Սնդիկի արտանետումներից մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պահպանելու համար ՇՄՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

Սնդիկի արտանետումներից մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պահպանելու համար ՇՄՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

Մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից պահպանելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) մշակել է «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագծերը:

«Սնդիկի մասին» օրենքի նախագծով արգելվելու է սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը:  Ընդերքի մասին օրենսգրքով էլ արգելվելու է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո: 

Ըստ էության, սնդիկ պարունակող հանքերի ընդերքօգտագործումը թույլատրելով, այս օրենսդրական նախաձեռնությունը չի կարող պահպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի արտանետումներից:

Նշենք, որ դեռ 1974-1978թթ սնդիկի արմատական երևակումներ են հայտնաբերվել  Սևանա լիճ թափվող Մասրիկ գետի վերին հոսանքների ավազանում` Սոնա աղբյուրի և Վերին Շորժայի տարածքներում: Նույն տարածքում հայտնաբերված է նաև ոսկի:

2014-2017թթ. Մասրիկ գետի վերին հոսանքներում ոսկու որոնման  համար ընդերքօգտագործման իրավունք էր ստացել «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն,

2015-2018թթ. ոսկու որոնման ընդերքօգտագործման իրավունք էր ստացել «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը: «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հետախուզման աշխատանքներ էր իրականացնելու Վերին Շորժա համայնքի 81.8 հա տարածքում, իսկ «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը՝ Ակունք համայնքի 695 հա վարչական տարածքում:

Հիշեցնենք, որ սնդիկը համարվում է խիստ վտանգավոր քիմիական նյութ: Այն տոքսիկ ազդեցություն է ունենում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի վրա, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա: Հատկապես լուրջ խնդիրներ են առաջանում հղի կանանց շրջանում, քանի որ սնդիկը վտանգ է ներկայացնում պտղի ներարգանդային և մանկան կյանքի վաղ փուլերում զարգացման համար:

Դեկտեմբեր 28, 2021 at 10:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր