Անտառվերականգնման և ընդերքօգտագործման երկու ծրագիր՝ նույն վայրում. ո՞ր ծրագիրը կիրականացվի

Անտառվերականգնման և ընդերքօգտագործման երկու ծրագիր՝ նույն վայրում. ո՞ր ծրագիրը կիրականացվի

ՀՀ Լոռու մարզի Սարահարթ, Շենավան բնակավայրերի տարածքներում երկու խիստ տարբեր ծրագրերի իրագործում է նախատեսվում: Ծրագրերից մեկը ոսկու որոնման և հետագայում արդյունահանման ծրագիր է, մյուսը՝ անտառվերականգնման: Ո՞ր ծրագիրը կյանքի կկոչվի:

Սույն թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի հանդիսությունների սրահում Սարահարթ, Շենավան բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը: Այս մասին հայտնում է Սպիտակի համայնքապետարանը: «Հայասա Ռեսոուրսիս Քորփ»-ը փոխկապակցված է կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» ընկերության հետ:

Նույն Սարահարթ, Շենավան, ինչպես նաև Արևաշող բնակավայրերին պատկանող հողատարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու համար դեռ  2021թ-ին «My Forest Armenia» ՀԿ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն։ 2022թ-ի փետրվարին ստացել է Շրջակա միջավայրի նախարարության դրական կարծիքը: Հայտը փորձաքննության փուլում է, երկրորդ հանրային լսումները դրական գնահատականով ավարտվել են 2022 թվականի մարտին։ Ըստ հայտի՝ անտառվերականգման համար հայցվող տարածքը կազմում է 1407 հա՝ Սարահարթ՝ 494 հա, Շենավան՝ 460 հա և Արևաշող՝ 453 հա։ Հիմնադրվող անտառային մշակույթները պետք է կազմված լինեն հետևյալ տեսակներից. ծառեր՝ կաղնի խոշորառեջ, հաճարենի արևելյան, սոճի կեռիկավոր, սոճի սովորական, սոճի ղրիմյան, բոխի կովկասյան, կեչի Լիտվինովի, թխկի սրատերև, թխկի բարձրլեռնային, թխկի դաշտային, լորենի մանրատերև, լորենի կովկասյան, հացենի սովորական, տանձենի կովկասյան, խնձորենի անտառային, արոսենի սովորական թփեր՝ կիպրոս սովորական, ասպիրակ Վանհուտի, հաղարջենի սև, հաղարջենի կարմիր, չիչխան դժնիկանման, կտտկենի սև, ծորենի արևելյան, իլենի սովորական: Անտառվերականգնման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել 176 մարդ:

Ընտրված տարածքները նպաստավոր են ծառաթփային տեսակների կպչողականության, աճի համար՝ պայմանավորված տեղի նպաստավոր պայմանների ամբողջությամբ, բարձրության գոտիականությամբ, դիրքադրությամբ, հողաշերտի հաստությամբ ու բերրիությամբ, միջավայրի խոնավությամբ:

Համայնքը կանգնելու է երկընտրանքի առջև՝ ընտրել հանքարդյունաբերություն, որը կարող է կարճաժամկետ ֆինանսական օգուտ տալ համայնքին, սակայն վնասել բնությանը, աղտոտել շրջակա միջավայրը, թե ընտրել երկարաժամկետ կտրվածքով համայնքին սոցիալական, էկոլոգիական օգուտ խոստացող կանաչ ծրագիր:

Ապրիլ 06, 2022 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր