:

Նա նաև անդրադարձել է հանքարդյունաբերողների կողմից պարտավորությունների չկատարման խնդրին` ասելով. «Մենք տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ, և բազմաթիվ վճարներ կան ռեկուլտիվացիայի հետ կապված, բազմաթիվ այլ օրենսդրական նրբությունների հետ կապված, և այդ չվճարումները, ըստ որոշ տեղեկությունների, հասնում են մի քանի հարյուր միլիոնդրամի: Առաջիկայում մենք պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձևով իրականացվեն: Մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտը փակելու ենք, բայց մյուս կողմից մենք չենք կարող թույլ տալ, որ հանքարդյունաբերության ոլորտում շահագործումը տեղի ունենա այն պայմաններում, ինչ պայմաններում այսօր է տեղի ունենում: Բնապահպանական կանոնները, որոնք կարևոր են ՀՀ-ի քաղաքացիների, ժողովրդի առողջության և շրջակա միջավայրի պահպանման համար, մեր տեղեկություններով պատշաճ ձևով և պատշաճ մակարդակով չեն պահպանվում, և մենք պետք է օգտագործենք բոլոր լծակները բոլոր շահագործվող հանքերի գործունեությունը համապատասխանեցնել խստիվ բոլոր բնապահպանական կանոններին և ՀՀ-ի օրենսդրության պահանջներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոր հանքավայրերի ուսումնասիրությանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս ուսումնասիրում են օրենսդրական հնարավորությունը, որպեսզի նոր հանքավայրերի հետախուզման և շահագործման համար թույլտվություններ չտրվենմինչև որոշակի երաշխիքներ չլինեն, որ կարողանալու են երաշխավորել այդ պրոցեսների կազմակերպումը բացառապես ՀՀօրենսդրության պահանջներին և միջազգային կանոններին համապատասխան:
«Ընդհանուր առմամբ մենք չափազանց կարևոր ենք համարում, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում պահանջները և պրակտիկան բարձրացվի և համապատասխանեցվի միջազգային լավագույն չափանիշներին, և սա համարում ենք ազգային անվտանգության խնդիր, և համարում ենք շրջակա միջավայրի և ընդերքի խելամիտ օգտագործման խնդիր», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` տեսաուղերձում:

Մայիս 23, 2018 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր