ԶՊՄԿ-ն նոր պղնձաձուլարան կունենա

ԶՊՄԿ-ն նոր պղնձաձուլարան կունենա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ձեռք բերած «Գեոպրոմայնինգ» ընկերության դուստր «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն նպատակ ունի առաջիկա տարիներին Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցել: Այս մասին հայտնել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ հոկտեմբերի1-ին կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Գործադիրի պաշտոնական կայքի համաձայն՝ հանդիպումն անցկացվել է նոր փոխհարաբերությունների կարգավորման նպատակով:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021թ-ի սեպտեմբերի 30-ին ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը, որի 25%-ը նվիրաբերեց Հայաստանի Հանրապետությանը:  Այսպիսով, ԶՊՄԿ-ի ընդհանուր կապիտալի15%-ը կտնօրինի ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Հանդիպման ժամանակ Ռոման Տրոցենկոն նշել է. «Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»:

Ի պատասխան փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասել է. «Շնորհակալություն ենք հայտնում «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»:

Հոկտեմբեր 04, 2021 at 14:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր