Շուրջ 7 տարի չշահագործվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքը կփակվի

Շուրջ 7 տարի չշահագործվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքը կփակվի

Ընդամենը 2 տարի շահագործված Սյունիքի մարզում գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փակվելու է: Հանքասարի հանքի փակման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտը ներկայացված է Շրջակա միջավայրի նախարարություն բնապահպանական փորձաքննության:

Հանքի ընդերքօգտագործման իրավունքը «Լեռ-էքս» ՍՊԸ-ին տրվել էր 2012-2032թթ. ժամկետով: Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը չի շահագործվում 2014թ-ից: Ընկերությունը Հանքասարի հանքավայրը շահագործել է ստորգետնյա եղանակով։

«Լեռ-էքս» ընկերությունը գնել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, և ընկերության ֆաբրիկայում վերամշակվել է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից բերված՝ օրական 1200-1400 տոննա քանակով հանքաքարը։ 

Դեռ 2020թ. դեկտեմբերին «Լեռ-էքս» ընկերությունը Քաջարան համայնքում հանքավայրի փակման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում էր անցկացրել: Սակայն բնապահպանական փորձաքննություն Ծրագիրը չէր անցել, քանի որ հանքի փակման ծրագիրը նախարարությունն ուղարկել էր լրամշակման:

Հանքի փակման պատճառների մասին ՇՄԱԳ հայտում տեղեկություններ չկան: Սակայն Քաջարանի համայնքապետարանի Բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանն ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ նշել էր տնտեսական պատճառների մասին. «Ասում են՝ պաշարները տնտեսապես շահավետ չեն, դրա համար չի աշխատել»: Տեղի բնակիչները ևս մեկ պատճառ էին բերել՝ հանքավայրի շահագործման հետևանքով Գեղի գետի աղտոտման խնդիրը: «Լեռ-էքս»-ի հարստացուցիչ ֆաբրիկան պետք է աշխատեր ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգով: Սակայն այդ համակարգը տեխնիկական-կազմակերպչական տարբեր պատճառներով չի գործել: Արդյունքում պոչամբարի պարզված ջրերը լցվել են Գեղի գետ: Ի դեպ, Գեղի գետը խմելու ջուր է մատակարարում Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքին:

«Հանքասարի տարածքով հոսում է Գեղի գետի աջակողմյան վտակ Օդաբարա գետը, որտեղ թափվում են Հանքասարի ստորգետնյա հանքի ջրերը: Հանքի փակումից հետո 5 տարվա ընթացքում պետք է իրականացվի երկու հանքուղիներից հոսող, ինչպես նաև Օդաբարա գետի ջրերի եռամսյա մշտադիտարկում: Հանքի տարածքում հողերի աղտոտվածության մշտադիտարկումները կիրականացվեն առնվազն վեց ամիսը մեկ՝ հետագա հինգ տարիների ընթացքում»,- նշված է ՇՄԱԳ հայտում:   

Հանքասարի պղինձ-մոլիբդենային կոմբինատը բաղկացած է հանքավայրից, հարստացուցիչ ֆաբրիկայից և պոչանքային տնտեսությունից: Ըստ հայտի՝ ներկայումս պոչամբարում առկա թափոնների՝ պոչանքների ծավալը կազմում է 455 հազար տ։ Հանքասարի լեռնահանքային համալիրի փակման ծրագիրը կընթանա երկու փուլով՝ փակման փուլ և հետխնամքի փուլ։ 

Ընկերությունը փակման ծրագրով նախատեսում է դուրս բերել բոլոր տեխնոլոգիական սարքավորումները ստորգետնյա հանքից: Այնուհետ՝ վաճառել կամ տեղափոխել դրանք Քաջարան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ)» ՓԲԸ-ի բազա։ «ԶՊՄԿ»-ի բազա կտեղափոխվեն նաև հարստացման ֆաբրիկայի ապամոնտաժված սարքավորումները՝ հետագա իրացման կամ օգտագործման համար:

Փակման ծրագրի հաջորդ քայլերով նախատեսվում է ստորգետնյա հանքի երկու բովանցքերը փակել երկաթբետոնով՝ թողնելով ջրահեռացման առու։ Ռեագենտների պահեստից և ռեագենտների պատրաստման տեղամասից ռեագենտների մնացորդները դուրս կհանվեն և կվաճառվեն: Կդատարկվեն վառելիքի և քսայուղերի պահեստները, մնացորդները կվաճառվեն: Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել նաև պոչատարը, իսկ ապամոնտաժված խողովակները՝ վաճառել: Կռեկուլտիվացվեն նաև լեռնահանքային համալիրի կառուցման և շահագործման պատճառով խախտված հողատարածությունները՝ բովանցքերի լցակույտերից ապարները կբարձվեն և կտեղափոխվեն պոչամբարի հրապարակ, կփռվեն 0.5 մ  հաստությամբ շերտերով և բուլդոզերի օգնությամբ կհարթեցվեն ռեկուլտիվացում իրականացնելու համար: Բովանցքի լցակույտից ապարների տեղափոխումից հետո իրականացվելու է ապարներից մաքրված լեռնալանջի և բովանցքի լցակույտի նոր եզրագծով ձևավորված հարթակի ու շեպի ռեկուլտիվացում` հիդրոցանքի եղանակով: Բովանցքերի մուտքի շրջանում ռեկուլտիվացվող տարածքների մակերեսը կկազմի 0,82 հա: Հարստացման ֆաբրիկայի գլխավոր կորպուսի և օժանդակ շինությունների ապամոնտաժումից և տարածքի փխրեցումից հետո նախատեսվում է իրականացնել ֆաբրիկայի զբաղեցրած տարածքի հարթեցում՝ հետագա կենսաբանական ռեկուլտիվացումն իրականացնելու նպատակով: Հարստացման ֆաբրիկայի վերականգնվող տարածքի մակերեսը կազմում է 1.06 հա: Տարածքի ռեկուլտիվացման կենսաբանական փուլը նախատեսվում է իրականացնել խոտաբույսերի ցանքի միջոցով։ Նախատեսվում է հարթեցման աշխատանքներ կատարել նաև պոչամբարի տարածքում՝ նախապատրաստելով այն հետագա տեխնիկական ռեկուլտիվացմանը: Պոչամբարի հողերի վերականգնվող տարածքի մակերեսը կազմում է 2.53 հա: Ծրագրով նախատեսվում է պոչամբարի տեխնիկական ռեկուլտիվացումից հետո կենսաբանական փուլն իրականացնել՝ կիրառելով հիդրոցանքի եղանակը։ Տեխնիկական ռեկուլտիվացման ժամանակ, մթնոլորտային տեղումների հեռացման համար, վերականգնվելու է տեղանքի բնական դրենաժային համակարգը՝ տարածքին տալով 0.3% թեքություն:

Հետխնամքի փուլում կիրականացվի փակված և ռեկուլտիվացված տարածքների խնամք՝ կիրականացվեն պարբերական մոնիթորինգ (ջուր, օդ) ու ակնադիտական զննումներ (էրոզիայի երևույթներ և բուսականության զարգացում):

Նախատեսվում է նաև դիտարկել կոմբինատի նախկին աշխատողներին «Լեռ Էքս» ՍՊԸ-ի այլ գործունեության ոլորտներում (շին․ մոնտաժային և վերանորոգման աշխատանքներ և այլն) ներգրավելու հնարավորությունը, ինչպես նաև՝ բանակցել «ԶՊՄԿ»-ում  աշխատանքի ընդունելու հնարավորության վերաբերյալ։  



Հուլիս 26, 2021 at 18:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր