

2022թ. հունվարի 11-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառ իրականացնելու նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի քննարկումը տեղի չի ունեցել: «ԷկոԼուրին» Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ այս պահին նման նախագիծ չի մշակվում:
Նշենք, որ հունվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարության կայքում տեղադրվել էր հայտարարություն այն մասին, որ մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է նախարարության կայքում նման հայտարարություն տեղադրվել, Շրջակա միջավայրի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել:
Հունվար 11, 2022 at 16:48