Քաղաքացիական հասարակության առաջարկությունները՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանն ընդառաջ

Քաղաքացիական հասարակության առաջարկությունները՝  հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանն ընդառաջ

2021թ. դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին ընդերքօգտագործման ոլորտի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարական պլանավորման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Հայաստանյան քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը ներկայացրեց Պատասխանատու հանքարդյունաբերությանն առնչվող առաջընթացը ԱՃԹՆ շրջանակում: «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Նաիրա Դերձյանը ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ռազմավարության հիմնական ուղղությունները: 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին, թե հանքարդյունաբերության հանրային վերահսկողության ինչպիսի գործիքներից և գործողություններից կարող են օգտվել քաղաքացիները: Աղավնի Հարությունյանը ներկայացրեց Mininginfo.am կայքը, Սիրանուշ Հարությունյանը հանքարդյունաբերությանն առնչվող էլեկտրոնային դասընթացը, իսկ Ալեքսանդր Առաքելյանը՝ ընդերքօգտագործման մոնիտորինգի ձեռնարկը: 

Հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության վերաբերյալ իրենց լրագրողական հետաքննություններով հանդես եկան «Ինֆոկոմ» և «Սիվիլնեթ» լրատվամիջոցների լրագրողներ՝ Մարգարիտա Ղազարյանն ու Մկրտիչ Կարապետյանը: 

Ֆորումի հաջորդ մասը նվիրված էր ազդակիր համայնքների ու դրանց բնակիչների իրավունքների և ընդերքօգտագործման քաղաքականության առանցքային խնդիրների քննարկմանը: Ելույթներով հանդես եկան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը,  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան բնակավայրի բնակիչ Սամվել Սիրադեղյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը, կենտրոնի աշխատակից Ալեքսանդր Առաքելյանն ու Քրիստինե Սահակյանը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, փորձագետ Արթուր Գրիգորյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Բորիս Գասպարյանը:

Ֆորումի ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում Հայաստանի հանքարդյունաբերության ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ, որը կներկայացնենք հաջորդիվ:

Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» և «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունՆ ԱՃԹՆ գործընթացում» ծրագրերի շրջանակներում վերհանված խնդիրներն ու առաջարկություններ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության համար:

Այդ առաջարկություններն են.

- Ուսումնասիրել, կամ հիմնվելով արդեն իսկ առկա ուսումնասիրությունների արժանահավատ արդյունքների վրա, լուծումներ առաջարկել հանքարդյունաբերության հետևանքով քիմական աղտոտվածության ենթարկված հողերի և գետերի մաքրման վերաբերյալ։

- Նախատեսել ազդակիր համայնքի որոշման մեթոդաբանության մշակում,  որը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատելու հանքարդյունահանող կազմակերպության բացասական ազդեցությունները բնակավայրերի վրա։

- Բնապահպանական հարկերը  համարժեք չեն քիմիական աղտոտման հետևանքով պատճվառած վնասների չափերին, հարկերից առաջացող գումարները   չեն ուղղվում  այդ վնասի վերացմանը, կամ չեզոքացմանը: Ուսումնասիրել այդ ոլորտում միջազգային փորձը, այդ թվում նույն համայնքի վրա  մի քանի հանքարդյունաբերական օբյեկտների կոմուլիատիվ ազդեցությունների գնահատման մեթոդաբանությունը   և դրան համապատասխան  ՀՀ գործող օրենսդրությունում  կատարել   փոփոխություններ:

- Նախատեսել համապատասխան օրենսդրական փոփոխություններ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության կանխման, առկա բնապահպանական խնդիրների վերացման, խիստ պատասխանատվության սահմանման վերաբերյալ:

- Ուսումնասիրել ՀՀ առողջապահության նախարարության մշակած «Բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման» մեթոդաբանությունը, որ դեռ 2019թ-ից ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Աառողջապահության համաշխարհային կազմակերպություն կարծիքի համար, տալ գնահատական և նախատեսել դրա կիրառումը:

- Հանքարդյունաբերական տարածքների աղտոտվածության պարբերական ուսումնասիրության, վերլուծության և լուծումների առաջարկման նպատակով նախատեսել պետական և  պատկան մարմինների քիմիական  լաբորատորիաների  գիտական սարքավորումների վերազինում, դրանց մասնագետների համար կազմակերպել պարբերական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ։

- Նախատեսել սոցիալական և բնապահպանական  ապահովագրության, վնասների փոխհատուցման համակարգերի  ներդրման դրույթներ  հանքարդյունաբերության հետևանքով տուժած համայնքների բնակիչների համար:

- Ընդերքօգտագործման իրավունքը պետության կողմից դադարեցվելու դեպքում նախատեսել մեխանիզմներ՝ պարտավորեցնելով ընդերքօգտագործողին  վերականգնել խախտված հողերը, ռեկուլտիվացնել պոչամբարները, նախատեսել լուծումներ այդ ընդերքօգտագործողի կողմից համայնքից վարձակալված կամ գնված հողերի հետվերադարձի համար:

- Ուսումնասիրել Հայաստանի 23 պոչամբարները տեխնիկական անվտանգության և էկոլոգիական տեսանկյունից՝ բացահայտելու խնդիրները և առաջարկել լուծումներ:

- Ընդերքօգտագործման պայմանագրերում պարտադիր ներառել համանքների սոցիալ-տնտեսական զարգամանն ուղղված պարտավորություններ համանքների կարիքներին համապատասխան: Նախատեսել ընդերքօգտագորթման պայմանագիրի՝ ՀՀ լիազոր մարմին-հանքարդյունահանող կազմակերպություն-ազդակիր համայնք  եռակողմ ձևաչափով կնքման դրույթ։

- ՇՄԱԳ փորձաքննությունն իրականացնել դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով, փորձաքննության եզրակացության մեջ  ներառել առողջապահական, տեխնիկական անվտանգության, սանիտարահամաճարակային փորձաքննությունների արդյունքները և հանքարդյունաբերական ծրագրերի տնտեսական օգուտի և տնտեսական վնասի վերլուծությունը։ 

- Դիտարկել ընդերքօգտագործողի կողմից համայնքի բնակչության նկատմամբ տարեկան կտրվածքով հաշվետու լինելու մեխանիզմի ներդրումը:

- Հանքարդյունաբերական ծրագրի տնտեսական վնասի դեպքում նախատեսել այդ վնասի փոխհատուցում պետությանը կամ համայնքին:

- Դիտարկել հանքարդյունաբերական ծրագրի տնտեսական օգուտի՝  բնական  էկոհամակարգերին, մարդկանց առողջությանը պատճառած վնասին համադրելու և այդ ծրագրի նպատակահարմարությունը գնահատելու մեխանիզմներ:

- Ուսումնասիրել հանքարդյունաբերության ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա՝ հաշվի առնելով հսկայածավալ անտառահատումները և ոչ համարժեք և անարդյունավետ անտառվերականգնումը, ջրային ռեսուրսների օգտագործումը, արտահոսքերի, վթարների դեպքում ջրային ռեսուրսների աղտոտումը և դրանց հետևանքով բուսականության չորացումը:

- Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, թե ընկերությունները որքան գումար  են հատկացնում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին, որը ռեալ կարող է ծածկել հանքի փակման կամ պոչամբարի ռեկուլտիվացման ծախսերը և տեղայնացնել այն:

- Նախատեսել լքված հանքերի, լցակույտերի, պոչամբարների կոնսերվացման միջոցառումներ:

- Խուսափել հին և նոր հանքավայրերի նկատմամբ նախատեսվող  սահմանափակումների կիրառման  երկակի ստանդարտներից։

- Նախատեսել հանքավայրից օգտակար հանածոների ամբողջական  կորզմամբ շահագործման  դրույթներ, բացառելով միայն  հարուստ հանքերևակումների շահագործումը  ընկերությունների կողմից /օրինակ, Կավարտի հանքի դեպքում/։

- Նախատեսել հանքաքարից բոլոր օգտակար մետաղների առավելագույն կորզումը, այլ ոչ միայն մեկ կամ երկու մետաղի կորզում, իսկ մյուսները որպես թափոն պոչամբարներ լցնել:

- Նախատեսել հանքաքարից վերջնարդյունքի ստացում ՀՀ-ում:

- Խտանյութերի արտահանման պարագայում հրապարակային դարձնել խտանյութի պարունակությունը:

- Նախատեսել պոչամբարների պոչանքների վերամշակում:

- Նախատեսել ամենամյա պետական վերահսկողական մեխանիզմներ և հայտնաբերված խախտումների դեպքում տույժերի ու տուգանքների չափը դարձնել վնասին համարժեք: 

Ֆորումը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Դեկտեմբեր 16, 2021 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր