«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ինչպես է Ընկերությունը կատարել իր պարտավորությունները

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ինչպես է Ընկերությունը կատարել իր պարտավորությունները

Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրն ուսումնասիրել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի վերաբերյալ փաստաթղթերը և գործունեությունը: Ուսումնասիրության արդյունքում պատրաստվել է հաշվետվություն՝ հիմնված Մղարթի ոսկու հանքի ազդակիր Օձուն համայնքի ղեկավարության, բնակիչների հետ ունեցած հարցազրույցների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ից ստացված պատասխանի, Ընկերության և պետության միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրի, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում հրապարակված Ընկերության և պետական մարմինների հաշվետվությունների վրա: Հաշվետվության եզրակացության մեջ նշված է.

1. «Ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը հակասում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, համաձայն որի՝ սահմանված տեղեկատվությունն ընդերքօգտագործողը ներկայացնում է իր կողմից շահագործվող յուրաքանչյուր հանքավայրի մասին առանձին։ Մինչդեռ ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաշվետվությունները «Մուլտի Գրուպ Կոնցեռն » ՍՊԸ-ի ամբողջ գործունեության վերաբերյալ են։

2. Ընդերքօգտագործման պայմանագիր կնքելիս՝ ազդակիր համայնքը չի ներգրավվել Ընկերության սոցիալական պատասխանատվության հարցերի քննարկման գործընթացին և չի արտահայտել իր դիրքորոշումը պայմանագրի կնքման ժամանակ։

3. Ընդերքօգտագործման պայմանագրով Ընկերությունը Մղարթի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ստանձնած պարտավորություններ չունի, ինչը հակասում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի հոդված 54-ի 4-րդ մասի 9-րդ կետի պահանջներին։

4. Ընկերությունը ընդերքօգտագործման պայմանագրով հանքի փակման և դրանով նախատեսված ֆինանսական պարտավորություններ չունի, ինչը հակասում է «Ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22 մարտի 2012թ. N437-Ն որոշման պահանջին:

5. Ընկերությունը չի կատարել պետական բյուջեի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները:

6. Շահագործման թույլտվություն ստանալուց հետո Ընկերությունն արդյունահանման աշխատանքները մի քանի տարի դադարեցրել է՝ չապահովելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, խախտելով Ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները:

7. Չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը:

8. Մի քանի տարի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ չի կատարել՝ խախտելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 69-րդ հոդվածի և ընդերքօգտագործման պայմանագրի պահանջները։

9. Չի կատարել մշտադիտարկումների համար և բնապահպանական և բնոգտագործման հարկային պարտավորությունները՝ խախտելով ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները:

10. Ընկերությունը հանքի չշահագործելը հիմնավորել է, որ թիվ 5 հանքային մարմինը, հաշվի առնելով շրջակա միջավայրի պայմանները, չի շահագործվի: Մղարթի ոսկու հանքավայրի արդյունաբերական շահագործման նախագիծը կազմված է հանքավայրի Կենտրոնական տեղամասի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման արդյունքում հետախուզված համար 6 , 6ա , 62, 64 67, 7ա, 75, 76, և 8-րդ հանքային մարմիններից հանքաքարի արդյունահանման նպատակով: Նոր նախագիծը 2018 թվականից գտնվում է փորձաքննական փուլում:

11. Մղարթ համայնքն իր հնգամյա զարգացման ծրագրում հաշվի չի առել ոսկու հանքի շահագործման ոչ դրական, ոչ բացասական ազդեցությունը համայնքի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական վիճակի վրա:

12. Ընկերությունը Մղարթում պարբերաբար չի անցկացնում հանդիպումներ՝ բնակիչներին իրազեկելու իր ծրագրերի մասին՝ անորոշության մեջ պահելով նրանց:

13. Ընկերության կողմից 2017թ. հաշվետվության մեջ արված նշումն առ այն, որ «Հանքի փակման ծրագիր առկա չէ, հանքի փակման ծրագրով մշտադիտարկումների նախահաշվային արժեք սահմանված չէ», ինքնին փաստում է, որ ընդերքօգտագործման պայմանագիրը իրավաբանորեն թերի է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը (ուժի մեջ է 2012թ. ապրիլի 20-ից), որի համաձայն հանքի փակումը և դրա համար նախատեսված պարտավորությունները հանդիսանում են ընդերքօգտագործման պայմանագրի բաղկացուցիչ և անբաժանելի մասը (հավելված 2)[1]։ Միևնույն ժամանակ, 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգրքի անցումային դրույթներով (հոդված 80-րդ) պահանջվում է, որ. «Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են դիմել լիազոր մարմին` իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձևակերպելու համար»: Հաշվի առնելով, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը՝ նոր օրենսդրության պահանջներին համապատասխան վերակնքվել է 2012թ. հոկտեմբերի 20-ին, այն պետք է ներառեր այդ ժամանակ օրենսդրությամբ պահանջվող բոլոր պարտավորությունները։ Ի դեպ, ի սկզբանե ընդերքօգտագործման պայմանագիրը կնքված էր 2006թ. մարտի 15-ին՝ մինչև 2031թ. մարտի 6-ը ժամկետով։ ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ և դրա հիման վրա նախկին պայմանագրերի վերակնքման արդյունքում պետք է սահմանված լինեին նոր օրենսդրության պահանջները՝ այդ թվում հանքի փակման, բնապահպանական կառավարման պլանի, սոցիալական պարտավորությունների, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրի հավելվածներով սահմանվող բոլոր մյուս պարտավորությունների մասով։

14. ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած տվյալներում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի բազային չափը և կատարված վճարումների մասին տեղեկատվությունը ներկայացված է, մինչդեռ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ նշված է, որ «Դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափը «նախագծով և (կամ) ծրագրով և (կամ) ընդերքօգտագործման պայմանագրով» սահմանված չէ», իսկ մինչ այդ կատարված վճարումները, թերևս, ներկայացված է որպես «կանխավճար»։ Անհասկանալի է, թե ի՞նչ կանխավճարի մասին է խոսքը, եթե Ընկերության պնդմամբ վերջինս չունի դրամագլխի համալրում իրականացնելու պարտավորություն։ Կարելի է վստահորեն պնդել, որ, 2017թ. ՇՄ դրամագլխի վճարումները չկատարելով, Ընկերությունը խախտել է օրենքի պահանջը»:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

Սեպտեմբեր 24, 2020 at 12:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր