Մշակվել է գործիք-ձևաչափ՝ համայնքներում սոցիալ-էկոլոգիական տվյալների բազայի ստեղծման համար

Մշակվել է գործիք-ձևաչափ՝ համայնքներում սոցիալ-էկոլոգիական տվյալների բազայի ստեղծման համար

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում 2021թ. օգոստոսի 13-ին ԷկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի աշխատանքային
հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց համայնքներում սոցիալ-էկոլոգիական տվյալների բազայի մշակման գործիք-ձևաչափի նախագիծը: Այս գործիքը պետք է օգտագործվի Լոռու մարզի Օձուն և Ախթալա, Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Վերին Գետաշեն և Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս համայնքներում սոցիալ-էկոլոգիական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման համար:

Հանդիպմանը մասնակցեցին Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի անդամներ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց գործիք ձևաչափի հիմնական կառուցվածքի նախագիծը, համաձայն որի առաջարկվում է 3 մասից բաղկացած գործիք-ձևաչափ։ Առաջին՝ տեղեկատվական-վերլուծական մասը, իր մեջ պետք է արտացոլի ազդակիր համայնքի սոցիալական պրոֆիլը, համայնքի գործող զարգացման ծրագրի նկարագիրը՝ ներառելով համայնքի բյուջետային կարողությունները, ստացված պաշտոնական դոտացիաները և սուբվենցիաները, միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ համայնքում իրագործվող ծրագրերը, համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպությունների, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա նրանց թողած բացասական ազդեցությունների և ռիսկերի, նրանց կողմից համայնքին ցուցաբերված օժանդակության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համայնքի բնապահպանական վիճակի ներկա նկարագիրը։

Գործիք ձևաչափի 2-րդ մասը կներառի ազդակիր համայնքների ՏԻՄ-երի պարզաբանումները պաշտոնական տվյալների վերաբերյալ և փաստացի կատարողականների վիճակը, կանաչ տնտեսության զարգացման առաջարկները, հնարավոր ֆինանսական և ոչ-ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունները։

Գործիք ձևաչափի 3-րդ մասում բազմակարծության ապահովման նպատակով կներառվի ազդակիր բնակչության տարբեր սոցիալական խմբերի կարծիքը և գնահատականն իրենց համանքի սոցիալ-
էկոլոգիական վիճակի վերաբերյալ, կհավաքագրվեն համայնքի սոցիալ-էկոլոգիական և կանաչ տնտեսության զարգացման առաջարկներ։

Լրացված գործիք ձևաչափի վերլուծությունը հիմք կհանդիսանա տվյալների բազայի ստեղծման համար, որն իր հերթին թույլ կտա մշակել Սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն կոնկրետ համայնքի համար:

Հաջորդ քայլը համայնքների ակտիվ բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ տվյալների բազաների ստեղծումն է:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի
տեսակետները:

Օգոստոս 17, 2021 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր