Սկսվել է Սիսիան և Գորիս համայնքների համար Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման գործընթացը

Սկսվել է Սիսիան և Գորիս համայնքների համար Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման գործընթացը

Սիսիան և Գորիս համայնքների համար կմշակվի Սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն: Այն կմշակի Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումը ՏԻՄ-երի և բնակչության աջակցությամբ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:

2021թ հուլիս-օգոստոս ամիսներին Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի անդամ «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի կողմից անցկացվեցին հանդիպումներ Գորիս, Սիսիան և Քարահունջ բնակավայրերում տեղի բնակիչների, ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության և բիզնես սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացվեցին Ծրագրի նպատակն ու ակնկալիքները, համայնքի զարգացման վրա Ծրագրի ազդեցությունը։ 

Հանդիպումների ընթացքում տեղի բնակիչները բարձրաձայնեցին իրենց բնակավայրերում առկա բնապահպանական խնդիրների՝ փոքր ՀԷԿ-երի գործունեության հետևանքով ոռոգման ջրի պակասի, կենցաղային աղբով աղտոտման, ծառահատումների մասին: Նշեցին համայնքի վրա բիզնեսի ազդեցության, էկոլոգիական կրթության բացերի մասին: Բնակիչներն իրենց մտահագությունը հայտնեցին, որ տարվում է  հանքարդյունաբերության ծավալների մեծացմանն ուղղված պետական քաղաքականություն:

Բնակիչների կողմից առաջարկվեց համայնքի խնդիրների լուծման, սոցիալապես զարգացած և էկոլոգիապես մաքուր համայնք ունենալու նպատակով արդյունավետ դարձնել Կառավարության հետ երկխոսությունը:

Անդրադառնալով բիզնես-համայնք փոխհարաբերություններին՝ բնակիչները նշեցին, որ բիզնեսի մասնակցությունը համայնքում ցածր մակարդակի վրա է, քանի որ ՏԻՄ-ի կողմից չկան միջոցառումներ, որոշումներ, որոնք կներգրավեն բիզնեսին համայնքի զարգացման գործում: Բնակիչները կարևորեցին, որ համայնքներում գործող ՀԷԿ-երը բնությանը և համայնքին վնաս հասցնելու դիմաց փոխհատուցում տրամադրեն։ Առաջարկ հնչեց, որ տուրիզմով զբաղվող կազմակերպությունները շրջակա միջավայրի պահպանման համար հարկ վճարեն համայնքին, քանի որ տուրիստների հոսքը և նրանց գործունեությունը նպաստում է համայնքում աղտոտման մակարդակի բարձրացմանը։

Որպես Ոոցիալ-էկոլոգիական քաղաքականության մեջ ներառելու բաղադրիչներ բնակիչներն առանձնացրեցին գետերի՝ թափոններով ու կոյուղաջրերով աղտոտման, թափառող շների, թափոնների վերամշակման, ՀԷԿ-երի կառուցման նպատակով մեծածավալ ծառահատումների, ոռոգման ջրի, վառելափայտին այլընտրանք գտնելու և հանքարադյունաբերության կողմից համայնքում կանաչ բիզնեսի զարգացմանը խոչընդոտելու խնդիրները:

Բնակիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մասնակցել Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման հետագա աշխատանքներին, ինչի համար  ձևավորվեցին ակտիվ խմբեր:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Լուսանկարները՝ «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի

Օգոստոս 17, 2021 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր