«Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ն նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություն անցկացնել Քարաբերդի ոսկու հանքավայրում

«Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ն նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություն անցկացնել Քարաբերդի ոսկու հանքավայրում

«Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ն նախատեսում է 2021-2023թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել տվյալ գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը նախատեսվում է անցկացնել 2021թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Քարաբերդ համայնքի վարչական շենքում:

Քարաբերդի հանքային դաշտը և հանքավայրը գտնվում են Վանաձոր քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին: Քարաբերդի հանքավայրը հարակից է (10-20 կմ) Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Մարգահովիտի և Գյուլագարակի սոճու պետական արգելավայրերին, ինչպես նաև՝ Դիլիջանի ազգային պարկին: 

Ըստ հայտի՝ երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է 203 հա տարածք: Նախատեսվում է երկարաբանական աշխատանքներն իրականացնել հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և արևմտյան թևերում, կատարել լրացուցիչ հետախուական աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա կտրվի Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերի երկրաբանատնտեսական գնահատականը՝ պաշարների հաշվարկմամբ: 

Հայտի համաձայն՝ հայցվող տեղամասում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում տեխնածին ճնշումներ են դրսևորվելու մթնոլորտային օդի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա: Հետախուզական փորվածքներով խախտվող տարածքները բուսազուրկ անօգտագործելի տարածքներ և արոտավայրեր են: Հետախուզական աշխատանքների ավարտից հետո ընկերությունը կիրականացնի տարածքի ռեկուլտիվացիա, որի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 1200 քառ. մ: 

Միևնույն ժամանակ հայտի մեջ նշված է, որ հանքավայրի տարածքի ներկայիս բնապահպանական իրավիճակը կարելի է գնահատել բարվոք: «Թեկուզ տեղանքում չեն իրականացվել հատուկ հետազոտություններ օդային ավազանի, մակերևութային և ստորգետնյա ջրային ռեսուրսների և հողածածկի աղտոտվածության վերաբերյալ, սակայն նախկինում որևէ գործունեության բացակայությունը հիմք է հանդիսանում ենթադրելու, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը չի գերազանցում բնական մակարդակը»,- նշված է փաստաթղթի մեջ: Մինչդեռ Քարաբերդ համայնքն ու հարակից բնակավայրերը վաղուց կրում են Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի շահագործման հետևանքով առաջացած բացասական ազդեցությունը: Հանքում իրականացվող պայթեցումների հետևանքով փոշին տարածվում է գյուղի վրա, աղմուկը խաթարում մարդկանց հանգիստը: Դեռևս 2020թ., երբ հանքի աշխատանքները դադարեցված էին, ԷկոԼուրի թիմի Քարաբերդ այցի ժամանակ տեղի բնակիչները նշել էին, որ դեմ են հանքավայրի շահագործմանը: «Ոսկու հանքին դեմ եմ, որովհետև արոտվայրերը փչացնելու են, պայթեցնելու են, փոշին էլ ազդելու է մեզ վրա, մեր ապրանքի վրա: Ոսկին որ հանեցին, մեզ ի՞նչ օգուտ կլինի, էլի մենք մեր քանդված տներում ենք լինելու․․․ Գիտեմ, որ աշխատեն, պայթեցնեն, խոտհարքը լրիվ փչանալու է։ Եթե պայթեցնում է, փոշին նստում է խոտհարքի վրա, անասունն արածում է, հիվանդանում, մենք էլ հետը հիվանդանալու ենք...Պետք է գյուղին մոտիկ հանք չաշխատեցնել. հեռու լինի... »,- նշել էին նրանք։

Սեպտեմբեր 03, 2021 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր