«Նահատակ» պոչամբարը կռեկուլտիվացվի, վերջինիս առաջացրած քիմիական աղտոտվածությունը չի վերացվի

«Նահատակ» պոչամբարը կռեկուլտիվացվի, վերջինիս առաջացրած քիմիական աղտոտվածությունը չի վերացվի

2023թ-ի նոյեմբերի վերջին պետք է ավարտված լինեն «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ԲՓ 0132-21 դրական փորձաքննական եզրակացությունն է տվել «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը: Ըստ եզրակացության՝ պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները պետք է տևեն 2,4 տարի:

Հիշեցնենք, որ այս պոչամբարը պետք է ռեկուլտիվացված լիներ դեռ 2020թ-ի մարտին՝ համաձայն «Շամլուղի ստորգետնյա հանքի վերազինում մինչև 500,0 հազար տոննա/տարի արտադրողականությամբ աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» ԲՓ 77 17.09.2018թ. փորձաքննական դրական եզրակացության: Սակայն պոչամբարը չռեկուլտիվացվեց՝ շարունակելով ամբարել Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները:

Եթե նախկինում նշվում էր, որ  «Նահատակ» պոչամբարը զբաղեցնում է 13,7 հա տարածք, ապա այս փորձաքննական եզրակացության համաձայն՝ պոչամբարի՝ ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը 17,83 հա է: Պոչամբարը թունավոր թափոններով ծածկել է տեղի արոտավայրը: Մեծ Այրում գյուղի՝ պոչամբարի մոտ գտնվող և տասնամյակներով գյուղը խմելու ջրով սնող բնական աղբյուրը մնացել է պոչամբարի տակ:

Նախքան այս թունավոր օբյեկտի ռեկուլտիվացման աշխատանքները սկսելը նախատեսվում է իրականացնել պոչամբարի պատնեշի հետազոտություններ, վերացնել թերությունները, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել պատնեշի կայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ընկերությունը նախընտրել է պոչամբարը ծածկել հողի բերրի շերտով: Այդ նպատակով մտադիր է օգտագործել Ալավեդի-Ախթալա ավտոճանապարհի շինարարության ժամանակ տեղ-տեղ հանված հողի բերրի շերտը՝ 28580 խմ ծավալով:

Ռեկուլտիվացման 2-րդ փուլում աշխատանքները կսկսվեն պոչամբա­րի խոնավ մակերեսի և ջրի բնական չորացումից հետո: Փաստաթղթի համաձայն՝ պոչամբարի չորացումը ջրի հեռացման եղանակով կհանգեցնի Դեբեդ գետի ջրերի լրացուցիչ աղտոտմանը՝ արտադրական կեղտաջրերով:

Փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է հետևյալ փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով.

-          «Նախքան ռեկուլտիվացման աշխատանքները սկսելը անհրաժեշտ է իրականացնել պոչամբարի պատնեշի հետազոտություններ, որի հիման վրա վերացնել թերությունները, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աշխատանքներ իրականացնել պատնեշի կայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

-          Անվտանգությունից ելնելով՝ ռեկուլտիվացված պոչամբարի տարածքն առաջարկվում է արտաքին եզրագծով ցանկապատել 2 մ բարձրությամբ, 2630 մ ընդհանուր երկարությամբ փշալարե ցանկապատով:

-          Պոչամբարի ռեկուլտիվացիայից հետո՝ 5 տարվա ընթացքում, պետք է իրականացվի Նահատակ գետի ջրերի եռամսյա մոնիթորինգ:

-          Մշտադիտարկումների ընթացքում պետք է ուսումնասիրվեն հետևյալ ցուցանիշները՝

-          pH, էլեկտրահաղորդականություն, լուծված թթվածին

-          ջրերի իոնային հաշվեկշիռ՝ ընդհանուր ալկալիություն

-          Ca, Mg, K, Na, As, Co, Cu, Feըն, Mn, Zn, Cl, SO42, HCO3, CO32  (Մգ/լ), ԹՔՊ, մգՕ2

-          նավթամթերքներ, կախված նյութեր, չոր մնացորդ, մգ/լ

-          կոշտություն, մգ-էկվ/լ

-          հիմնայնություն, մգ-էկվ/լ:

-          Պոչամբարի տարածքում հողերի աղտոտվածության մշտադիտարկումներ՝ առնվազն 6 ամիսը մեկ հետագա 5 տարիների ընթացքում, նվազագույնը 4 կետից:

-          Հողերի նմուշառում 20-25սմ խորությունից և քիմիական անալիզ՝ As, Co, Cu, Feըն, Mn, Zn, Cl, SO42 մգ/կգ:

-          Ռեկուլտիվացիայի աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է խստագույնս հետևել գնահատման հաշվետվությունում ամրագրված բնապահպանական միջոցառումների իրականացմանը, իսկ դրանց չբավարարման դեպքում՝ նախատեսել լրացուցիչ միջոցառումներ՝ ապահովելով բնապահպանական նորմերը:

-          Աշխատանքների ընթացքում ղեկավարվել առողջապահության նախարարի 2012թ. սեպտեմբերի 19-ի N-15-Ն նորմերի պահանջներով»:

Փորձաքննական եզրակացության մեջ չկան փորձաքննական պահանջներ արտադրական կեղտաջրերով Դեբեդ գետի ջրերի աղտոտման մասին, մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված աղտոտվածության դեպքում նախատեսվող մաքրման միջոցառումների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են վերացնելու պոչամբարի հարևան տարածքների, Դեբեդ, Նահատակ գետերում արդեն իսկ առկա աղտոտվածությունը, փոխհատուցելու տեղի բնակչության առողջությանը պատճառված վնասը:

Հիշեցնենք, որ 2018-2020 թվականներին «Առնիկա» կազմակերպության իրականացրած հետազոտությունները հիմնավորում են «Նահատակ» պոչամբարից 50-100 մ հեռավորության վրա գտնվող Մեծ Այրում բնակավայրերի տնամերձ տարածքում, Ախթալա համայնքի և Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերական օբյեկտների աղտոտիչների առկայությունը և դրանց տարածումը հողերում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում: Պղնձով, ցինկով, մոլիբդենով, կապարով և մկնդեղով աղտոտվածություն է հայտնաբերվել ինչպե՛ս Դեբեդ գետի նստվածքներում, այնպես էլ՝ հողի մեջ: Հողի որոշ փորձանմուշներում միայն մկնդեղի կոնցենտրացիան 70 անգամ գերազանցել է նորմը:

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի առկայություն՝ 6-58 մկգ/գ կրեատինինի սահմաններում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Նահատակի պոչամբարի հարևանությամբ ապրող երեխաների շրջանում:

Նոյեմբեր 22, 2021 at 11:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր