Մարտի 21-ն Անտառների միջազգային օրն է

Մարտի 21-ն Անտառների միջազգային օրն է

Մարտի 21-ն Անտառների միջազգային օրն է: Այս օրը նշում են նաև անտառագետի օրը:

Անտառները, դրանց կայուն կառավարումը և ռեսուրսների օգտագործումն առանցքային դեր են խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում և ներկա և ապագա սերունդների բարգավաճմանն ու բարեկեցությանը նպաստելու գործում: Անտառները նաև կարևոր դեր են խաղում աղքատության դեմ պայքարում: Չնայած այս անգին բնապահպանական, տնտեսական, սոցիալական և առողջապահական օգուտներին, համաշխարհային անտառահատումները շարունակվում են տագնապալի արագությամբ:

ՄԱԿ-Ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համաձայն՝ Անտառներում է գտնվում աշխարհի ցամաքային կենսաբազմազանության գրեթե 80%-ը: Անտառներն ու անտառային տարածքներում աճում են ավելի քան 60000 տեսակի ծառեր։ Մոտ 1,6 միլիարդ մարդ ուղղակիորեն կախված է անտառներից սննդի, կացարանի, էներգիայի, դեղորայքի և եկամուտների համար: Համաշխարհային անտառահատումները շարունակվում են տագնապալի տեմպերով. տարեկան հատվում է 10 միլիոն հեկտար անտառ:

Հայաստանը սակավանտառ երկիր է: Պաշտոնապես Հայաստանի անտառները 1993թ-ի տվյալներով կազմում են երկրի 11,2 %-ը: Սակայն այս տարածքները տարիների ընթացքում կրճատվել են: Փորձագիտական տվյալներով կազմում են 6-8%: Հայաստանում անտառները հատվում են ինչպես էներգետիկ նպատակով, այնպես էլ՝ որպես շինանյութ օգտագործվելու համար:

Նշենք, որ 2020թ-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվարկով անտառներին պատճառված վնասը կազմել է շուրջ 815 միլիոն դրամ: Իսկ 2021թ. աշնան 3 ամիսների ընթացքում՝ սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, անտառներին պատճառված վնասը կազմել է շուրջ 342 միլիոն դրամ:

Չնայած պետությունը և միջազգային կազմակերպություններն անտառի պահպանման և անտառվերականգնման ծրագրեր են նախաձեռնում, սակայն դրանք ցանկալի արդյունք չեն կարող տալ լայնածավալ անտառահատումների ֆոնին:

Մենք՝ բոլորս, պատասխանատու ենք մեր մոլորակի պահպանության համար, որի կարևորագույն մասն են կազմում անտառները: Այս կոչը մարդկանց հասցնելու համար ՄԱԿ-ն այս տարի օրվա թեման անվանել է «Անտառները և կայուն արտադրությունն ու օգտագորումը»՝ ի բարօրություն մարդկանց և մոլորակի:

 

Մարտ 21, 2022 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր