

էկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում (ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) տեղի կունենա «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» խորագրով համաժողովը: Չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը և ՀՀ Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն կներկայացնեն Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում քիմիական աղտոտվածության վերաբերյալ 2019թ-ին իրականացրած նոր հետազոտության արդյունքները:
Արդյունքները կներկայացնեն «Արնիկա» կազմակերպության գործադիր տնօրեն Ինդրիխ Պետրլիկը, շրջակա միջավայրի և առողջության ռիսկերի գնահատման փորձագետ Միրոսլավ Շուտան և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Միջոցառումը կազմակերպվում է «Ալավերդիում և Ախթալայում արտադրական աղտոտումների խնդիրների լուծման որոշումների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են «Արնիկա» չեխական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Դեկտեմբեր 05, 2019 at 16:55
