

Ինգա Մարտինյան, Հետք
«Եթե քաղաքապետարանի, կառավարության մակարդակով հակաէկոլոգիական որոշումներ են լինում, այդ դեպքում հասարակությանը չես կարող էկոլոգիապես կրթել»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
Անցյալ շաբաթ Կառավարությունը օրենքի նախագիծ ընդունեց ընդերքի վերաբերյալ, որը պետք է ներկայացնի Ազգային ժողով: Կարինե Դանիելյանն ասում է, որ ըստ Հայաստանի ստորագրած բոլոր միջազգային փաստաթղթերի` այդ օրինագիծը նախ պետք է քննարկվեր, ապա նոր ուղարկվեր Ազգային ժողով:
«Մեզ խիստ անհանգստացնում է, որ մենք իջել ենք մի մակարդակի, որ հումք և էժան աշխատուժ ենք մատակարարում զարգացած երկրներին: Պատահական չէ, որ համաշխարհային բանկն է մշակել դա: Համաշխարհային բանկի փորձագետների ձեռքերով մենք ամբողջ արդյունաբերությունը զրոյի հասցրինք»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Մինչդեռ Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը հակառակ կարծիքն ունի: «Ընդերքը պետք է շահագործվի, որովհետև յուրաքանչյուր երկիր պետք է իր բնական պաշարները օգտագործի: Երանի այն հասարակությանը, որ ունենա ընդերքշահագործում և չունենա խնդիրներ»,- ասում է նա:
Վիկտոր Մարտիրոսյանը նշում է, որ Ազգային ժողովը լսումների մի ամբողջ համակարգ ունի և չի ուզում վիճարկել այդ օրինագծի հրատապությունը:
«ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԻ, ԵԹԵ ԱՌԿԱ Է ՄԱՔՈՒՐ ԲՆՈՒԹՅՈՒՆ»
Ինգա Մարտինյան, Հետք
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Շատերը դա դիտարկում են որպես աղբահանության ծրագիր, բայց իրականում աղբահանությունը «Մաքուր հայրենիքի» դրույթներից մեկն է միայն: Ծրագիրը նախատեսում է նաև հանրության լայն շերտերի ընդգրկմամբ կոնկրետ տարածքների մաքրում և բարեկարգում, ամենօրյա գործելակերպի մշակում, հետևողականության ու սրտացավ վերաբերմունքի սերմանում մաքուր բնակավայր, մաքուր հայրենիք ունենալու համար, ինչպես նաև երիտասարդ սերնդի էկոկրթության բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագրոծում, դերերի և պարտականությունների հստակեցում, էկոմշակույթի և ավանդույթների սերմանում:
«Մաքուր հայրենիք» ծրագրի իրականացումը բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում. նախատեսվում է հիմնադրել «Մաքուր հայրենիք» ծրագրի բարեգործական ֆոնդ:
Բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Գոհար Օգանեզովան ողջունում են ծրագիրը` չնայած շատ բան նրանց համար դեռևս անհասականալի է: Կարինե Դանիելյանն ասում է, որ իրենց զարմացնում է փակ աշխատանքը այս ոլորտում, և որպեսզի հանրությունը վստահի ու մասնակցի ծրագրին, պետք է հրաժարվել իմիտացիոն հարցերից: Նա նշում է, որ եթե իրենք աշխատեին, ծրագրի վերնագիրը կլիներ «Մաքուր և կանաչ հայրենիք», որովհետև այդ երկու երևույթները փոխկապակցված են:
«Մաքուր հայրենիք հնարավոր է լինի, եթե առկա է մաքուր բնություն: Մարդը իրենից հետո աղբ է թողնում, ոչ մի այլ արարած այդպես չի անում: Պետք է ուշադրություն դարձնենք կանաչի վրա, նախ պետք է աղբը մաքրենք, հետո խոսենք մաքուր հայրենիքի մասին»,- ասում է Գոհար Օգանեզովան: Նա նշում է, որ Հայաստանում կա ընդամենը երկու արգելոց` Խոսրովն ու Շիկահողը, ընդ որում Խոսրովի արգելոցի մեջտեղում ռեստորան են բացել: «Մաքուր հայրենիքը» չպետք է դա թույլ տա:
Ասուլիսի մյուս բանախոսը` Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն, ասում է, որ իրենք չեն կարող արգելել մարդկանց գնալ և հանգստանալ բնության գրկում, բայց խնդիրն այն է, որ մարդը պետք է ունենա այնքան կուլտուրա, որ չկեղտոտի շրջակա միջավայրը:
«Էկոտուրիզմը երբեք չի ասում` ռեստորան կառուցիր: Դա հակասում է էկոտուրիզմին: Եթե մենք երկիրը ծածկում ենք թունավոր պոչամբարներով, սեյսմիկ անվտանգությունը չենք ապահովում, ապա մաքուր հայրենիքը մեզ չի փրկի: Ամբողջ երկիրը պոչամբարներով ծածկենք ու ասենք` «մաքուր հայրենիք»»,- ասում է Կարինե Դանիելյանը` հավելելով, որ Հայաստանում արդեն 15 պոչամբար կա:
Սեպտեմբեր 15, 2010
