Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 4՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 4՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հայտարարագրին: 

Բացահայտված և չբացահայտված սեփականատերեր՝ անհայտ բաժնեմասերով

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թ-ի հուլիսի 16-ին: Ընկերությունում 100% մասնակցություն ունի «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը:

Հայտարարագրում ընկերությունը բացահայտել է չորս իրական սեփականատիրոջ՝ միայն մեկի դեպքում նշելով մասնակցության չափը:

Առաջին իրական սեփականատերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է՝ 35.15% բաժնեմասով, որոնք նա ձեռք է բերել 2019 թ-ի հունվարի 30-ին:

Երկրորդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն է, ում բաժնեմասի վերաբերյալ տվյալներ չկան: Նա նաև ընկերության խորհրդի անդամ է:

Երրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի Սերգեյ Ժուկովն է: Նրա բաժնեմասի վերաբերյալ տվյալները հայտարարագրում ևս բացակայում են: Նա նույնպես ընկերության խորհրդի անդամ է:

Որպես չորրորդ իրական սեփականատեր բացահայտված է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դարին Քուփերը՝ կրկին անհայտ բաժնեմասով: Քուփերը ևս ընկերության խորհրդի անդամ է:

Այսպիսով, ընկերության մնացած 64.85% բաժնեմասի վերաբերյալ տվյալները շարունակում են մնալ անհայտ:

Իրական սեփականատերերի հայտնի և անհայտ միջանկյալ ընկերությունները

Ընկերությունում ցուցակված բաժնետոմսերով առաջին միջանկյալ իրավաբանական անձ է հանդիսանում բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ՍՊԸ-ն: Ընկերությունը ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:

Առաջին իրական սեփականատեր Մարտին Անդերսոնի դեպքում որպես միջանկյալ ընկերություններ գործում են Կիպրոսում գտնվող «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը և Բերմունդյան կղզիներում գտնվող «Լաբրո Ինվեսթմենթս Լիմիթիդ»-ը: Մնացած երեք բացահայտված, սակայն անհայտ բաժնեմասերով իրական սեփականատերերի միջանկյալ ընկերությունների մասին տվյալներ հայտարարագրում չկան:

Նշենք, որ «Չաարատ»-ը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի չորրորդ շահագործողն է: Մինչ այս ընկերությունը հանքավայրը շահագործել է շվեյցարական «Դենո» ընկերությունը, այնուհետև կանադական «Դանդի Փրիշս Մեթալս»-ը, որից հետո ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ»-ը:

Ռուսական ընկերությունը ձեռք էր բերել հանքավայրը 25 միլիոն ԱՄՆ դոլարով և վաճառել «Չաարատ»-ին 55 միլիոն ԱՄՆ դոլարով:

 

Մայիս 18, 2020 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր