Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 8՝ «Թաթսթոուն» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս  8՝ «Թաթսթոուն» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում Լիճքի պղնձի հանքավայրը շահագործող (ներկայում շահագործումը դադարեցված է) «Թաթսթոուն» ՍՊԸ-ի հայտարարագրին: 

Հանքավայրի շահագործման դադարից հետո հայտնված նոր սեփականատերերը

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն գրանցվել է 2003 թ-ի հուլիսի 1-ին: Հայտարարագրում ընկերությունը բացահայտել է երեք իրական սեփականատերերի, որոնցից երկուսը միասին տնօրինում են ընկերության բաժնեմասի 98%-ը:

Առաջին իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Արամ Սաֆարյանն է՝ 50% բաժնեմասով, որը նա ձեռք է բերել 2018 թ-ի հուլիսի 26-ին: Ընկեությունում նա ունի ուղղակի մասնակցություն, նաև բաժնետերերի ընդհանուր ժողովի անդամ է:

Երկրորդ իրական սեփականատերն Ավստրիայի քաղաքացի Միխայիլ Մոգիլեվսկին է՝ 48% բաժնեմասով, որը նա նույնպես ձեռք է բերել 2018 թ-ին՝ Սաֆարյանից 5 ամիս անց՝ դեկտեմբերի 28-ին:

Երրորդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Լևոն Պողոսյանն է, ընկերության գործադիր մարմնի ղեկավարը: Պողոսյանի բաժնեմասի վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան:

Թե ում է պատկանում ընկերության մնացած 2% բաժնեմասը, հայտնի չէ:

Նշենք, որ ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերությունը չունի պարտավորություն բացահայտելու 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատիրոջը:

Նաև շեշտենք, որ բացահայտված բաժնեմասերով իրական սեփականատերերը ընկերությունում հայտնվել են հանքավայրի շահագործումի դադարից հետո: Դա Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո էր՝ 2018 թ-ի մայիսին:

Հայաստանյան և կիպրոսյան ընկերությունների շղթան

Հայտարարագրում միջանկյալ ընկերությունների շղթան պտտվում է միայն երկրորդ իրական սեփականատեր՝ Միխայիլ Մոգիլեվսկինի շուրջ:

Մոգիլեվսկինի համար որպես միջանկյալ ընկերություններ գործում են երկու հայաստանյան և երկու կիպրոսյան ընկերություններ՝ Հայաստանում գտնվող «Ռեդ Մեթալ» ՓԲԸ-ն և «Լիննե Մայնինգ» ՍՊԸ-ն, Կիպրոսում գտնվող «ՍԻ. ԱՅ. ԱՅ. ՔԼԵՅ ԻՆԴԱՍԹՐԻԶ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ն և «ԱՎԱՆԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ն: Կիպրոսյան ընկերություններում Մոգիլեվսկին գործադիր մարմնի ղեկավար է:

 

Մայիս 26, 2020 at 12:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր