Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից դատական հայցեր ներկայացնելը խնդիրները բարձրաձայնողներին ճնշելու ստանդարտ վարքագիծ է. Արթուր Գրիգորյան

Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից դատական հայցեր ներկայացնելը խնդիրները բարձրաձայնողներին ճնշելու ստանդարտ վարքագիծ է. Արթուր Գրիգորյան

ԷկոԼուր

Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնող անձանց/քաղաքացիների դեմ դատական հայցեր ներկայացնելը օրինաչափ վարքագիծ է: Այս մասին նշել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում՝ Գոհար Հայրապետյանի հետ հարցազրույցի ժամանակ: «Բազմաթիվ են այդպիսի հայցերը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն է հայտնի այդպիսի դատական գործերով: Հիմա էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է սկսել: Պարալիզացնելու, ճնշելու ստանդարտ վարքագիծ է: Քանի որ իրենք չունեն ժամանակի և ֆինանսական խնդիրներ՝ կարող են վարձել փաստաբանական գրասենյակներ և հարձակվել մեզ վրա»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Ըստ հաղորդավար Գոհար Հայրապետյանի՝ այդ կերպ պատերազմ է հայտարարված լրատվամիջոցներին և կոնկրետ այն մարդկանց , ովքեր բարձրաձայնում են այդ խնդիրները:

«Այն, ինչ Դուք ասել եք, սխալ բան չեք ասել, պարզապես այստեղ խնդիր կա ապացուցելու: Իսկ ապացուցելու համար անհրաժեշտ է ինֆորմացիա, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ինֆորմացիան ամբողջությամբ գաղտնի է՝ առևտրային գաղտնիք, իրական սեփականատերերի գաղտնիություն և այլն: Եվ նրանք օգտվում են օրենքի տված առավելություններից և այս հարցում կառավարության ու խորհրդարանի անգործությունից, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների դիրքերից հանդես գալու տեսանկյունից», -ասաց Արթուր Գրիգորյանը: Ի լրումն սրա, Գրիգորյանը նշեց, որ «Ողջի, Փխրուտ, Արծվանիկի պոչամբարների վերամշակման մասին» 2015 թ. ընդունված օրենքում ֆիքսված է, որ Արծվանիկի պոչամբարը ենթակա է կոնսերվացման: «Եթե անգամ ընկերությունը ռեկուլտիվացնի պոչամբարը, միևնույն է՝ այդ թափոնը տրվում է պետությանը: Ինչ է սա՝ եթե ոչ թափոնները մեզ նվիրել: Կոնսերվացիան թղթաբանություն է. հանձնում են պետությանը, պետության հաշվեկշռում է գտնվում, դրանից հետո պետությունն է պատասխանատու ցանկացած վթարի, արտահոսքի համար: Ընկերությունն այլևս ո՛չ ֆինանական, ո՛չ տեխնիկական
պատասխանատվություն չի կրում: Ի՞նչ է դա. ընդերքի թալան և կեղտերի նվիրում մեզ»,-ասաց նա:
Ըստ Գրիգորյանի, ԶՊՄԿ-ի վերաբերյալ տեսչական ակտի համաձայն՝ ընկերությունը 2017 թ. ուներ 22 միլիոն տոննա արդյունահանելու թույլտվություն, մինչդեռ արդյունահանել է 27,2 միլիոն տոննա: «2015-2016 թթ. ուներ 12,5 արդյունահանելու թույլտվություն: Մի տարի արդյունահնել է 17, մյուսում՝ 19,5 միլիոն տոննա: Այս պահի դրությամբ ընկերությունը 3 տարվա կտրվածքով 18 միլիոն տոննա ավել է արդյունահանել, քան ուներ թույլտվություն: Հիմա այդ 18 միլիոն տոննան ո՞ւր է: Հանքախորշո՞ւմ է, թե՞ միգուցե անցել է մաքսային սահմանով»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանի համաձայն՝ դատական գործընթացների առկայությունը կարևոր է այնքանով, որ դատարանում պետք է քննարկվեն հարցերը. «Այո՛, պետք է վարձել լավ փաստաբաններ, ֆինանսավորման համար միգուցե միջազգային կառույցների պետք է դիմել և ջարդել դրանց գաղտնիության հետ կապված բոլոր հարցերը»:

Գրիգորյանի ներկայացմամբ՝ 2018 թ.՝ նոր կառավարության օրոք, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է մի համակենտրոնացում, որով թույլ է տվել, որ կիպրական ընկերությունը ձեռք բերի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնաբաժին ունեցող «Moon Investments» ընկերության ակտիվները: «Հետո պարզվում է, որ այդ կիպրական ընկերությունը փոխկապակցված է Արթուր Վանեցյանի հորեղբոր տղաների հետ: Հիմա այս ամբողջ շղթան բացահայտելու համար մենք պե՞տք է ունենանք բավարար չափով ինֆորմացիա, թե՞ ոչ: Ինֆորմացիան մարսելու համար պե՞տք է ունենանք լուսաբանող լրատվամիջոց, թե՞ ոչ. հիմա այդ լրատվամիջոցն ինչպե՞ս լուսաբանի, որ մեկ բառ ավելի չխոսի»,- նշեց նա:

Հարցազրույցի ընթացքում Գրիգորյանն անդրադարձավ նաև Ամուլսարի մասին միջազգային «Բի-Բի-Սի» լրատվամիջոցում հրապարակված հոդվածին: Մասնավորապես, հոդվածում նշված է, որ «Լիդիան» ընկերությունը պատրաստվում է դատական գործընթացների մեջ մտնել Հայաստանի հետ: Ըստ Գրիգորյանի, այդ ամենը նորություն չէ. «Բի-Բի-Սի»-ի լրագրողը պարզապես ամփոփել է այդ ամենը և տվել որոշակի գնահատականներ: Որքանո՞վ է հնարավոր, որ «Լիդիան»-ի դուստր երկու ընկերությունները իրավունք ունենան արբիտրաժում վիճարկել այս գործը: Մայր ընկերությունը գրանցված է օֆշորում, իսկ խնդիրները մայր ընկերության հետ են: Օֆշորում գրանցված ընկերությունը պաշտպանված չէ բրիտանական արբիտրաժի կողմից: Այդ հարցերը նաև մեր իրավաբաններն են բարձրացրել»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի՝ հոդվածում հետաքրքիր մի դրվագն էլ այն է, որ փաստերով ներկայացված է, թե քանի տոկոս բաժնեմաս որ ներդրումային ֆոնդի ձեռքին է: «Բայց իրական սեփականտերերի բացահայտման կոնտեքստում անհասկանալի է, թե այդ բաժնեմասերը ձեռք բերած ֆոնդերի հետևում ինչ ֆիզիկական անձինք են կանգնած: Այստեղ մի կարևոր խնդիր կա: Օրենսդրական փոփոխություններ են կատարվում, և իրական սեփականտերերի հետ կապված հարցերը դրված են օրակարգում: Ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Բայց կա մի բացառություն. այն ընկերությունները, որոնք ցուցակված են ֆոնդային բորսաներում, նրանք չեն մտնում սրա տակ»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե չկան իրավական հիմքեր, որպեսզի պետությունը դադարեցնի Ամուլսարի հանքավայրի շահագործումը, Գրիգորյանը նշեց, թե դրանք կան և այդպիսի հիմքեր պետությանը տրամադրել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Խոսելով վերջերս Ջերմուկում Ամուլսարի խնդրի վերաբերյալ տեղի ունեցած փակ հանդիպման մասին, նա նշեց. «Պատգամավորները, ովքեր կարծես իրենց ձեռքն են վերցրել գործընթացը, ինձ համար առնվազն վստահելի և քաղաքական մտածելակերպ ունեցող մարդիկ են: Այդպիսի պատգամավորը երբեք իրեն թույլ չի տա ասել, թե թթվային դրենաժը ջրահեռացման համակարգ է...Խնդիրն այն է, որ այս մարդիկ երբեք չեն զբաղվել այս հարցերով: Իրենք պետք է ոչ թե հիմնվեն արդեն այս գործող իշխանության ստեղծած փաստարկման բազայի վրա, այլ պետք է ավելի լայն հարցին նայեն: Այդ փաստարկման բազան ստեղծված է փակուղի տանելու համար: Ստեղծված է նրա համար, որ վաղը վարչապետը հայտարարի, թե չկան իրավական հիմքեր հանքավայրի շահագործումը դադարեցնելու համար: Ես կցանկանայի, որ այդ մարդիկ անպայման ուսումնասիրեն նաև տեսչական մարմնի ընդունած ակտը և դրանից հետո ընթացած գործունեությունը: Ես կցանականյի, որ այդ պատգամավորները ԱԺ-ում ստեղծեին ժամանակավոր հանձնաժողով, և ներգրավեին այն բոլոր մարդկանց, ովքեր առնչություն են ունեցել այս հարցին՝ ինձնից, տեսչությունից սկսած, վերջացրած Տիգրան Ավինյանի և նրա գրասենյակի անդամներով, Բնապահպանության նախարարով և քննչական կոմիտեով»,- նշեց նա:

Ըստ Գրիգորյանի, ԱԺ-ում Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով ունենալու դեպքում, շատ ուրիշ իրավիճակ կստեղծվի. «Ժամանակն է, որ արդյունքները դրվեն սեղանին: Ես իմ արդյունքը դրել եմ սեղանին, մյուսները թող հերթով դնեն սեղանին: Հասկանանք, թե ով է այստեղ ում խաբում: Մեզ պակասում է համակարգված տեղեկատվության հոսքը, տրամաբանական, մասնագիտական, որակյալ տեղեկատվության առկայությունը: Ստվերային խաղացողները մաքսիմալ խճողում են իրավիճակը, որպեսզի պարզունակ, մասնագիտական-իրավաբանական հարցից խնդիրը վերածվի քաղաքական հարցի:…
Վերցրեք «ELARD» ընկերության ընտրության, տեխնիկական առաջադրանքի մշակման, դրա համար ֆինանսական գնագոյացման ամոբղջ սխեման և փորձեք հասկանալ՝ այստեղ կա՞ կառուպցիայի դրսևորում, թե՝ ոչ: Գնագոյացումն ինչպե՞ս է եղել, ինչպե՞ս է 400 հազար դոլար տրվել փաստաթղթային ուսումնասիրություն կատարելու համար: Արդյո՞ք նպատակը փաստաթղթային ուսումնասիրությունն էր և այսպիսի խճողված մակարդակում թողնելը: Թե՞ խնդիրն էր դաշտային ռեալ ուսումնասիրությունը, ինչը պետք է արվեր պրոֆեսիոնալ մարդկանց կողմից, ովքեր կտային հեղինակավոր եզրակացություններ, ինչերն էլ կլինեին պողպատյա ապացույցները: Եթե չկան այդ ապացույցները, ապա ձախողվել է այդ գործընթացը», -ասաց Գրիգորյանը:

Խոսելով վարչապետի հանձանարարականով 2018 թ. ստեղծված աշխատանքային խմբի մասին, որը պետք է ուսումնասիրեր բոլոր հանքավայրերում ստեղծված իրավիճակը, Գրիգորյանը նշեց, որ խումբն աշխատեց, և խմբում ներգրավված ջերմուկցիները, տարբեր մարդիկ տվել էին եզրակացություններ: «Ես դրանք ուղարկել էի Կառավարություն: Դրանք շատ ուժեղ արգումենտներ էին: Պատգամավորական ենթադրյալ այդ հանձնաժողովում ես կցանկանայի որ այս հարցը ևս քննարկվեր: Մենք Քաջարան էլ գնացինք, այնտեղ էլ բավական լուրջ ուսումնասիորւթյուններ կատարեցինք և լրջագույն խախտումների մասին ունեինք առնվազն արձանագրված տվյալներ, տեղացիների վկայություններ: Բայց չհասցրեցի, որովհետև աշխատանքից հանեցին»,- նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:



Նոյեմբեր 26, 2019 at 12:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր