

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում հունիսի 15-ին «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային առաջին լսումը տապալվեց: Մարց, Քարինջ, Ահնիձոր և Լորուտ գյուղերի բնակիչները նշեցին, որ դեմ են ընկերության՝ Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագրին: Ի նշան բողոքի՝ բնակիչները լքեցին դահլիճը: «Թող զբոսաշրջությունը զարգացնեն գյուղում»,- նշեցին բնակիչները:
Հանրային լսման չկայանալու փաստը արձանագրվեց Մարց բնակավայրի վարչական ղեկավար Արեն Ղազարյանի ստորագրությամբ: «ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչները (մասնակցությամբ Քարինջ, Ահնիձոր, Լորուտ գյուղերի բնակիչների) մերժեցին վարչական ղեկավարի նստավայրում 15.06.22-ի ժամը 13:00-ին «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարց գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին լսումը:
Շեշտում ենք, որ հանրային լսմանը մասնակցեց 220 մարդ, որոնք էլ դեմ լինելով Մոտկորի ձորում (Մարց գետի ավազանում) հանքարդյունաբերության զարգացմանը տապալեցին, մերժեցին հանրային լսումը՝ միակամ լքելով դահլիճը»,- նշված է արձանագրության մեջ:
Գլխավոր լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի
Հունիս 15, 2022 at 16:39