Դատարանը մերժել է «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ Ամուլսարի պահապանի

Դատարանը մերժել է  «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ Ամուլսարի պահապանի
2021թ. հունիսի 4-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ամուլսարի պահապան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի: Ընկերությունը պահանջել էր իր գործարար համբավն արատավորելու համար մեկ միլիոն դրամի չափով փոխհատուցման գումար բռնագանձել Բունիաթյանից և հրապարակայնորեն հերքել ընկերության հասցեին արված արտահայտությունը: Սակայն Վերաքննիչ դատարանի այս որոշմամբ «Լիդիան Արմենիա»-ն ինքը ստիպված կլինի Շիրակ Բունիաթյանին վճարել: Դատարանը որոշել է, որ ընկերությունից 60 հազար դրամ կբռնագանձվի որպես պատասխանողի փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ևս 9 հազար դրամ՝ որպես Վերաքննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար:
 
Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգի Datalex.am կայքում՝ «Ֆեյսբուքյան ««MaxInfo» Եղիր մաքսիմալ ինֆորմացված» խմբում 25․02․2019թ. Լիկա Սվասյանի կատարած՝ «Երբ «Լիդիան Արմենիան գումար է փոխանցում «Լույս» հիմնադրամին «բնապահպանները» գոռում են թե դա կոռուպցիա է։ Իսկ երբ Զանգեզուրի կոմբինատը վարչապետի կնոջ հիմնադրամին այսքան միլիոն է փոխանցում, ըստ «պայքարիստների» սաղ լավ է։ Ինչու՞ հարցազրույցներ չեն տալիս, ստատուսներ չեն գրում։ Եթե Լիդիանին չթույլատրվի հանքը շահագործել, ապա սա ևս մեկ անգամ ցույց կտա, որ խնդիրն իրոք քաղաքական բնույթ ունի...» գրառման ներքևում պատասխանողը (խմբ.՝ Շիրակ Բունիթյանը) թողել է հետևյալ մեկնաբանությունը՝ «Մի մոռացեք, որ Զանգեզուրի կոմբինատը արդեն երկար տարիներ է լափում է Սյունյաց լեռները։ Իր շահույթից մի քանի կոպեկ նվիրատվություն է արել։ Իսկ Լիդիանը դեռ շինարարական փուլում, երբ հայտարարում է, որ հավելյալ հիսուն միլիոն է պետք որպեսզի կարողանա շահագործել հանքը ու սեռժիկի հիմնադրամին փող է փոխանցում, այ դա անուղղակի կոռուպցիա է»:
 
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննելով հայցվորի դիմումը 2020թ. դեկտեմբերին հրապարակված վճռով ընկերության հայցը մասամբ էր բավարարել: Մասնավորապես՝ հրաժարվել էր պարտավորեցնել Ամուլսարի պահապանին որևէ բան հերքել, իսկ որպես փոխհատուցում պահանջել էր 300 հազար դրամ բռնագանձել Շ. Բունիաթյանից՝ որպես ընկերության գործարար համբավն արատավորելու համար փոխհատուցում: Սակայն պատասխանող կողմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որն այս տարվա մարտին վարույթ էր ընդունվել: Դատարանը ուսումնասիրելով գործը՝ գտել էր, որ հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհաստատվեր այն փաստը, որ պատասխանողն արատավորել է հայցվորի գործարար համբավը ու մերժել բավարարել հայցվորի պահանջները:
 
«Լիդիան Արմենիա»-ն իր հասցեին «զրպարտություն հնչեցնելու» հետ կապված բացի Շիրակ Բունիաթյանից հայցեր է ներկայացրել նաև այլ քաղաքացիների նկատմամբ: Ըստ Datalex.am-ի՝ հայց է ներկայացվել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի դեմ: Այս գործը նույնպես քննվում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Դատական ակտը կհրապարակվի 2021թ. հունիսի 25-ին: Ընկերության նույն պահանջը քաղաքացի Ատոմ Մարգարյանի մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կարճվել է այս տարվա փետրվարին: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանի դեմ հայցով գործը նույնպես ընթացքի մեջ է: Ըստ Datalex.am կայքի՝ 2020 թ. հունիսի 10-ին հրապարակված վճռով դատարանը պարտավորեցրել էր Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել վերոնշյալ հայտարարությունը և հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 հազար դրամ բռնագանձել: Իրավաբանը դատարանի այս որոշումը բողոքարկել էր ՀՀ Վերաքննիչ դատարանում: 2020թ. դեկտեմբերի 17-ին հրապարակված վճռով դատարանը մերժել է հերքում կատարելու պահանջը, սակայն պահանջել Նազելի Վարդանյանից հօգուտ ընկերության 50 հազար դրամ բռնագանձել: Այս որոշումը իրավաբանն արդեն բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարանում: Դեռևս դատական ակտը չի հրապարակվել: 
 
Լուսանկարը՝ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից

Հունիս 07, 2021 at 12:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր