«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) լրամշակված հայտը: Ընկերությունը մտադիր է 17.2 տարով երկարաձգել հանքարդյունահանման թույլտվության ժամկետը, որը լրանում է 2023թ. սեպտեմբերին:
Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքների ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումները նշանակված են ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանում:
Նախագծի համաձայն՝ ստորգետնյա հանքի տարեկան արտադրողականությունն ըստ հանքաքարի կազմելու է 60 հազար տոննա: Ընկերությունը մտադիր է իր նախանշած 17.2 տարի ժամկետում ստորգետնյա լեռնային աշխատանքներով արդյունահանել հանքաքարի բոլոր արդյունաբերական պաշարները: Հանքային մարմնի բացումը նախատեսվում է իրականացնել համակցված՝ բովանցքներով և հանքային-թեքատներով: Բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքներն անցկացվելու են հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ:
Ըստ նախագծի՝ Մեղրաձորի հանքի ուղղակի ազդեցության տակ են գտնվում Մարմարիկ գետը և իր Գոմուռ վտակը, որտեղ թափվում են հանքի ջրերը: Մարմարիկ գետը պարբերաբար աղտոտվում է Մեղրաձորի ոսկու հանքավայրի վերամշակման ֆաբրիկայի և պոչամբարից արտահոսող ջրերով: Հերթական ահազանգը հնչել էր 2021թ. մայիսին:
Մարմարիկ գետն ունի ամենաբարձր՝ 5-րդ դասի աղտոտվածություն, աղտոտիչը մանգանն է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020թ. տարեվերջյան տվյալների համաձայն՝ Մարմարիկի գետաբերանում գետն աղտոտված է եղել նաև վանադիումով, երկաթով, բարիումով, կալիումով: Նախագծի մեջ նշված է, որ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2020թ. հանքից վերև և 500 մ ներքև ընկնող գետահատածներում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ Մարմարիկ գետի ջրերում մկնդեղի և որոշվող մետաղների պարունակությունները համապատասխանում են ջրի 1-2-րդ դասերի որակին, սուլֆատների, քլորիդների պարունակությունը և հանքայնացումը` ջրի 3-րդ դասի որակին: Կախված նյութերի պարունակությամբ Մարմարիկ գետն ունի ջրի որակի 5-րդ դաս: Մեխանիկական մաքրումից հետո Գոմուռ գետ են թափվում տրանսպորտային հանքուղու ջրերը: Այստեղ կախված նյութերի պարունակությամբ գետը կրկին 5-րդ դասի որակ ունի: Ջրի որակն ըստ ցինկի գտնվում է 1-2-րդ դասերում:
Հանքի աշխատանքի հետևանքով տեղի են ունենում նաև վնասակար արտանետումներ: Մասնավորապես, տարեկան մթնոլորտ են արտանետվում շուրջ 5 տոննա վնասակար նյութեր, որից 1.33 տոննան պայթեցման ժամանակ, 3.246 տոննան՝ շահագործման ժամանակ:
Շրջակա միջավայրի վրա բացասաբար են անդրադառնում նաև հանքի շահագործման հետևանքով առաջացող և վտանգավորության 3-րդ և 4-րդ դասերին պատկանող թափոնները՝ բանեցված չվնասված կապարե կուտակիչները (0,6 տոննա/տարի), բանեցված դիզելային յուղերը (10,8 տոննա/տարի), հալոգեններ չպարունակող բանեցված հիդրավլիկ յուղերը (4,45 տոննա/տարի), բանեցված արդյունաբերական յուղերը (4,44 տոննա/տարի), բանեցված կոմպրեսորային յուղերը (1,57 տոննա/տարի), բանեցված տրանսմիսիոն յուղերը (2,8 տոննա/տարի), բանեցված գործվածքի կորդով դողածածկանները (360 հատ (տարի կամ 10 տոննա)/ տարի), եռակցման խարամը (0,1 տոննա/տարի), յուղոտված լաթերն ու կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբը: Ընդհանուր առմամբ, առաջացած թափոնների ծավալը տարեկան կազմում է շուրջ 35 տոննա:
Հոկտեմբեր 12, 2021 at 11:25