Արջուտի ոսկու հանքավայրի ընդերօգտագործման իրավունքն ունեցող «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն փաստերով և  թվերով

Արջուտի ոսկու հանքավայրի ընդերօգտագործման իրավունքն ունեցող «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն փաստերով և  թվերով

«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն  2014 թ․ ստացել է ՀՀ Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը շահագործելու թույլտվություն, սակայն մինչ օրս հանքը չի շահագործվել։ 22․08․2014թ․ Պ-515 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն` Ընկերությանը տրամադրված շահագործման թույլտվությունը տրվել է 25 տարի ժամկետով (մինչև 2039թ․)։ Ընկերությունն, ըստ պայմանագրի,  տարեկան կարող էր արդյունահանել 100 հազար տոննա հանքաքար։ Արջուտի հանքում, ըստ ընդերքօգտագործման պայմանագրի, հաստատված  է 2423,9 հազար տոննա հանքաքար, որից  ոսկի՝ 3467,4 կգ արծաթ՝ 20,39 տոննա, պղինձ՝ 6821,0 տոննա։ 

Արջուտի ոսկու հանքին ազդակիր է Լոռու մարզի Արջուտ համայնքը: Հանքի չշահագործվելու պայմաններում ԷկոԼուրի թիմը ուսումնասիրել է ազդակիր համայնքի նկատմամբ «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի հարկային, ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև տեղի բնակչության սոցիալական վիճակի վրա ունեցած ազդեցությունը: Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ընդերքօգտագործման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու խնդիր կա, ինչն ըստ նրա` դարձել է հանքի չշահագործման պատճառը:

«Այս խնդիրը դեռ գործընթացի մեջ է։ Դրանից հետո, ըստ երևույթին, արդեն կկառուցեն գործարանը և կշահագործեն։ Հավանաբար, աշնանը կամ 2021 թ․ գարնանը կսկեն աշխատել։ 

Հանքն այս տարիներին գտնվել է հետազոտման փուլերում։ Այդ ընթացքում գրեթե ամեն տարի հետազոտել են շտոլնյաներ, ճանապարհներ կառուցել։ Երբ սկսեցին հետազոտությունները, եղան հանրային լսումներ, բնակչությունից պահանջ եղավ, որ մաքուր շահագործում ապահովեն, որ առաջացած փոշին կամ թափոնը համայնքի վրա չազդի։ Հանքը բավական հեռու է գտնվում բնակավայրից՝ 6 կմ, այդ է գրավականը, որ չի խանգարի։ Եկանք այն համոզման, որ պետք է հետևողական լինենք ծրագրում նախատեսված ցանկացած բառի  համար, ըստ ծրագրի որևէ խախտում չլինի։ Շատ հետևողական պետք է լինենք էկոլոգիան պահպանելու համար»,- ասաց Վարդան Մկրտչյանը։ 

ԷկոԼուրի կողմից նշենք, որ հողերի նպատակային նշանակության փոփոխության խնդիրն արդեն շարունակվում է մոտ 6 տարի, և այդ ընթացքում ընկերությունը չի կատարել համայնքի և պետության նկատմամբ   ստանձնած իր սոցիալական, տնտեսական և բնապահպանական պարտավորությունները:

«Բակտեկ էկո» ՍՊԸ-ն «Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ» ԲՓ-58 շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացությունը ստացել է 06․08,2014թ-ին, իսկ 19․09․2015թ-ին ստացել է «Արջուտի ոսկու հանքավայրի վերամշակման և ֆաբրիկայի կառուցման և շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվություն» ԲՓ-74 դրական եզրակացությունը։  Քանի որ եզրակացությունները ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի շահագործվել հանքը և չի կառուցվել հարստացուցիչ ֆաբրիկան, եզրակացությունները ուժը կորցրած են ճանաչվում  «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն։ 

Ընդերքօգտագործման պայմանագրով «Բակտեկ Էկո» ՍՊԸի սոցիալական պարտավորությունների կատարումը

Ըստ ընդերքօգտագործման պայմանագրի` «Բակտեկ Էկո»-ն պարտավորվել էր յուրաքանչյուր տարի Արջուտ համայնքին վճարել 650 հազար դրամ, որից 100 հազար դրամը համայնքի զարգացման տնտեսական ծրագրերին մասնակցության, 400 հազար դրամը դպրոցի և մանկապարտեզի համար գրենական պիտույքների ձեռք բերման ու շենքերի վերանորոգման, 100 հազար դրամը համայնքային տեխնիկայի վերանորոգման, իսկ 50 հազար դրամն էլ անապահով ընտանիքների համար դեղորայքի ձեռք բերման նպատակով։ 

«Բակտեկ Էկո»-ի  հաշվետվության համաձայն ընկերությունը 2017 և 2018 թթ. չի կատարել հանքարդյունահանման պայմանագրով սահմանված ազդակիր համայնքի նկատմամբ ունեցած սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունները: Մինչդեռ Տարածքային կառավարման և  զարգացման նախարարության հաշվետվության մեջ նշված է, որ 2017 թ. սեպտեմբերին սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Ընկերությունը համայնքային բյուջե է փոխանցվել 250 հազար դրամ գումար: Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը նույնպես հավաստեց, թե ընկերությունն իրենց աջակցել է:

«Հիմա չեն աշխատում և վճարում են։ Վճարում են և պայմանագրով նախատեսված սոցիալական ծրագրեր են անում: Նախատեսել էին աենամյա օժանդակություն դպրոցին, իսկ համայնքին 280 հազար դրամի չափով։ Դպրոցին մի անգամ արվել է 400 հազար դրամ։ Արդեն վեցերորդ տարին է ժամանակին վճարումն անում են։ Կա պայմանավորվածություն, որ հանքը շահագործելու դեպքում իրենց մասնակցությունը կունենան իրենց եկամտի 10 տոկոսի չափով մեր համայնքում գործող ցանկացած ծրագրին։ Գրավորը համաձայնություն կա»,- ասաց նա՝ հավելելով, թե համավարակի օրերին Ընկերությունը նաև հարյուր ընտանիքի սնունդ է բաժանել:

Այսպիսով, Ընկերությունը խախտել է պայմանագրային սոցիալական պարտավորությունները։ Արդեն որերորդ տարին համայնքը չի գտնում միջոցներ կարևորագույն խնդիրների լուծման համար: Ըստ բնակիչների` իրենք չունեն բնպահապանական խնդիրներ բացահանքի ազդեցության հետ կապված, քանի որ հանքը չի շահագործվել:    Մինչդեռ  Արջուտ համայնքի 2017-2021 թթ. հնգամյա զարգացման ծրագրում «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ին մեծ տեղ է հատկացված։ Մասնավորապես, համայնքի ուժեղ կողմերի մեջ թվարկված է համայնքում բազմամետաղ հանքավայրի առկայությունը։ Ըստ հնգամյա ծրագրի` հանքավայրի շահագործման և հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դեպքում ակնկալվում է 120-150 նոր աշխատատեղի բացում։ Նշվում է, որ Ընկերության ներկայավրած ծրագրով հանքի և ֆաբրիկայի  շահագործումից ստացված զուտ եկամուտի 10 տոկոսի չափով յուրաքանչյուր տարի համայնքում իրականացվելու են սոցիալական ծրագրեր։ Համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման համար պահանջվող 250-300 մլն․ դրամն ակնկալում են ստանալ համայնքի, պետական բյուջեի և «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի համաֆինանսավորման հաշվին։ 

«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները

Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում հրապարակված «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի  հաշվետվության համաձայն՝ Ընկերությունը 2016,  2017 և 2018 թվականներին բնապահպանական վճար չի վճարել պետական բյուջե:

Նշենք, որ մինչ 2020 թ․ «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն ներառված չի եղել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում նշված կազմակերպությունների ցանկում, ինչի հետևանքով Ընկերության բնապահպանական վճարներից Արջուտ համայնքը չէր կարող օգտվել բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման համար:

«Բակտեկ Էկո»-ն չի կատարել նաև 2016-2017թթ. օրենքով սահմանված Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսվող ֆինանսական հատկացումները: «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի համար դրամագլխին հատկացվելիք գումարի բազային չափը, ըստ Ընկերության հաշվետվության, կազմում է 2 միլիոն 440 հազար դրամ: 2018թ-ին Դրամագլխին Ընկերությունը վճարել է 697840 դրամ:

Դրամագլուխը նախատեսված է այն դեպքերի համար, որ եթե ընդերքօգտագործողը չկատարի հանքի փակման ծրագրով նախատեսված իր պարտավորությունները և ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա նրա՝ դրամգլխին վճարած գումարներով դա անի պետությունը: Իսկ եթե ընկերությունը կկատարի այդ աշխատանքները, ապա գումարը հետ կվերադարձվի ընկերությանը: 

2016 - 2018 թթ. ընկերությունը չի վճարել նաև բնապահպանական և առողջապահական մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված վճարները:

Բնակիչները, մեծ հույսեր կապելով Արջուտի հանքավայրի և հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման և շահագործման հետ, այն կարծիքին են, որ դրանով կլուծվեն իրենց խնդիրների մեծ մասը՝ աշխատատեղերի բացում, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում։ Ահա թե ինչով է պայմանավորված 1380 բնակիչ ունեցող Արջուտ համայնքի բնակիչների՝ հանքի շահագործմանը կողմ լինելը։ Գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և վարձու աշխատանքով։ Իսկ աշխատատեղերի բացակայությունն ու ցածր աշխատավարձը, գյուղմթերքի իրացման խնդիրներն էլ ավելի են ամրապնդում բնակիչների վերոնշյալ դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին, ապա առաջնահերթ խնդիրները հետևյալն են և կարող են լուծվել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:

Ոռոգման խնդիր: Արջուտ համայնքում ոռոգման ջրի համար նախատեսված ներքին ցանցի վերանորոգման կարիք ունի։ «Ունենք ոռոգման ցանց, որի վրա ՀԷԿ է կառուցված։ Գալիս է ինքնահոսով հարևան համայնքից, բայց չունենք ներքին ցանց։ Նոր ցանց է պետք կառուցել»,- ասաց Արջուտի համայնքապետ Վարդան Մկրչտյանը։  

Համայնքում խմելու ջրի խնդիր ևս  կա: Արջուտ համայնքում խմելու ջրի խնդիրը պատրաստվում են լուծել խորքային հորի միջոցով՝ պոմպակայանի համար արևային կայան տեղադրելով։

«Եթե արևային էներգիա օգտագործենք, կիջնի սակագինը և շուրջօրյա ջրամատակարարում կունենանք։ Այդ խորքային հորը օգտագործվել է դեռևս 1980-ական թվականներին, նախորդ տարի վերսկսել ենք օգտագործել, լաբորատոր ստուգում է արվել՝ իդեալական ջուր է»,- նշեց Վարդան Մկրչտյանը։ 

Համայնքի համար ներկայումս առաջնային խնդիր է Արջուտ համայնքին հարակից Վանաձորի  քաղաքային աղբավայրը:

«Աղբատար մեքենաները ճանապարհին փոշի են բարձրացնում, փոշին գալիս է լվացքի, այգիների վրա․․․ Օդ չկա շնչելու, քամին աղբավայրի ծուխը, հոտը բերում է գյուղի վրա»,- դժգոհեցին Արջուտի բնակիչները։ Նրանք աղբավայրի առնչությամբ մեկ պահանջ ունեն՝ կամ աղբավայրի փակում, կամ՝ տեղափոխում: 

Պատկան մարմինների ուշադրությանն ենք ներկայացնում ԷկոԼուրի հետ զրույցներում արջուտցիների ներկայացրած առաջարկությունները՝

  • Փոշու կանխարգելման համար հանքավայրին հարակից տարածքներում։ կատարել  ծառատունկ
  • Փակել համայնքի հարևանությամբ գործող Վանաձորի քաղաքային աղբավայրը և ռեկուլտիվացնել այն
  • Մեծացնել տեղի բուժսպասարկման կետի կարողությունները, ավելացնել ևս մեկ բուժաշխատողի հաստիք, բացել առաջին բուժօգնության դեղերի վաճառքի դեղատուն, լավացնել համայնքն սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքների որակը
  • Լուծել ջրի ներքին ցանցի վերանորոգման և խմելու ջրագծի վերանորոգման խնդիրները
  • Որպես համայնքի զարգացման հեռանկար, բացի հանքարդյունաբերությունից, դիտարկել տեղական հումքի վերամշակման փոքր ձեռնարկությունների հիմնումը, էկոզբոսաշրջության զարգացումը, անասնապահության զարգացումը, որին սակայն խոչևնդոտում է համայնքային բյուջեի սահմանափակությունը և համայնքը կարիք ունի պետական աջակցության։

ԷկոԼուրը 2020 թ. հուլիսին հարցում էր ուղարկել «Բակտեկ էկո» ՍՊԸ-ին տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Սեպտեմբեր 28, 2020 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր