Հետազոտվում է Ախթալայում գտնվող Նահատակի պոչամբարի ազդեցությունը մարդու առողջության վրա (Լուսանկարներ)

Հետազոտվում է Ախթալայում գտնվող Նահատակի պոչամբարի ազդեցությունը մարդու առողջության վրա (Լուսանկարներ)

ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքում գտնվող երեք գյուղերում հետազոտվում է Նահատակի պոչամբարի ազդեցությունը մարդու առողջության վրա:

Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները մեզի, եղունգների և սենյակային փոշու նմուշառումներ են հանձնել, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք պոչամբարից արտանետվող ծանր մետաղները և տոքսիկ տարրերը սննդային շղթայով ներթափանցում են մարդու օրգանիզմ։ Շուրջ 75 փորձանմուշ արդեն իսկ ուղարկվել է փորձաքննության՝ Չեխիայի Հանրապետության Առողջապահության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիա։ Հետազոտության արդյունքները հայտնի կդառնան 2020 թ. վերջին։

Հետազոտությանը մասնակցած բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ պոչամբարի հարևանությամբ ապրելու հետևանքով բազմաթիվ առողջական խնդիրներ են ձեռք բերել․ «Շնչառության հետ կապված խնդիրներ են լինում... Այստեղ օդն ուրիշ է...Սրտանոթային հիվանդություն, շաքար, ճնշում ու գլխացավ ունեմ․․․․․Առողջական խնդիր եմ ունեցել...Շուտ հոգնում եմ․․.»,- իրենց խնդիրների մասին նշեցին նրանք։ Պոչամբարի առկայությունն ազդում է նաև տեղի բնակիչների եկամուտների վրա։ «Ծառերս չորացել են, բերք չեն տալիս արդեն քանի տարի․․․15 մեղվի փեթակ ունեի, բոլորը փչացել են պոչամբարի հետևանքով, արդեն 5-6 տարի է՝ մեղուները չկան, մեղր չեմ քամում... Եթե պարզվի, որ վնաս է, հուսով ենք, կփակվի այդ պոչամբարը։ Եթե թունավորվում ենք, ինչ իմաստ ունի ապրելն այստեղ։ Ես՝ ինքս, պատրատ եմ նաև դատարան դիմել․․․»,- նշեցին նրանք։

Չեխիայի «Առնիկա» քիմիական անվտանգության կազմակերպությունը Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ արդեն երրորդ տարին է՝ զբաղվում է Հայաստանի հյուսիսային շրջանի՝ Լոռու լեռնահանքային շրջանի քիմիական աղտոտվածության հետազոտությամբ: 2018-2019 թթ․ իրականացվել են փորձաքննություններ՝ գետեի հուներում նստվածքների, հողի, մրգերի, բանջարեղենի և մարդու մազերի մեջ ծանր մետաղների և թունավոր տարրերի պարունակությունը պարզելու համար: 2019 թ․ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին ռիսկեր՝ կապված վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի և կադմիումի առկայության հետ: 

«Առնիկա» ՀԿ-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն ասաց. «Այս տարի մենք ցանկանում ենք հետազոտել, թե որքանով այդ աղտոտվածությունը կարող է ծանրաբեռնել մարդու կյանքը: Նախորդ տարի բացահայտվել են քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին նյութերի առկայություն մարդկանց մազերի մեջ: Առավել մեծ ռիսկի տակ են գտնվում երեխաները»:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հնարավոր է ապացուցել այս կամ այն հիվանդության կապը մարդու օրգանիզմում հայտնաբերված ծանր մետաղների առկայության հետ, Վալերիա Գրեչկոն նշեց. «Եթե մենք բացահայտենք ծանր մետաղների կոնցենտրացիաների նորմերի գերազանցումներ վերցված փորձանմուշներում, ապա արդեն կարելի է դատել, թե ինչպիսի ռիսկերի կարող են ենթարկվել մարդիկ»: 

Իր հերթին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ նշեց. «Մենք արդեն գիտենք, թե ինչ ծանր մետաղներ են առկա հողի, գետի ջրի և գյուղատնտեսական մթերքների մեջ: Եթե դրանք ի հայտ գան նաև մարդկանց օրգանիզմում, ապա մենք կտեսնենք, թե ինչպես է այն տարածվել և որքանով է ազդել մարդկանց վրա: Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում տեսել ենք, որ ճնշող մեծամասնությունն ունի լուրջ առողջական խնդիրներ»,- նշեց նա:

Մարդկանց զգալի մասը համոզված է, որ վնաս է կրում պոչամբարից և պատրաստվում է հետագայում դիմել դատարան փոխհատուցում ստանալու նպատակով` տնտեսական, առողջական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Այս պահին 16 քաղաքացի դիմել են «Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին, որպեսզի միասին իրենց խնդիրները բարձրաձայնեն և հայցերով դիմեն դատարան:

Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ պետական մարմինների վարքագիծն է, որ այս հարցերը կարող են լուծվել համայնքի, հասարակական կազմակերպությունների և հանքարդյունաբերական ընկերությունների միջև: «Չեմ կարծում, որ միայն հետազոտության արդյունքներով հանքարդյունաբերական ընկերությունները կտրամադրեն փոխհատուցում: Այս տարի երկար նախապատրաստական աշխատանքների և հանրային արշավի աջակցությամբ մեկ ընտանիքի բնակարանի փոխհատուցում կատարվեց: Եզակի դեպք էր, որ ընկերությունն, ի վերջո, փոխհատուցեց, ընտանիքին առաջարկեց գնել մեկ այլ տուն: Ի վերջո, նաև ինստիտուցիոնալ մակարդակում որոշակի ամրագրումներ են պետք: Այդ գործընթացը կնպաստի Հայաստանում շրջակա միջավայրի ազդեցության` մարդու առողջության քաղաքականության ներդրման մշակմանը»,- նշեց Օլեգ Դուլգարյանը:

Նմուշառման աշխատանքներն իրականացվել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS), «ԷկոԼուր» տեղեկատվական և չեխական «Առնիկա» ՀԿ-ների համագործակցությամբ` «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից:

Սեպտեմբեր 25, 2020 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր