

ԷկոԼուր
Կապանի «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման եւ Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն շարունակում է մոնիտորինգի ենթարկել «Deno Gold Mining» ՓԲԸ-ի գործունեությունը:
Նշենք, որ բնապահպանության նախարարությունը «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման եւ Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ին ուղղված 2010թ. մայիսի 27-ի թիվ 5/23/50976-10 գրությամբ տեղեկացրել էր, որ «Deno Gold Mining» ՓԲԸ-ն Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման ծրագրի նախագծային փաստաթղթերը ՀՀ բնապահպանության նախարարություն դեռևս չի ներկայացրել: Ներկայացնելուց հետո ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով իրականացվող հասարակական լսումների ժամանակ ՀԿ-ն կարող է ներկայացնել իր առաջարկներն ու նկատառումները: Ի պատասխան ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը բնապահպանության նախարարին ուղղված իր 2010թ. հունիսի 15-ի նամակում գրել է. «Մեր կազմակերպությունը կանի ամեն ինչ՝ կանխելու բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, իսկ ինչ վերաբերվում է հասարակական լսումներին, ասեմ, որ ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով իրականացվող հասարակական լսումները պատշաճ չեն իրականացվում: Խոսքը վերջին հասարակական լսումների մասին է՝ կապված ուրանային ծրագրի հետ, որտեղ արձանագրությունը կեղծվել էր եւ չէր համապատասխանում իրականությանը: Դրա համար էլ մեր կազմակերպությունը սկսել է Կապանի հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու եւ իրավագիտակցությունը բարցրացնելու ծրագրերը, նախքան «Deno Gold Mining» ՓԲԸ-ի կողմից բաց հանքի նախագիծը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները փորձաքննության, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի եւ եւս մեկ անգամ չխաբվի»:
ՀԿ-ն բնապահպանության նախարարին նաեւ տեղեկացրել է, որ նախարարությունից «Deno Gold Mining» ՓԲԸ-ում 2007-2008թթ. ստուգումների արդյունքների վերաբերյալ պատասխան չստանալու պատճառով դիմել է դատական ատյաններին՝ տեղեկատվություն ստանալու պահանջով:
Հունիս 18, 2010
