

Գայանե Առուստամյան, Հրապարակ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում բարձր լարման հոսանքալարի վնասման հետեւանքով էլեկտրահարվել է 30-ամյա Ղազար Առաքելյանը: Հարազատները հավաստիացնում են, որ տղան, որը կոմբինատում աշխատել է որպես գծային էլեկտրիկ, զոհ է գնացել կոմբինատում բացակայող տեխնիկական անվտանգության պայմաններին: Հունիսի 28-ին Ղազար Առաքելյանը հանքի պետի վարորդի միջոցով հրահանգ է ստացել ստուգել դեպի հորատիչներից մեկը տանող բարձր լարման հոսանքագիծը, որը կտրվել ու ընկել է գետնին:
Տեղեկացնենք, որ այդ լարերով անցնում է 6000 վոլտ բարձր լարման էլեկտրականություն, եւ կտրվելու դեպքում հոսանքը պետք է ավտոմատ անջատվի: Մահացածի հարազատները հավաստիացնում են, որ կոմբինատում հոսանքալարերի անվտանգությունը պատշաճ կարգով չի պահպանվել, եւ այդ պատճառով էլ էլեկտրական հոսանքը չի անջատվել, ինչն էլ հանգեցրել է Ղազար Առաքելյանի մահվանը: Ագարակի պղնձամոլիբդենային հանքի պետ Ասատուր Հակոբյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Ղազար Առաքելյանն ամենայն հավանականությամբ չի էլեկտրահարվել, քանի որ նրա հետ եղած մարդիկ ողջ են մնացել: Կոմբինատի ղեկավարությունը շրջանառության մեջ է դրել սրտամկանի կաթվածի մասին լուրը:
Մահացածի հարազատները հավաստիացնում են, որ դա արվում է պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, որը քննում է Մեղրիի ոստիկանության քննիչ Արմեն Սիմոնյանը: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին եւ հետեւողականորեն անջատում է հեռախոսը: Կոմբինատի լրատվական ծառայության պետ Ռուզան Գրիգորյանը նույնպես փախած է: Ավելի ճիշտ՝ անհասանելի է: Վկաները նույնպես խուսափում են մանրամասնել իրողությունը: Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որն ի դեպ՝ պատկանում է ռուսներին ու քողարկվում GeoProMining company ընդհանուր ձեւակերպմամբ, Ղազար Առաքելյանի մահվան դեպքն առաջինը չէ: Մի քանի տարի առաջ, նույն կերպ՝ բարձր լարման հոսանքագծի վնասման հետեւանքով, էլեկտրահարվել է մեկ այլ գծային էլեկտրիկ՝ Ստյոպա Մկրտչյանը: Նրա մահը նույնպես գնահատել են որպես սրտամկանի ինֆարկտ:
ԵՎՍ ՄԵԿ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ
Կարինե Սիմոնյան, «Ազատություն» ռադիոկայան
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքավայրում հունիսի 28-ի առավոտյան, աշխատանքի պահին, մահացել է կոմբինատի գծային էլեկտրիկ, Մեղրիի 31-ամյա բնակիչ Ղազար Առաքելյանը:
Էլեկտրիկները հրահանգ են ստացել, որ բարձրավոլտ հոսանքալարը վթարվել է ու միջամտություն է հարկավոր: Ղազար Առաքելյանը գործընկերոջ` Գեւորգ Մկրտչյանի հետ մոտեցել է վթարի վայրին, առաջինը իջել ավտոմեքենայից, ու, ինչպես գործընկերն է պատմում, փայտացել տեղում:
Հանքավայրի պետը` Ասատուր Հակոբյանը, ում հրահանգով էլեկտրիկները գնացել էին վթարի վայր, վստահեցնում է, թե աշխատողների անվտանգության բոլոր կանոնները հանքավայրում պահպանված են:
Մինչդեռ հանքավայրի ավագ էներգետիկ Կարեն Խալաթյանի վկայությամբ` բարձրավոլտ հոսանքալարերի անվտանգության համակարգի համար նախատեսված ապահովիչ-ցուցիչը դեպքի պահին չի աշխատել. այն հոսանքալարի կտրվելու դեպքում պետք է զգուշացներ, ու հոսանքը ավտոմատ կերպով պետք է անջատվեր:
Խալաթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեպքից հետո էլ փորձարկումներ են արել.- «Դարձյալ ցույց չտվեցին, ապահովիչներն չանջատվեցին, որ պետք է անջատվեին մարդկանց կյանքի ապահովության համար։ Չաշխատեցին»։
Նա նշեց, որ նախկինում ապահովիչը երբեք չեն փորձարկել։ «Ես փորձարկող չեմ, ես շահագործող եմ», - ասաց Խալաթյանը:
Կոմբինատում շրջանառվում է Ղազար Առաքելյանի մահվան պատճառի երկու վարկած` հոսանքահարում եւ սրտի կաթված: Դատաբժշկական փորձաքննությունը վերջնական եզրակացություն դեռ չի տվել:
«Ղազարն առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել, եւ դատաբժշկի ու հերձողի առաջին եւ միակ տպավորությունը` հոսանքահարումն է», - ասում է Ղազարի եղբայրը` Հայկ Առաքելյանը: - «Կոշիկի եւ ոտքի վրա այրվածքի հետքերը ցույց են տալիս, որ Ղազարը հոսանքահարվել է։ Ես դա իմ աչքով տեսել եմ»։
Դեպքի գլխավոր իրեղեն ապացույցը` Ղազար Առաքելյանի կոշիկը, գտնվում է Մեղրիի ոստիկանության քննիչ Արմեն Սիմոնյանի մոտ, ով ուսումնասիրում է գործը: Քրեական գործ դեռ չի հարուցվել, բայց քննիչը նախնական մեկ վարկած ունի` հոսանքահարում:
Ղազար Առաքելյանի մայրը՝ Լիդա Առաքելյանը հիշում է, որ սա կոմբինատում տեղի ունեցած առաջին դեպքը չէ։
«Ես 30 տարեկան նշանված տղա եմ կորցրել ու, այո՛, պետք է պատասխանատվություն կրեն ղեկավարները` ներքեւից մինչեւ վերեւ։ Իսկ եթե փորձեն իրենք այսպես մեղմորեն հարթեն-գնան, մենք չենք լռի։ Մենք պետք է դատի տանք, մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լիդա Առաքելյանը։
Հուլիս 03, 2010
