Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 17՝ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 17՝ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Կոտայքի մարզում գտնվող Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասը շահագործող «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի հայտարարագրին: 

Ռուս ու հայ գործարարները, նախկին պատգամավորն ու չբացահայտված սեփականատերը

«Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն գրանցվել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին: Հայտարարագրում բացահայտված է հինգ իրական սեփականատեր:

Առաջին իրական սեփականատերը ռուս գործարար Սիման Պովարենկինն է, ով նաև Հայաստանի ամենամեծ՝ Սոտքի ոսկու հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ամենամեծ բաժնետերն է: 

Նա տիրապետում է ընկերության բաժնեմասի 25.7%-ին, որը ձեռք է բերել 2014 թ. նոյեմբերի 18-ին: Պովարենկինը ընկերությունում ունի անուղղակի մասնակցություն՝ փոխկապակցված իրավաբանական անձի/անձանց հետ համատեղ:

Ուշագրավ է, որ հայտարարագրում երկրորդ իրական սեփականատիրոջ բաժնում բացակայում է անուն-ազգանունը: Հայտարարագրի այդ հատվածում սպիտակ էջ է՝ չլրացված: Իսկ արդեն հաջորդ էջում նշված է, որ անհայտ մնացած սեփականատերը տիրապետում է ընկերության 24.6% բաժնեմասին, որը ձեռք է բերել 2019 թ. մարտի 27-ին: Ընկերությունում այս սեփականատերն ունի անուղղակի մասնակցություն՝ փոխկապակցված իրավաբանական անձի/անձանց հետ համատեղ:

Երրորդ իրական սեփականատերը Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է՝ 29% բաժնեմասով: Իսկ թե երբ է նա ձեռք բերել բաժնեմասը, հայտարարագրում բացահայտված չէ: Ընկերությունում նա ևս ունի անուղղակի մասնակցություն:

Չորրորդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Սմբատ Նասիբյանն է` 20% բաժնեմասով, որոնց ձեռք բերման օրը կրկին նշված չէ:

Հինգերորդ իրական սեփականատերը «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանն է: Նրա մասնակցության վերաբերյալ տվյալներ չկան: Նա նաև ընկերության խորհրդի անդամ է:

Այսպես, հայտարարագրում առկա են տվյալներ ընկերության 99.3% բաժնեմասի սեփականատերերի վերաբերյալ՝ չնշելով երկրորդ սեփականատիրոջ անունը, իսկ մնացած  0.7% բաժնեմասի սեփականատերը մնում է անհայտ:

Նշենք, որ ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերությունը չունի պարտավորություն բացահայտելու 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատիրոջը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թ. փետրվարի 5-ի N 36 հրամանի՝ իրական սեփականատեր է համարվում այն անձը, ով առանձին կամ փոխկապակցված անձի հետ վերահսկում կամ տիրապետում է ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից):

Իրական սեփականատերերի միջանկյալ ընկերությունները

Առաջին իրական սեփականատիրոջ՝ Սիման Պովարենկինի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող «Ջեիզեր Ասսեթ Հոլդինգս ԼԹԴ (Բի Վի Այ)»-ը՝ կիպրոսյան «Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ի միջոցով: Իսկ «Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ի մասնակցությունն ընկերության կանոնադրական կապիտալում ապոհովում է Նիդեռլանդներում գտնվող «Կառլոու Բ.Վ»-ն: Վերջինիս մասնակցությունն էլ ապահովվում է կրկին Նիդեռլանդներում գտնվող ­­«Ջի Փի Էմ Արմենիա Բի. Վի.»-ի միջոցով: Այս ընկերությունն էլ իր հերթին՝ Լյուքսեմբուրգում գտնվող «Էյ Էմ Ջի Էմ Ս.ա.ր.լ»-ի միջոցով:

«Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ի գործադիր մարմնի ղեկավարը ՌԴ քաղաքացի, «ԳեոՊրոՄայնինգ» խմբի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն է: Իսկ «Կառլոու Բ.Վ»-ի, ­­«Ջի Փի Էմ Արմենիա Բի. Վի.»-ի և «Էյ Էմ Ջի Էմ Ս.ա.ր.լ»-ի գործադիր մարմնի ղեկավարը ՌԴ քաղաքացի, «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ֆինանսական գծով տնօրեն Օլեգ Բելյաևն է:

Չբացահայտված երկրորդ իրական սեփականատիրոջ համար որպես միջանկյալ ընկերություն գործում է կիպրոսյան «Նակիլեպ Օվերսիզ Լիմիթեդ (Կիպրոս)»-ը՝ կրկին «Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ի և նրա հետ փոխկապակցված «Կառլոու Բ.Վ»-ի, ­­«Ջի Փի Էմ Արմենիա Բի. Վի.»-ի և «Էյ Էմ Ջի Էմ Ս.ա.ր.լ»-ի միջոցով:

Չորրորդ իրական սեփականատեր Սմբատ Նասիբյանի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է «Էյ Էմ Ջի Էմ Ս.ա.ր.լ»-ը:

Հուլիս 27, 2020 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր