

«ԽԻՃ» ՍՊԸ-ն մտադիր է բաց եղանակով, 20 տարի ժամկետով շահագործել Երևանի հարևանությամբ գտնվող Արմավիրի մարզի Փարաքարի բազալտների հանքավայրի Հաղթանակ տեղամասը: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հայտի թվով երկրորդ հանրային լսումները նշանակված են ս.թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մերձավանի համայնքապետարանում:
Հանքավայրի Հաղթանակ տեղամասը գտնվում է Փարաքարի հյուսիս-արևելյան և Երևան քաղաքի արևմտյան ծայրամասում՝ Երևան-Էջմիածին մայրուղու աջ կողմում: Հանքավայրին ամենամոտ բնակավայրերն են` Փարաքար, Մեծամոր, Թաիրով գյուղերը, իսկ ամենամոտ ե/գ կայարանները Երևան և Էջմիածին կայարաններն են, որոնք հանքավայրի հետ կապված են ասֆալտապատ ճանապարհներով՝ 9 և 18 կմ հեռավորությունների վրա:
Ըստ հայտի՝ հանքավայրը ժամանակին շահագործվել է «Գրանիտ» ԱԿ-ի կողմից: Վերջինիս 2015թ-ին ներկայացրած հաշվետվության համաձայն՝ հանքավայրի բազալտների պաշարները կազմում են 143.6 հազար խմ: «ԽԻՃ» ՍՊԸ-ի հայտում նշված է, որ մտադիր են արդյունահանել 119.718 հազար խմ ծավալի բազալտ: Նախատեսվող բացահանքի տարածքն ընկնում է ընկերությանը պատկանող հողամասի սահմաններում: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կկազմի 5990 խմ: Ըստ հայտի՝ տեղանքը գյուղատնտեսական նպատակների համար չի օգտագործվում, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր են:
Հանքավայրի շահագործումը նախատեսվում է միակողմանի՝ 5 մ բարձրության հանքաստիճանների միջոցով, առանց հորատապայթեցման աշխատանքների, իսկ արդյունահանված բազալտե հումքը կտեղափոխվի քարամշակման արտադրամաս: Մակաբացման ապարների ծավալը բացահանքի տարածքում՝ 3700 խմ:
«Հաշվի առնելով, որ հանքավայրը մշակվելու է ողջ հզորությամբ, հանքավայրի շահագործման աշխատանքներին զուգահեռ, շահագործման 6-րդ տարուց, երբ առաջանան բավականին ազատ տարածքներ, դեպի հանքավայրի մշակված տարածքներ կսկսվեն տեղափոխվել լցակույտային ապարները՝ ալյուվիալ-դելյուվիալ ապարները», - նշված է հայտում:
Ըստ հայտի՝ հանքավայրի Հաղթանակ տեղամասի շրջանը ջրազուրկ է: Բացակայում է նաև բուսական շերտը: Հանքավայրից 20 կմ հեռավորության վրա գտնվում է Որդան կարմիր պետական արգելավայրը:
Օդային ավազանի աղտոտման վերաբերյալ նշված է. «Բացահանքում աշխատող ավտոտրանսպորտը դառնալու է վնասակար գազերի և փոշու արտանետման աղբյուր, փոշեգոյացում տեղի է ունենալու նաև բացահանքի սահմաններում՝ կապված ավազի արդյունահանման տեխնոլոգիական պրոցեսսի հետ: Ըստ նախնական հաշվարկների՝ տեղամասի տարածքում վնասակար գազերի՝ ազոտի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր, առավելագույն կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները:
Ազդեցությունը մթնոլորտի վրա պայմանվորված է հիմնականում ծխագազերի, փոշու արտանետումներով` բացահանքի շահագործման ընթացքում, փոշու արտանետումներով լցակույտերի մակերևույթից»:
Որպես կանխարգելող միջոցառումներ նախատեսվում են «սարքավորումների տեխնիկական վիճակի նախնական և պարբերական ստուգումներ, զտիչների տեղադրում արտանետման խողովակների վրա, աշխատանքային հրապարակների և ճանապարհների ոռոգում ջրցան մեքենայով»:
Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված մշտադիտարկումների իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել տարեկան 250 հազար դրամ:
Դեկտեմբեր 10, 2021 at 15:50
