Ինչպես անցան «Սագամարի» կազմակերպած լսումները

Ինչպես անցան «Սագամարի» կազմակերպած լսումները

Հուլիսի 11-ին «Սագամար» ՓԲԸ-ի կողմից Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի ավազանի հանքերևակումների տեղամասում 2022-2025թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ մի քանի հանրային լսումներ էին նշանակված: Ընկերության նախաձեռնած ծրագրին ազդակիր Ուրասար, Պուշկինո և Արջուտ բնակավայրերում լսումները կայացան, Ստեփանավանում՝ անվավեր համարվեցին, Նոր Խաչակապում՝ չանցկացվեցին: 

Ուրասար

Ուրասար բնակավայրը Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում է գտնվում: Այստեղ լսումները կայացան: Բնակիչները կողմ արտահայտվեցին ծրագրին: Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը «Սագամար» ՓԲԸ-ին է պատկանում, գտնվում է Ուրասարի անմիջական հարևանությամբ: Բնակիչները հանքավայրի շահագործման տարիներին ներգրավված են եղել որոշ աշխատանքներում: 

Ստեփանավան

Երկրորդ լսումները տեղի ունեցան Ստեփանավանի համայնքապետարանում: Ստեփանավանի համայքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ Ստեփանավան քաղաքն ընկերության մատնանշած տարածքում հող չունի և տարակուսեց, թե ինչու են լսումներն իրենց մոտ կազմակերպում: «Կարող է Ուրասար բնակավայրում կա, բայց Ստեփանավան քաղաքի վրա ամրացված պետական սեփականության հող մենք չունենք: Կարող եմ դա և՛ բալանսով, և՛ հատակագծերով ապացուցել»,- նշեց նա: 

Հաշվի չառնելով այդ ամենը՝ «Սագամար» ընկերության ներկայացուցիչները որոշեցին ամեն դեպքում ներկայացնել հավաքված բնակչությանը նախատեսվող աշխատանքների էությունը: Ընկերության ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը տեղեկացրեց, որ նախատեսվող գործունեության տարածքը զբաղեցնում է շուրջ 130 քառ. կմ, որի վրա կհորատվի թվով 44 հորատանցք: «Հորատման կետերի ընտրության ժամանակ կպահպանվի բնակավայրերից նորմատիվային հեռավորությունը. առնվազն 1000 մ հեռու պետք է լինի բնակելի տներից»,- նշեց նա: Անդրադառնալով նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությանը՝ ընկերության ներկայացուցիչը նշեց. «Հորատանցքերի համար հորատահրապարակը պետք է հարթեցվի, 12 քառ. մ տարածքով: Հողի վերին շերտն է հանվելու և պահպանվելու: Հորատման աշխատանքներից անմիջապես հետո հողի վերին շերտը հետ կլցվի: Նախատեսվում է իրականացնել գեոքիմիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որի ժամանակ կմշակվեն ավելի ճշգրիտ հորոտման կետեր, և կիրականացվի հորատումը: Փոշու ազդեցություն կլինի, որը կզսպվի ջրցանների միջոցով»: 

Ընկերության մյուս ներկայացուցիչ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պետ Վիգեն Ավետիսյանը, ներկայացրեց ծրագրի համառոտ մեթոդաբանությունը. «Հեռանկարային տեղամասերից վերցվելու է հանքաքարի տեխնոլոգիական նմուշարկում՝ լաբորատոր հետազոտությունների իրականացման համար: Բոլոր նմուշներում որոշվելու են պղնձի, ցինկի, կապարի, ազնիվ մետաղների պարունակությունները, որոնցով հետագայում կհաշվարկվեն արդյունաբերական պաշարները: Աշխատանքները կմեկնարկեն 2022թ. 3-4 եռամսյակում, ուսումնասիրությունը 3 տարի կտևի»:

Հանրային լսմանը ներկա «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Ստեփանավանի ՏԻՄ-ից հետաքրքվեց, թե որքանով է նմանատիպ գործունեությունը համընկնում Ստեփանավանի զարգացման տեսլականների հետ: «Ստեփանավանը տուրիստական քաղաք է, իրեն բրենդավորել է որպես մաքուր քաղաք, թեև առկա են Արմանիսի հանքավայրի խորքային խնդիրները»,- ընդգծեց նա: Սակայն ՏԻՄ-ի որևէ ներկայացուցիչ չարձագանքեց: Օլեգ Դուլգարյանի երկրորդ հարցը վերաբերում էր նրան, թե հայցվող տարածքում ներառված հողերը ինչ նշանակություն ունեն համայնքի համար: ՏԻՄ-ի ներկայացուցիչն արձագանքեց. «Այնտեղ հիմնականում գյուղատնտեսության նշանակության արոտներ են և այլ հողատեսքեր: Մենք նախատեսել էինք այդտեղ անտառատնկման աշխատանքներ իրականացնել, տեղանքն էլ ենք ուսումնասիրել: Ուղղակի մենք չգիտենք, թե իրենք կոնկրետ որտեղ են ուզում, որովհետև Ստեփանավանն այնտեղ տարածք չունի»: «Սագամար» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Կադասրի կոմիտե պաշտոնական հարցում կանեն՝ տարածքների կոորդինատները ճշտելու համար: Ի պատասխան ՏԻՄ-ի ներկայացուցիչներն առաջարկեցին ճշտել այդ ամենը և նոր միայն հանրային լսումներ նախաձեռնել: «Ստեփանավան քաղաքը չունի նշված տարածքում որևէ հող, Ստեփանավանում հանրային լսումեր չպետք է իրականացվեն»,- նշեցին նրանք՝ անվավեր հայտարարելով այսօրվա լսումները: 

Պուշկինո 

Հաջորդ կանգառը Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում էր: Լսումներին ներկա էին բնակավայրից մի քանի բնակիչներ միայն: Մասնակցիների մեծ մասը ընկերության ներկայացուցիչներն ու իրենց կողմից հրավիրված-բերված բնակիչներն էին Արմանիս բնակավայրից: Պուշկինոյի բնակիչներին «Սագամարի» ծրագիրը չոգևորեց: «Ամեն օր հողի կռիվա... հանքը պետությանն օգուտ բերում է, ժողովրդին՝ չէ»,- նշեցին նրանք:

Արջուտ

Չորրորդ լսումները տեղի ունեցան Արջուտ համայնքում: Այստեղ նույնպես տեղի բնակիչները փոքր թիվ էին կազմում: Օլեգ Դուլգարյանի դիտարկմանը, թե պատշաճ իրազեկում չի իրականացվել՝ Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանն արձագանքեց. «Կայքում տեղադրվել է: Ես պետք է տուն-տուն գնա՞մ, իրազեկե՞մ...Թող կասկած չլինի, որ իմ կարծիքը հարյուր հոգու կարծիք չէ... Երբ գյուղում հարցուփորձ կանեք, կիմանանք՝ երեք հոգու կարծիքն է բավարար, թե 13-ի»: 

Լսմանը ներկա մի քանի տեղի բնակիչներ նշեցին, որ համայնքում առանց այն էլ բնապահպանական ու առողջապահական խնդիրներ կան. «Էս ժողովուրդը կոտորվում է աղբի հոտից, մի հատ հանք բացած ա, մի հատ էլ՝ բացեք, էնա գնանք, մեռնենք»: Տարոն Նավասարդյանը նշեց, որ գործող խնդիրները կարող են դառնալ սոցիալական առաջադրանք, նախաձեռնություն և ծառայեցվեն համայնքին: «Երկրորդ՝ առավելությունն այն է, որ այս գործունեությունը ցանկանում է իրականացնել «Սագամար» ՓԲԸ-ն, որն արդեն Արմանիսում ունի ֆաբրիկա: Այդ հանքային ազդեցությունն աննշան է, չի ազդում»,- նշեց նա, ինչին տեղի բնակիչներն արձագանքեցին՝ «Չհամոզեցիր»: «Խոստումները շատ են, էն ժամանակ էլ ասեցին օդի աղտոտումը չնչին ա լինելու: Առողջականի վրա կարող է լիքը ազդեցություն լինի, ես թղթի վրա գրվածին չեմ հավատում... խորացված խնդիր ունենք, մի հատ էլ ապագայի համար ենք ստեղծո՞ւմ»,- նշեց մի բնակիչ: 

Արջուտցիների հարցին, թե իրենք ինչ են շահելու այս գործունեությունից՝ Տարոն Նավասարդյանը նշեց. «Ընկերության հետ քննարկենք և փաստաթղթի մեջ դնենք, թե սոցիալական ինչ ներդումներ են իրականացվելու»: Ընկերության ներկայացուցիչների դիտարկմանը, թե աշխատատեղեր կստեղծվեն, բնակիչներն արձագանքեցին, որ իրենք աշխատանքի խնդիր չունեն: «Հազար մարդ բերեք, հազարին էլ աշխատանքի կտեղավորեմ: Գյուղը աշխատատեղի խնդիր չունի, աշխատուժի խնդիր ունի»,- նշեց մի բնակիչ:

Նոր Խաչակապ

Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում նախատեսված հանրային լսումները չկայացան, քանի որ բնակիչները տեղյակ չէին եղել դրանց մասին և ներկա չէին: 

Նշենք, որ Ուրասար, Պուշկինո և Արջուտ բնակավայրերի վարչական ղեկավարները տեղեկացրին, որ գործունեության վերաբերյալ բնակիչների կարծիքը կհավաքագրեն, և երեք օրերի ընթացքում համապատասխան արձանագրություն կպատրաստվի: 



Հուլիս 12, 2022 at 10:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր