

«Ավ Մայնինգ» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:
Հայտի 2-րդ հանրային լսումները նշանակված են ս.թ. հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի ղեկավարի նստավայրում:
Արջիձորի հանքային դաշտը գտնվում է Արջիձոր և Սնկաձոր գետակների ավազանում, Ստեփանավան քաղաքից 23 կմ, իսկ Կաթնաղբյուր գյուղից 8 կմ հեռավորության վրա: Հայցվող տարածքը զբաղեցնում է 407.5 հեկտար մակերես, որի սահմաններում ընկերությունը մտադիր է հետախուզել, գնահատել և հաշվարկել ոսկու և գունագեղ քարերի՝ յաշմա, խալցեդոն, օձաքարեր, պաշարներ: Երկրաբանական աշխատանքները կատարվելու են շլիխային հանույթի, մակերեսային լեռնային փորվածքների անցման, նմուշարկման միջոցով: Լեռնային փորվածքների՝ հետախուզաառուների անցումը նախատեսվում է իրականացնել ձեռքով և էքսկավատորի միջոցով՝ մինչև 2 մետր խորությամբ: Առուներից նախատեսվում է վերցնել 400 ակոսային նմուշ, իսկ հորերից՝ 200 համախառը նմուշ: Գունագեղ քարերից նախատեսվում է վերցնել 50 մենաքարային նմուշ: Ցրոնային ոսկու պարունակությունների որոշման նպատակով նախատեսվում է մեծածավալ նմուշների վերցնում՝ ընդհանուր 50 խմ ծավալով: Այդ ծավալը պետք է տեղում մշակվի լվացման միջոցով:
Հայտում նշված է, որ տեղամասի տարածաշրջանը հարուստ է ջրային ռեսուրսներով: Կան քաղցրահամ և հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, ինչպես նաև Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը: Արջիձորի ոսկու հանքերևակման աջափնյա մասը տեղադրված է Ձորագետի երկու աջ վտակների՝ Արջիձորի և Սնկաձորի ակունքներում և տարածվում է մինչև այդ վտակների ստորին հոսանքները՝ զբաղեցնելով նաև հարակից և շրջափակող ջրբաժանները, իսկ ձախափնյա մասը՝ Ձորագետի ձախ ափում, Սնկաձոր գետակի դիմաց: Ըստ հայտի՝ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: «Նախնական տվյաներով, մերձմակերևութային գրունտային ջրերի հորիզնոններ տարածքում չկան… նախատեսվում է հորատանցքերում կատարել դիտարկումներ ջրարբի հորիզոնների առկայությունը պարզելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով ջրի որակը և կատարելով ռեժիմային դիտարկումներ», - նշված է հայտում:
Ըստ հայտի՝ հայցվող տարածքն անտառազուրկ է: Տարածքում չկան սողանքներ, հատուկ պահպանվող տարածքներ, կարմիրգրքյան տեսակներ, բնության և մշակութային հուշարձաններ: Դաշտային աշխատանքների կատարման համար նախատեսվում է օգտագործել գոյություն ունեցող ավտոճանապարհները:
Նշենք, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ն գրանցվել է 2021 թ-ի փետրվարի 17-ին: Ընկերության 100% բաժնետերը ՀՀ քաղաքացի Արթուր Գևորգյանն է:
Հունվար 12, 2022 at 14:13