

էկոԼուր
Դեկտեմբերի 10-ին Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ալավերդիում՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձերը:
«Վալլեքս» խմբի «Էյ Սի Փի» ընկերության կողմից շահագործված Ալավերդու պղնձաձուլարանը, որը մեկ տարուց ավելի է՝ չի աշխատում, գրավի դիմաց անցել է ՎՏԲ բանկին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ բանկն այն նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային:
Արդեն երեք ամիս է՝ գործարանի թվով 165 աշխատակից չի ստացել սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների աշխատավարձերը: Ընկերության կողմից առաջարկ է եղել հանդիպել բողոքի ակցիա իրականացնող խմբից ընտրված հինգ աշխատակցի հետ, սակայն առաջարկը մերժվել է: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Ալավերդիի ավագանու անդամ, գործարանի աշխատակից Արտուշ Աբելյանը:
«Ոչ ոք չի ուզում գնալ: Ասում են՝ թող իրենք գան, եթե ասելու բան ունեն, ընդհանուրի մեջ ասեն, բոլորս էլ իմանանք»,- ասաց Արտուշ Աբելյանը:
Արտուշ Աբելյանի խոսքով, ընկերությունից խոստացել են մինչև տարեվերջ վճարել աշխատավարձը: «Հնարավոր է աշխատավարձ ստանանք: էլի են եղել խոստումներ: Ասում են, որ մինչև դեկտեմբերի ավարտ կտան: Չգիտենք՝ երեք ամսվա մասին է խոսքը, թե՝ մեկ: Ընկերության հետ աշխատակիցների պայմանագրերը երկարաձգվել են մինչև հունվարի 10-ը: Հունվարի 10-ից հետո անհայտ է՝ էլի կերկարաձգվի, թե՝ կլուծարվի: Պարզ չի ոչինչ»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում չինական «CITIC Construction» ընկերության հետ Ալավերդիում բնապահպանական բարձր չափանիշներով նոր պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ։
Լուսանկարը՝ Արտուշ Աբելյանի ֆեյսբուքյան էջից
Դեկտեմբեր 12, 2019 at 11:09
