«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է բարձրացնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է բարձրացնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է բարձրացնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը: Ներկայումս Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան մշակում է տարեկան 1.0 մլն.տ հանքաքար: Նոր նախագծով նախատեսվում է ֆաբրիկայի որոշ տեղամասերի վերակառուցման հաշվին արտադրողականությունը հասցնել մինչև 1.750 մլն.տոննայի: Սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի մշակույթի տանը տեղի կունենան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:  

Նշենք, որ մինչ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակը, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում ընթանում էին ոսկու արդյունահանման գործարանի արտադրողունակությունը 75%-ով ավելացնելու գործընթացներ, ինչի իրագործման դեպքում մեծանալու էր պոչամբարում կուտակվող թափոնների ծավալը: 

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան գործարկվել է 1976 թ. և նախատեսված է եղել Սոթքի հանքավայրի ոսկի պարունակող հանքաքարի և այլ ոսկի պարունակող հանքավայրերի հանքաքարերի վերամշակման համար: Ֆաբրիկային ամենամոտ ազդակիր համայնքներ են Արարատի քաղաքային համայնքը, որի վարչական տարածքում կառուցվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան ու դրա ՈԿՖ բանավանը, և Արարատի գյուղական համայնքը, որի վարչական տարածքում տեղադրված է ֆաբրիկայի պոչամբարը: Նշենք, որ Արարատ գյուղական համայնքը ճանաչված չէ որպես ազդակիր համայնք:

Պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից մոտ 5800մ հեռավորության վրա, դեպի արևմուտք: Այն, զբաղեցնում է 165 հա տարածք, շահագործման է հանձնվել 1976թ-ին: Ըստ հայտի՝ պոչամբարը լցված է մինչև 814.50 մ նիշը, որի ծավալը կազմում է 3.82 մլն. խմ։ Պոչամբարի մնացորդային ծավալի նիշը 814.50 մ-ից մինչև 821.00 մ նիշ կազմում է 7.63 մլն.խմ կամ 10.22 մլն.տոննա։ 1.75 մլն.տ/տարի հանքաքարի վերամշակման հզորությամբ ֆաբրիկայի աշխատելու դեպքում պոչամբարը կծառայի 5.8 տարի: Հյուսիս-արևելյան կողմում կցակառույց պոչամբարը լցված է մինչև 809.50 մ նիշը, մնացորդային ծավալը մինչև 812.50մ նիշը կազմում է 0.69 մլն.խմ կամ 0.93 մլն.տոննա: Մինչ պոչամբարի ծավալի սպառումը, նախատեսվում է իրականացնել գործող պոչամբարի պատնեշի կայունության հաշվարկ, որը թույլ կտա ընդունել վերջնական որոշում` գործող պոչամբարի ծավալի ավելացում պատնեշի բարձրացման հաշվին թե, կառուցել նոր պոչամբար հարակից տարածքում:

Հայտի համաձայն՝  պոչամբարի ռեկուլտիվացման համար  նախատեվում է ծախսել 837,176.84 հազար դրամ՝ ըստ 2012թ-ի գների:

Հայտում ներկալացված բնապահպանական միջոցառումներից են՝ ջրի լրիվ  և մասնակի շրջանառու համակարգի ներդնումը, թափվածքների հավաքման և տեխնոլոգիական պրոցես վերադարձման համար դրենաժային համակարգի ներդնումը, տնտեսական կեղտաջրերի մաքրումից հետո պարզվածքի ուղղում  պոչամբար և պոչամբարի պարզվածքի հետ համատեղ մուտք  գործում ջրի շրջանառու համակարգ, կրափոշու բունկերների վրա  ճկափող զտիչների տեղադրումը,  նոր պոչատարի կառուցումը, պոչամբարի ներքին և արտաքին դրենաժային համակարգի ներդնումը, պոչամբարի հատակից աղտոտված ջրերի ներծծանցման բացառումը, գրունտային ջրերի որակի և մակարդակը հսկման պիեզոչափերի տեղադրումը, ինչպես նաև արտհրապարակներից դուրս  բուսական շերտի խախտման ու  նրա մակերեսին թափոնների տեղադրման արգելանքի կիրառումը, հարակից տարածքներում որսագողության արգելքը:

Օգոստոս 24, 2021 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր