2023թ-ի սեպտեմբերին ավարտվում է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը: Ընկերությունը 2021թ-ի հոկտեմբերին Շրջակա միջավայրի նախարարություն էր ներկայացրել հանքաքարի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ հանքի հետագա շահագործման համար:
Նախագիծն արդեն հասել է հանրային քննարկման վերջին՝ 4-րդ փուլ: Հանրային քննարկումը կանցկացվի ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում: Ընկերությունը հայտում կրճատել է հանքի հետագա շահագործման համար նախանշած ժամկետը՝ 17.2 տարվա փոխարեն նշելով 16.9 տարի:
Հանքավայրին մոտակա բնակավայրը Մեղրաձոր գյուղն է, գտնվում է հանքի վարչական շենքից մոտ 0.5 կմ, իսկ ստորգետնյա հանքից մոտ 2 կմ հեռավորության վրա:
Հայտում նշված է, որ Մեղրաձորի ոսկու հանքաքարի հանքավայրը շահագործվում է 1985 թ-ից՝ «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի կողմից կազմված աշխատանքային նախագծի հիման վրա: Նախագիծը կազմվել է նախկին ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից հաստատված պաշարների հիման վրա: 2016 թ-ին կատարվել է հանքավայրի արմատական վերագնահատում հանքաքարի պաշարների հաշվարկումով: Ներկայացված նախագծով նախատեսվում է ստորգետնյա լեռնային աշխատանքներով արդյունահանել հանքաքարի բոլոր արդյունաբերական պաշարները։
Ստորգետնյա հանքի տարեկան արտադրողականությունը ըստ հանքաքարի կազմելու է 60.000 տոննա։ Բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքներն անցկացվելու են հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ։ Հանքային մարմնի բացումը նախատեսվում է իրականացնել համակցված՝ բովանցքներով և հանքային-թեքատներով։ Ստորգետնյա հանքում հանքաքարի ընդհանուր կորուստները կազմելու են 4-6%, միջինը՝ 5%, իսկ հանքաքարի որակի փոփոխությունը դատարկ ապարների հաշվին կազմում է (աղքատացումը) 40-50%, միջինը՝ 45%:
«Հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման համար ընդունված է տեղում հաջողությամբ կիրառվող, վարընթաց շերտերով մշակման համակարգը՝ քերաշերեփային կարապիկների և ինքնագնաց սարքավորումների կիրառմամբ», - նշված է հայտում:
Որտեղ է վերամշակվելու հանքաքարը, հայտում նշված չէ: Հարստացուցիչ ֆաբրիկայի վերաբերյալ միայն մեկ հիշատակում կա. «Թեժառույքի հայ քաղկեդոնականների վանքի համալիրը գտնվում է Մարմարիկ գետի աջ ափին և չի ենթարկվի որևէ ազդեցության ֆաբրիկայի կառուցման և շահագործման հետևանքով»:
Հայտում տեղեկատվություն չկա նաև պոչամբարի վերաբերյալ, միայն մեկ անորոշ նախադասություն. «Պոչամբարի շինարարության ժամանակ մթնոլորտ արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասի հաշվարկը բերված է աղյուսակ 6.1.1-ում»: Աղյուսակ 6.1.1-ը հայտում բացակայում է:
Ըստ հայտի՝ հանքավայրում առաջանալու են 3-րդ և 4-րդ վտանգավորության թափոններ, ընդհանուր տարեկան 34.76 տոննա: Հանքարդյունահանման ժամանակ առաջացող արտանետումներն են փոշին և գազերի (ածխածնի և ազոտի օքսիդներ) զարկային արտանետումները, որոնք առաջանում են պայթեցումների ժամանակ: «Փոշու և գազերի էմիսիայի տևողությունը պայթեցման աշխատանքների ժամանակ կազմում է 10-15 րոպե, այդ պատճառով դրանք համարվում են զարկային և մթնոլորտի աղտոտման մակարդակի հաշվառման ժամանակ հաշվի չեն առնվում», - նշված է հայտում: Ըստ հայտի՝ տարեկան մթնոլորտ են արտանետվում ընդհանուր առմամբ պայթեցման ժամանակ՝ 1.33 տոննա, շահագործման ժամանակ՝ 3.246 տոննա վնասակար նյութեր: Հայտում նշված է, որ հանքի շահագործման ընթացքում արտանետումներից տնտեսությանը հասված տնտեսական վնասը գնահատվում է 683.723 հազար դրամ:
Ըստ հայտի՝ հանքավայրի տարածքի հողերը աղտոտված չեն՝ բացառությամբ ծծմբի միացությունների. «Ստորերկրյա եղանակով հանքաքարի արդյունահանումը չի հանդիսանում հողերի մակերեսի ծծմբի միացություններով աղտոտման աղբյուր: Հանքայնացման գոտի հանդիսացող տարածքի հողերում ծծմբի պարունակություններն ուղղակիորեն պայմանավորված է բնական գեոքիմիական ֆոնով ապարներում»:
Հանքաջրերը թափվում են Մարմարիկ գետ և վերջինիս Գոմուռ վտակը: Գոմուռ գետ աղտոտող նյութերի 32.18 տոննա տարեկան արտահոսքի հիմնական մասը կազմում են սուլֆատները, կալցիումը, կախված նյութերը և մագնեզիում՝ 31.14 տոննա/տարի, կամ ընդհանուր արտահոսքի մոտ 97%: Մարմարիկ գետ աղտոտող նյութերի 11.82 տոննա տարեկան արտահոսքի հիմնական մասը կազմում են սուլֆատները, կալցիումը և մագնեզիում՝ 10.55 տոննա/տարի, կամ ընդհանուր արտահոսքի մոտ 89% : Հայտում նշված է. «Ջրային ռեսուրսներ թափվող մաքրված հոսքաջրերի 2 արտահոսքերի համար ջրային ռեսուրներին հասցված տարեկան տնտեսական վնաս տեղի չի ունենում»:
Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը՝ Արզական-Մեղրաձոր արգելավայրը, ուղիղ գծով հանքից գտնվում է 1.3 կմ հեռավորության վրա:
Ստորգետնյա հանքում աշխատում է 99 մարդ:
Կոնսերվացման և ռեկուլտիվացիոն աշխատանքների ծրագրով նախատեսվում է ստորգետնյա հանքի տարածքից շարժական սարքավորումների հեռացում, բովանցքերի բերանի փակում, բովանցքերի արդհրապարակների մաքրում և հողաբուսական շերտով ծածկում: Մնացած ենթակառուցվածքների տարածքները նախատեսվում է մաքրել և բերել նախկին տեսքին:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը ՀՀ քաղաքացի Վարդան Մարգարյանն է:
Մայիս 19, 2022 at 15:54