

Հայաստանում մետաղական, ոչ մետաղական հանքերի, հանքային ջրերի ընդերքօգտագործման համար գործող 427 ընդերքօգտագործման պայմանագրերից 244-ում առկա չեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման օժանդակության պարտավորություններ:
Մինչդեռ սա օրենքի պահանջ է: Այն ամրագրված է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 50-րդ հոդվածով, ինչպես և ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22 N 437-Ն որոշմամբ: Այս որոշման դրույթները տարածվում են հանքային ջրերի, մետաղական և ոչ մետաղական և հանքավայրեր շահագործող կազմակերպությունների վրա և ուժի մեջ են որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ընդերքօգտագործման պայմանագիրը երկկողմանի ակտ է, որն ստորագրվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ընդերքօգտագորողի միջև։
Մեր կողմից ընդերքօգտագործման իրավունքների վերլուծությունից պարզվեց հետևյալը.
- 10․01․2022թ. դրությամբ ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքներ ունեցող 36 ընկերություններից 27-ը ընդերքօգտագործման պայմանագրում չունեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման օժանդակության ցուցաբերման պարտավորություններ, չնայած նրան, որ այդ կազմակերպությունները 2012 թվականից հետո կատարել են իրենց ընդերքօգտագործման պայմանագրի փոփոխություններ, և այդ գործընթացի շրջանակներում պարտավոր էին ներառել այդ բաղադրիչը։
- 11․02.2022 թվականի դրությամբ ոչ մետաղական հանքավայրերի ընդերքօգտագործման 369 պայմանագրերից 205-ում ամրագրված չեն նման պահանջներ։ Այստեղ հարկ է նշել, որ 2012 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2013 թվականի օգոստոսը կնքված 200 պայմանագրերից միայն 13-ում են ներառված համայնքի նկատմամբ կազմակերպության ստանձնած պարտավորություններ։ Այսինքն, այդ կազմակերպությունների նկատմամբ նախկին ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը ցուցաբերել է բացահայտ կողմնակալ և անօրինական դիրքորոշում, ազդակիր համայնքներին էլ զրկել է ֆինանսական կամ տեխնիկական օժանդակությունից։ Ընդերքօգտագործման պայմանագրերում համայնքներին ցուցաբերվող օժանդակության չափերը խիստ աճել են վերջին երկու-երեք տարիներին և նրանց նպատակայնության վեկտորը խիստ ուղղորդված է։ Եթե նախկինում այդ նպատակները ձևակերպված էին ոչ հստակ՝ «դպրոցին կամ մանկապարտեզին օգնություն», «վճարել ուսանողի վարձ», «անապահով խավերին ապահովել դեղորայքով», ապա այժմ այն ավելի քան առարկայական է ձևակերպված. «յուրաքանչյուր տարի համայնքապետարանի բյուջեին վճարել․․․․․ գումար»։ Այս փոփոխությունները գործընթացը դարձնում են ավելի վերահսկելի:
- 01.01.2022 թվականի դրությամբ մետաղական հանքավայրերի շահագործման համար կնքված 22 ընդերքօգտագործման պայմանագրերից 12-ում՝«Լիճքվազ» ՓԲԸ, «Ֆորչըն ռիզորսիս» ՍՊԸ, «Վարդանի Զարթոնք» ՍՊԸ, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ, «Լեռ-Էքս» ՍՊԸ, «Չաարտ Կապան» ՓԲԸ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, «Թեղուտ» ՓԲԸ, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, ներառված չեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու դրույթներ։
Կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազդակիր համայնքի տարածքում շրջակա միջավայրի և սոցիալական վիճակի վրա բացասական աղդեցություն թողնող կազմակերպությունների կողմից համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջների ձևակերպումները կարիք ունեն հստակեցման և կանոնակարգման։ Դրանք պետք է լինեն առարկայական և նպատակային, այդ գործընթացում ազդակիր համայնքը պետք է ունենա ակտիվ դերակատարում: Անհրաժեշտ է ապահովել մեխանիզմներ, որպեսզի համայնքների խոշորացումից հետո այդ նպատակով համայնքների բյուջեում կուտակված միջոցները ուղղվեն հատկապես հանքավայրի ազդակիր բնակավայրի/երի սոցիալ-էկոլոգիական խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ է ապահովել համայնքի ղեկավարի հաշվետվողականությունը այդ միջոցների ծախսման վերաբերյալ, ինչպես նաև ՏԻՄ-ի ղեկավարին անհրաժեշտ է պատվիրակել որոշակի լիազորություններ ընդերքօգտագործողի կողմից ստանձնած սոցիալ-տնտեսական պարտավորությունների չկատարման պարագայում ազդեցության մեխանիզմների կիրառման համար։
Փետրվար 15, 2022 at 12:22
