Հանքարդյունաբերության «զոհ» դարձած Դաստակերտը

Հանքարդյունաբերության «զոհ» դարձած Դաստակերտը

Սյունիքի մարզի Դաստակերտ բնակավայրը քաղաք-ուրվականի տպավորություն է թողնում: Կիսաքանդ շենքեր, նախկին հանքարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքներ, ավերակների վերածված արտադրական շենքեր: Ժամանակին 3000 բնակչից այսօր մնացել են 200-300-ը: Բնակիչները քաղաքատիպ ավանը սկսել են լքել, երբ այստեղ մեկը մյուսի հետևից փակվել են Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկան, այնուհետ՝ բժշկական սարքավորումների գործարանը: 

Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, գտնվում է Սյունիքի մարզում: Ներկայում Սիսիան խոշորացված համայնքի կազմում է: Քաղաքի զարգացումը սկսվել է 1952թ.՝ հանքարդյունաբերության զարգացմանը զուգահեռ: Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկան փակվեց 1975թ., իսկ մի քանի տարի անց՝ բժշկական սարքավորումների գործարանը: 

Դաստակերտը, նախկինում լինելով արդյունաբերական ավան, զրկված է գյուղական գործունեության իրականացման անհրաժեշտ ենթակառուցվածքներից։ Չունի բավարար վարելահողեր, իսկ խոտհարքները և արոտավայրերը բավականին հեռու են բնակավայրից, որն ստեղծում է լուրջ խոչընդոտներ դաշտավարության և անասնապահության զարգացման համար: «Մարդիկ չունեն սեփական հողեր, վարելահողեր: Այստեղ եղել է ավան, եղել է արտադրություն»,- նշեց Դաստակերտի վարչական ներկայացուցիչ Նաիրի Ֆիլոսյանը,- «Տուրիզմի զարգացման համար հեռանկարներ կան, սակայն մեծ ներդրումներ են պետք: Կուզենանք, որ հանքը աշխատի, մեր երիտասարդները կմնան տեղում, իրենց ընտանիքները կպահեն»:

Դաստակերտի 93-ամյա բնակիչ Նիկոլայ Ստեփանյանն էլ նշեց, որ բնակավայրում մնացել են միայն թոշակառուներն ու նպաստառուները, ևս մի քանի ընտանիք էլ գոյատևում է անասնապահության շնորհիվ: «Այստեղ անգամ խանութ չկա: Ամիսը մեկ կամ երկու անգամ Դաստակերտ վաճառքի նպատակով որոշ իրեր ու մթերք են բերում, սակայն բնակիչները անգամ դրա համար գումար չունեն»,- ասաց նա:

Փաստացի Դաստակերտը կարող է ցուցիչ դառնալ հասկանալու համար, թե ինչ խնդիրների առաջ կկանգնի համայնքը հանքարդյունաբերական գործունեության դադարից հետո: Քաղաք այցելած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ առաջնային է հանքարդյունաբերական կենտրոններում այլընտրանքային լուծումների և զարգացման մասին մտածելը՝ Դաստակերտի ճակատագրին չարժանանալու համար: «Պետք է գտնվեն լուծումներ, որոնք հետ կբերեն մարդկանց այդ բնակավայր, որպեսզի այն ի վերջո չդառանա ավերակ, որպեսզի այդ բնակավայրում հետագայում հնարավոր լինի ապրել, զարգացնել»,- ասաց նա: 

Ավերակ՝ բնապահպանական խնդիրներով

Դաստակերտի խնդիրները, ցավոք, կիսադատարկ ու լքված շենքերով չեն սահամանափակվում: Նախորդ դարի 70-ական թվականներին լուծարված կոմբինատն այս բնակավայրին է ժառանգություն թողել լքված լցակույտեր ու չռեկուլտիվացված պոչամբար: Վերջինս թեև տարիների ընթացքում չորացել և պատվել է որոշակի բուսականությամբ, շարունակում է իր մեջ խմորել բազմաթիվ տոքսիկ նյութեր ու ծանր մետաղներ, որոնք պոչամբարի հարևանությամբ հոսող Այրի գետի վտակի՝ պարբերաբար աղտոտման պատճառն են դառնում:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ պոչամբարից արտահոսք է լինում, ինչը միախառնվելով անձրևաջրերին ու ձնհալի ջրերին՝ հոսում է դեպի Այրի գետ, այնուհետ՝ Տոլորսի ջրամբար: «1975թ. սկսած քրոնիկապես թունավորվում է մեր թանկարժեք ջրային պաշարը, որը ծառայում է ոչ միայն էներգետիկ նպատակներով, այլև՝ ոռոգման: Աղտոտվում է նաև Դաստակերտի շրջակա միջավայրը»,- ասաց նա: 

Խորհրդային տարիներին գործունեություն ծավալած և պոչամբարը բաց վիճակում թողած ընկերությանն այսօր անհնար է պատասխանատվության ենթարկել, այն այլևս չկա: Բնակավայրում մոտ կեսդարյա լռությունից հետո աշխուժություն նկատվեց 2012թ., երբ «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ն պետության հետ Դաստակերտի հանքի ընդերքօգտագործման պայմանագիր կնքեց: Սակայն ընկերության գործունեությունը Դաստակերտում սահմանափակվեց պաշարների հետախուզական աշխատանքներով՝ չապահովելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, խախտելով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին 6-րդ մասի պահանջները: Արդյունքում 2020թ. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, որն ընկերությունը դատական կարգով բողոքարկել է: 

Անդրադառնալով  «Մոլիբդենի Աշխարհ»-ի և պետության միջև կնքված պայմանագրին՝ Ինգա Զարաֆյանը մեկ կարևոր բաց մատնանշեց. «Երբ պետությունը դրական եզրակացություն էր տվել ընկերությունը, պահանջ չէր դրվել, որ ընկերությունն իր վրա պատասխանատվություն վերցնի ու թափոնների կառավարման ու պոչամբարի փակման պլան ներկայացնի: Ոչ մի պահանջ միջոցառումների վերաբերյալ չկա: Ստացվում է, որ կարող են ինչ-որ բան արդյունահանել ու այն մի ընկերության նման դուրս գալ: Սա օրենսդրության լուրջ խախտում է: Ունենք անորոշ իրավիճակ. ի՞նչ ընկերություն պետք է գա, ո՞վ պետք է իր վրա այդ պարտավորությունը վերցնի, ոչ ոք չգիտի»,- նշեց նա: 

Ըստ Նաիրի Ֆիլոսյանի՝ պոչամբարի խնդրով ժամանակին զբաղվել են, բայց՝ անարդյունք: «2000-ականներին բոլորին դիմել ենք այս հարցով: Ծրագիր կար, որ գետը չպետք է պոչամբարի միջով հոսեր, առանձին կանալ պետք է սարքեյին: Եկան, նայեցին, ոչինչ էլ չարեցին, այդպես մնաց: Բայց բոլորն էլ տեղյակ են՝ ինչ է կատարվում այստեղ»,- ասաց նա:

«Մոլիբդենի աշխարհ»-ից հետո Դաստակերտի հանքավայրի պաշարների վերագնահատման հայտով հանդես եկավ «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Առաջին հանրային լսումը տեղի է ունեցել Սիսիանում դեռևս 2020թ. դեկտեմբերի 22-ին: Ընկերության ներկայացրած հայտի երկրորդ հանրային քննարկումը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 14-ին, կրկին՝ Սիսիանում: Նաիրի Ֆիլոսյանը նշեց, որ մասնակցել է այդ լսումներին, և քննարկման մասնակիցները հիմնականում դրական են արտահայտվել ընկերության կողմից նախատեսվող գործունեությանը: 

Նոյեմբեր 04, 2021 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր