«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն օգոստոսի 18-ին Գեղամասար համայնքի բնակիչների կողմից իրականացված ակցիայի վերաբերյալ տարածել է մի հայտարարություն, որով անհիմն է համարել բնակիչների կողմից ընկերության դեմ առաջադրվող բնապահպանական մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Գեղամասարի բնակիչները փակել էին Վարդենիս-Արցախ ավտոճանապարհը՝ դժգոհելով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունից, նշելով օդի և ջրի աղտոտվածության մասին
Ընկերության հայտարարության մեջ նշված է.
«Օգոստոսի 18-ին Գեղամասար համայնքի բնակիչների ակցիայի կապակցությամբ, որը անցկացվեց Սոթքի հանքի շահագործման հետ կապված, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է, որ համայնքի բնակիչների կողմից ընկերության դեմ առաջադրվող բնապահպանական մեղադրանքները անհիմն են, և որ Սոթքի հանքի շրջակայքում շրջակա միջավայրի վիճակը մշտապես վերահսկվում է մասնագիտացված հաստատությունների կողմից՝ գտնվելով իրավասու պետական և տեսչական մարմինների վերահսկողության ներքո։ Սոթքի հանքը շահագործվում է անվտանգության չափանիշներին և բնապահպանական նորմերին համապատասխան։
Ընկերությունը համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով:
Իրական իրավիճակը պարզաբանելու համար ընկերությունը մտադիր է հանրությանը ներկայացնել հետևյալ փաստարկներն ու փաստերը:
1.Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում /Գեղարքունիքի և Արարատի մարզերում /, ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ /մոնիտորինգներ/, որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։ Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքներն ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ 2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը՝ Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Ավելին, ընթացիկ տարվանից Ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների:
2. Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։ Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ:
3. Ընկերությունն անհրաժեշտ է համարում նշել, որ կատարում է պետության հանդեպ ստանձնած բոլոր ներդրումային, հարկային և սոցիալական պարտավորությունները։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդ հարկատուն է, իսկ Գեղամասար համայնքի տեղական բյուջե հարկերի տեսքով տարեկան վճարումները կազմում են մոտ 80 միլիոն դրամ:
Բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից,ընկերությունը չորս ազդակիր համայնքներում պարբերաբար իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բարեգործական ծրագրեր, որոնք բազմիցս լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից»:
Սոտքի բնակիչ, ակցիայի մասնակից Սևակ Խաչատրյանն, ԷկոԼուրի հետ զրույցում անդրադառնալով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից տարածած հաղորդագրությանը, նշեց, որ անհասկանալի գույնով ու անտանելի հոտով փոշու ամպը, որ ժամանակ առ ժամանակ պարուրում է իրենց բնակավայրը, չի կարող նորմերի սահմաններում լինել:
«Սոտքի բնակիչներն այլևս չեն հավատում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի կողմից նշվող հետազոտությունների արդյունքին: Այն բոլոր «բարեգործությունները», որոնք մանրամասնորեն թվարկում է հանքի ղեկավարությունը արվել են, սակայն դրանք սահմանված են ամենայն հավանականությամբ նաև պայմանագրերով: Պետք չէ դրանք թվարկել, քանի որ արված «բարեգործությունները» չեն տալիս հանքին արտոնություն՝ աղտոտելու շրջակա միջավայրը։ Ոչինչ ավելի թանկ չէ, քան մեր գյուղի երեխաների ապագան և առողջությունը»,- ասաց նա։
Օգոստոս 25, 2020 at 17:48