

«Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրը:
Ներկայումս Երևանում ոչ մետաղական հանքավայրերից օգտակար հանածոների արդյունահանման 21 ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված: Մայրաքաղաք Երևանում շահագործվող հանքերը բացասական ազդեցություն ունեն առանց այն էլ շինարարական փոշով ու տրանսպորտային ծխագազերով ծանրաբեռնված Երևանի մթնոլորտային օդի վրա: Աղտոտում են օդը փոշով, բեռնատարների արտանետումներով, ոչնչացնում են մայրաքաղաքի լանդշաֆտը, տարածքներն աղտոտում թափոններով, լցակույտերով, մեքենաների յուղերով, առաջացնում են աղմուկ: Հանքերը շահագործող ընկերություններն իրենց ընդերքօգտագործման պայմանագրերով չունեն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցմանն ուղղված պարտավորություններ: Այս ընկերությունների կողմից չեն իրականացվում բնապահպանական միջոցառումներ, փոշու արտանետումների մեղմման, կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում Երևանում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում:
Մայրաքաղաքի օդը մաքրող, պաշտպանական նշանակության կանաչ գոտիները ոչնչացված են: Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան: Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր՝ երևանցիներին զրկելով մաքուր օդ ունենալու հնարավորությունից: Երևանին թթվածնով ապահովող Ջրվեժի արգելոցապարկային համալիրը ոչնչացումից փրկվեց բացառապես քաղաքացիական հասարակության պայքարի արդյունքում: Իսկ Երևանի բուսաբանական այգին, որը շատերի բիզնես ծրագրերի համար համեղ պատառ է, դեռ պահպանվում է, քանի որ գտնվում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ենթակայության ներքո:
Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 մ2: Այս թվի համար որպես կանաչ գոտիներ են դիտարկվել նաև գերեզմանոցները: Անգամ նման պարագայում 7,6 մ2 ցուցանիշը ցածր է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 մ2 է:
Նման պայմաններում մենք՝ ներքոստորագրյալներս, դեմ ենք Երևանում նոր հանքավայրի շահագործմանը, երբ մայրաքաղաքի ընդերքօգտագործողների նկատմամբ չկան խիստ պահանջներ բնապահպանական և սոցիալական պարտավորությունների ստանձնման և կատարման մասով, չկա խիստ վերահսկողություն և պատասխանատվություն:
Պահանջում ենք.
- Մերժել ցանկացած նոր հանքի շահագործման համար թույլտվության տրամադրումը մինչև այս ոլորտում առկա խնդիրների լուծումը
- Վերանայել Երևանում գործող ընդերքօգտագործողների ընդերքօգտագործման պայմանագրերը՝ սահմանելով հստակ պահանջներ բնապահպանական և սոցիալական պարտավորությունների ստանձնման համար
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացում Երևանի հանքերը շահագործող ընկերություններում և արդյունքների հրապարակում
- Ուսումնասիրության իրականացում, թե Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքին համապատասխան մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածք չունենալը, տարբեր տարրերով հագեցած փոշով և ծխագազերով Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածությունը, հողի աղտոտվածությունը, աղմուկն ինչ ազդեցություն է գործում երևանցիների առողջության վրա և միջոցառումների սահմանում այդ ազդեցության մեղմման համար:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան
«Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի Վարդանյան
«Ինֆորմացիայի ազատության կենտոն» ՀԿ, Շուշան Դոյդոյան
«Կանաչ Հայաստան» ՀԿ, Թեհմինե Ենոքյան
«Բնապահպանական հասարակական միություն» ՀԿ, Սիլվա Ադամյան
«Գոյ» բնապահպանական ՀԿ, Եկատերինա Կոշկարյան
«Յանուս» ՀԿ, Լուսինե Ղարիբյան
Երևանի բնակիչներ
Գրիգոր Էմին-Տերյան
Մարտին Մինասյան
Ռոզա Ջուլհակյան
Նիկոլայ Դավթյան
Գոհար Ստեփանյան
Սոֆիա Մանուկյան
Մարգարիտա Բորիսենկո
Սյուզաննա Մելքոնյան
Ալեքսանդր Մելքոնյան
Եվգինե Սահակյան
Վարդուհի Ղազանչյան
Նոյեմբեր 15, 2021 at 10:07