ՀՀ ՏԿԵ նախարարությունն առաջարկում է հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի 2%-ը հատկացնել ազդակիր համայնքներին

ՀՀ ՏԿԵ նախարարությունն առաջարկում է հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի 2%-ը հատկացնել ազդակիր համայնքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունն առաջարկում է մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի 2 տոկոսից մասհանումներ կատարել ազդակիր համայնքների բյուջեներ համայնքների կայուն և շարունակական զարգացման համար: Առաջարկվում է այդ մասհանումը բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և  Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ 

Այս կապակցությամբ նախարարությունը շրջանառության մեջ է դրել    «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

«Ռոյալթիների բաշխման ստորև նշված կարգով առաջարկվում է նպաստել ազդակիր համայնքների զարգացմանը՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման և այլ առաջնային ոլորտների ֆինանսավորումը որոշ չափով ավելացնելու միջոցով։ Ռոյալթիների բաշխման ստորև նշված կարգը կնպաստի ազդակիր համայնքների ծրագրերի իրականացման առումով կարողությունների զարգացմանը, որը այլ հավասար պայմաններում խոչընդոտվում էր համայնքում հանքարդյունահանության առկայությամբ: Արդյունքում, կմեղմվի զարգացվածության տեսանկյունից ազդակիր համայնքների և ՀՀ մյուս համայնքների միջև անհամաչափությունը»,- մասնավորապես նշված է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ:

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար։

Նշենք, որ ԷկոԼուրի հետ հանդիպումներում ազդակիր համայնքները բազմիցս բարձրաձայնել են ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիներից համայնքներին մասհանումներ կատարելու անհրաժեշտության մասին, քանի որ բնապահպանական հարկերից համայնքներին բնապահպանական ծրագրերի համար տրամադրվող գումարները  շատ փոքր են: Մինչ այժմ հանքարդյունաբերության ազդակիր համայնքներն օգտվել են նաև ընդերքօգտագործման պայմանագրերով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար ընկերությունների կողմից հատկացված գումարներից: Սակայն ՀՀ  ԱՃԹՆ-ի շրջանակներում հրապարակված տվյալների, ինչպես նաև   2020-2021 թթ. ԷկոԼուր-ի կողմից իրականացված՝ «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում  ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ներդրման պարտավորությունը ոչ բոլոր ընկերությունների պայմանագրերով են նախատեսված, և որ նույնիսկ այն ընդերքօգտագործողները, որոնք ունեցել են նման պայմանագրային պարտավորություններ, կամ գերակատարել, կամ թերակատարել են իրենց պարտավորությունը: Այդ ներդրումները հաճախ  չեն համընկել համայնքի իրական կարիքներին  և իրականում այդքան էլ չեն նպաստել համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը։ 

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2023թ-ի հունվարի 1-ից:

Հուլիս 29, 2021 at 15:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր