«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման խնդիրներից մեկը հող գտնելն է

«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման խնդիրներից մեկը հող գտնելն է

Հուլիսի 28-ին Ախթալայում տեղի ունեցան «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ 1-ին փուլի հանրային բաց լսումները:

«Մենք պետք է փուլային ռեկուլտիվացիա անենք, սկսենք պոչերի չորացումից։ Երկու տարբերակ կա, կամ մենք ջուրը պետք է արտանետենք գետ, կամ սպասենք՝ գոլորշիանա, որպեսզի ազդեցություն չլինի ջրային ավազանի վրա։ Ըստ մեր հաշվարկների՝ գոլորշիացումը կտևի մոտ 7 ամիս»,- հանրային լսման ժամանակ ասաց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանը։

«Հանքը կաշխատի, թե չի աշխատի, մենք փեշերը սկսելու ենք ռեկուլտիվացիա անել, մենք պետք է հող գտնենք, ճանապարհաշինարարության ընթացքում գրունտ են հանում, այդ հողից կօգվենք… 50 սմ-անոց հողը որ դնում ենք, դա բավարար է, քանի որ մեր մտահոգությունը անձրևներն են»,- ասաց Սամվել Խաչատրանը։ Նա նշեց, որ բուսաբանների հետ պիտի խոսեն, հասկանալու, թե ինչ բուսատեսակներ կարելի է տնկել:

Քննարկման ժամանակ նշվեց պոչամբարի տարածք երեխաների, կենդանիների մուտք գործելու խնդրի մասին։ Ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը պարզաբանեց, որ ցանկապատ կա, բայց պահելն է պրոբլեմ, անասունները մտնում են ներս, պետք է պահակը ուշադիր լինի։

«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը կազմում է 17.83 հա: Հայտով նախատեսվում է պոչամբարի տարածքը բաժանել երեք մասի, իսկ ռեկուլտիվացման աշխատանքները կատարել երկու փուլով: Առաջին փուլում ռեկուլտիվացվելու է պոչամբարի փաստացի չոր մակերևույթով շեպը (3,54 հա) և չորացած հորիզոնական հարթակը (7,41 հա), իսկ երկրորդ փուլում` ներկայումս դեռևս չչորացած հարթակը և ամբարտակից ներքև պարզեցման լճակը (6.88 հա): Ընդհանուր ռեկուլտիվացման աշխատանքները կտևեն 2 տարի 4 ամիս: Պոչամբարի ռեկուլտիվացիայից հետո 5 տարվա ընթացքում պետք է իրականացվի Նահատակ գետի ջրերի եռամսյա և պոչամբարի տարածքում հողերի աղտոտվածության վեցամսյա մշտադիտարկումներ: Հողի ու ջրի մշտադիտարկման արժեքը տարեկան կկազմի 2 միլիոն 416 հազար 800 դրամ, իսկ հինգ տարվա համար` 12 միլիոն 84 հազար դրամ:
Լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետ միասին կազմելու է 597 միլիոն 851 հազար 800 դրամ:

Լսումների մանրամասները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի տեսանյութում:

Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի



Հուլիս 29, 2020 at 19:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր