

Սույն թվականի հունվարի 5-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող 15% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը։
Համապատասխան պայմանագիրը կկնքեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը:
Պայմանագրով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին չի տրամադրվում բաժնետոմսերի օտարման, գրավադրման կամ այլ ձևով երրորդ անձանց փոխանցելու լիազորություն առանց Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի համաձայնության: Ընկերությունից շահութաբաժիններ ստանալու իրավունքը պատկանում է ՀՀ-ին:
Պայմանագիրը կգործի 10 տարի ժամկետով։ Եթե կողմերից որևէ մեկը մյուս կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց 30 օր առաջ չի ծանուցում պայմանագրի դադարեցման մասին, պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով:
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
Հունվար 07, 2022 at 10:29
