

ԷկոԼուր
«Կան հանքավայրեր, որոնք ստացել են շահագործման թույլտվություն, սակայն գործունեություն չեն ծավալել այն դեպքում, երբ օրենքով պետք է ուժը կորցրած ճանաչվեն, եթե մեկ տարվա ընթացքում չի իրականացվում գործունեություն: Ինչո՞ւ օրենքը չի կիրառվում», - ՀՀ Ազգային ժողովում ս.թ. դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Այո, կան նմանատիպ ընկերություններ: Այդ ոլորտի օրենսդրությունը շատ թերություններ և հակասութուններ ունի, 28 ընկեություն կանգնած է այդ ռիսկի տակ, որովհետև չեն շահագործել: Կամ պետք է չեղարկվի, կամ պետք է օրենսդրական լուծումների գնալ»:
«Սխալվում եք, 28-ը չեն, 21-ն են: Ինչո՞ւ օրենքը չի կիրառվում, երբ օրենքը հստակ ասում է... դուք կարող էիք օրենքը փոխել, բայց օրենքը չկիրառելը կառավարության անդամից իմ ականջին ուղղակի չի լսվում», - արձագանքեց Մանե Թանդիլյանը:
Տիգրան Ավինյանը հակիրճ պատասխանեց. «Այդ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են»:
Նշենք, որ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ տեղեկանալու, թե ինչու ուժը կորցրած չեն ճանաչվել հանքարդյունաբերության ոլորտի ժամկետնանց փորձաքննական եզրակացությունները: Ի պատասխան նախարարությունից հայտնել էին, որ. «Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկման իրավասություն, ուստի փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո»:
Դեկտեմբեր 05, 2019 at 14:41
