

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման թույլտվության տրամադրումից հետո պարզեցված ընթացակարգով հողը տրամադրել ընդերքօգտագործող ընկերություններին: Այս մասին ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը՝ 2022թ. հուլիսի 19-ին Մեդիա կենտրոնում կազմակերպված «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն․ որո՞նք են խնդրահարույց կետերը» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկման բանախոսներ Վիկտորյա Բուռնազյանն ու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն անդրադարձան ներկայում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մշակվող Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ տեղ գտած մի շարք խնդրահարույց կետերի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ներկայացուցիչ քննարկմանը ներկա չէր:
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ռազմավարության մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը չի ընդունվել: «Ոչ միայն «ԷկոԼուր»-ը, այլ նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ առաջարկությունների մեծ փաթեթ են ներկայացրել ՏԿԵ նախարարություն, բայց մի շարք առաջարկներ չեն ընդունվել: Ինչ վերաբերում է խնդրահարույց կետերին, ապա կետերից մեկն այն է, որ մշակողներն առաջարկում են համայնքների նկատմամբ իրավական հետևանք սահմանել, եթե տապալում են հանրային լսումները։ Խնդիրն այն է, որ փաստաթղթում նշած է այն փաստարկը, որ պետությունը պետք է աջակցի և՛ համայնքին, և՛ ընդերքօգտագործողին հասարակական լսումների իրականացման փուլում, որպեսզի իրար հասկանան, բայց եթե համայնքը դեմ է ծրագրին և ուզում է իր կարծիքն արտահայտել, որևէ դրույթ չկա, թե ինչ պետք է արվի, եթե համայնքը դեմ է հանդես գալիս, որովհետև հանրային լսումների տապալումը համայնքի դիրքորոշման իրացումն է։ Այս առումով՝ ոտնահարվելու են համայնքի բնակիչների իրավունքները և ճնշում է գործադրվելու համայնքի նկատմամբ՝ իրավական հետևանքների տեսքով»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Ըստ նրա՝ խնդիր կա նաև հանրային լսումների անցկացման հետ կապված: «Մեզ մոտ ձևական բնույթ են կրում լսումները: Լսումներին մասնակցում են քիչ թվով մարդիկ, հիմնականում մասնակցում են ընկերության կողմից բերված մարդիկ, աշխատողները, նրանց շահերը կիսող մարդիկ: Բնակիչները կամ տեղյակ չեն լինում կամ չեն կարողանում իրենց շահերն ու իրավունքները պաշտպանել: Այս առումով խնդիր է առաջանում: Պետք է հանրային լսումների ընթացակարգը ևս բարեփոխվի, որպեսզի համայնքը իրապես մասնակցի և ունենա ձայնի իրավունք ասելու դեմ է, թե՝ կողմ»,- նշեց նա:
Մյուս խնդրահարույց կետն, ըստ Վիկտորյա Բուռնազյանի, հողօգտագործման իրավունքի հետ է կապված: «Այս առաջարկը ՏԿԵՆ-ից է եկել, տեխնիկական առաջադրանքում նշվել է, որ խորհրդատու ընկերությունը դիտարկի՝ արդյոք հնարավոր է հողը պարզեցված ընթացակարգով տալ ընդերքօգտագործողին: Խորհրդատուն էլ նշել է մի շարք տարբերակներ, թե ինչպես կարող է տրվել: Քանի որ Հայաստանում ընդերքը պետությանն է, հողը համայնքինը կամ մասնավորինն է, այս դեպքում համայնքն ու մասնավորը պետք է որոշեն իրենց հողի ճակատագիրը։ Այստեղ փորձ է արվում ընդերքօգտագործման թույլտվության տրամադրումից հետո պարզեցված ընթացակարգով հողը տրամադրել ընկերությանը: Սրանով խախտվելու է մարդու սեփականության իրավունքը, ինչը Սահմանադրությամբ է պաշտպանված: Մենք առաջարկել ենք հանել այն»,- ասաց նա:
Վիկտորյա Բուռնազյանը հիշեցրեց մի քանի օրինակ, թե ինչպես է հողը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու շրջանակներում տրվել այս կամ այն ընկերությանը: «Նման օրինակ ունեցանք Թեղուտում: Եվրոպական դատարանում բնակիչները հաղթեցին մեր պետությանը, մեծ գումարներ ստացան, որովհետև իրենց իրավունքները խախտվել էին: Հիմա փորձ է արվում իրավական կարգավորումներով հողն ինքնաշխատ եղանակով տալ ընդերքօգտագործողին: Մենք առաջարկում ենք նախևառաջ ստանալ այդ համաձայնությունը համայնքից, սեփականատիրոջից, հետո ստանալ ընդերքօգտագործման իրավունք»,- նշեց նա:
Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ առաջարկվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացից հետո պարզեցված եղանակով տալ նաև ջրօգտագործման, ջրահեռացման, օդի աղտոտման թույլտվությունները․ «Բայց այստեղ կոնկրետ ջրօգտագործման թույլտվության հետ կապված խնդիր ենք ունենալու, որովհետև ջուրը ոչ միայն հանքարդյունաբերությանն է, այլ տարբեր առաջնահերթություններ կան այդ ջուրն օգտագործելու։ Եթե ավտոմատ պետք է ջրօգտագործման թույլտվություն տան, եթե կա ընդերքօգտագործման իրավունք, ապա ստորադասվելու են մյուս օբյեկտների իրավունքները հանքարդյունաբերությանը։ Սա խնդրահարույց է։ Փորձ է արվելու ՇՄԱԳ-ով բոլոր հարցերը ծածկել: Մեզ մոտ ՇՄԱԳ գործընթացն այն պրոֆեսիոնալիզմով չի իրականացվում, ինչը որ պետք է։ Դրա վառ ապացույցը Ամուլսարի ծրագիրն է, որի համար պետությունը 450 հազար դոլար տվեց միջազգային փորձաքննության իրականցման համար: Մեր պետական մարմիններն էլ են ընդունել, որ չունենք այդքան փորձագետներ: Պետք է համալիր փորձաքննություն իրականացվի՝ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ՝ առողջության, տնտեսական և սոցիալական օգուտի ու վնասի վերաբերյալ: Սրանք լուրջ բացթողումներ են և պետք է ներառվեն ռազմավարության մեջ: Մյուս վիճահարույց կետն այն է, որ փաստաթղթում նշվում է, թե պետությունը պետք է վարչարարություն իրականացնողից դառնա ընդերքօգտագործողին աջակցող: Մենք առաջարկում ենք, որ վարչարարությունը միայն բացասական չդիտվի, որովետև այն նաև վերահսկիչ գործառույթ է, որպեսզի ընկերությունը զգաստ լինի, որ իր սխալի համար կենթարկվի պատասխանատվության»,- նշեց նա:
Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ ռազմավարության սկզբունքային բացերից մեկն էլ համայնքների համար փոխհատուցման ապահովագրության մեխանիզմի բացակայությունն է: «Քաղհասարակությունն առաջարկել է համայնքի փոխհատուցման ապահովման մեխանիզմ ներդնել, քանի որ կան վնասի դեպքեր: Պետք է իրականացվի տնտեսական օգուտի և վնասի հաշվարկ՝ արդյո՞ք այդ տարածաշրջանի համար տվյալ հանքի շահագործումը և դրա հասցրած տնտեսական օգուտը կամ վնասը համարժեք են, ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ կտա: Հանքի շահագործման հետևանքով տնտեսական վնասներ ենք ունենում, գնահատվում է այն, բայց չի փոխհատուցվում։ Այդ վնասն արտահայտվում է հողի, ջրի, օդի աղտոտմամբ, անտառահատումներով, գետերը խողովակների մեջ են վերցվում։ Սա ևս տնտեսական վնաս է։ Համայնքներ կան, որ չեն կարողանում հողը մշակել, բերքը չեն կարողանում իրացնել, որովհետև իրենք տվյալ համայնքից են: Մարդիկ կան, իրենց տունը չեն կարողանում վաճառել, որովհետև իրենց տունը գտնվում է պոչամբարի հարևանությամբ։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է համալիր դիտարկել, ոչ թե ասել՝ ընկերությունները շատ լավ պայմաններ է ստեղծում համայնքում, այգի է տնկում, ճանապարհ նորոգում։ Ընկերությունները գալիս, խոստումներ են տալիս, համայնքը ոգևորված սպասում է աշխատատեղերի, բայց մեկ տարի հետո ընկեորւթյունը հեռանում է, և չկա պատասխանատվություն այդ ընկերության նկատմամբ։ Սրա մասին ոչ մի խոսք չկա»,- նշեց նա։
Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ մշակվող ռազմավարության փաստաթուղթը չի արտացոլում համայնքների խնդիրները: «Երբ կարդում ենք փաստաթուղթը, կարծես թե այն միակողմանի է, մի ձևակերպում, որը հստակ համայնքի բնակիչների շահերը կարտահայտի և կառաջարկի լուծում տալ, ես չեմ տեսել: Այս փաստաթուղթը պետական մոտեցմամբ փաստաթուղթ չէ: Պետությունը չի կարող ինստիտուցիոնալ փաստաթղթում ունենալ «որոշ ակտիվիստներ» տերմինը: Դա հակասում է պետական փաստաթղթերի ստեղծման ձևաչափին: Ռազմավարությունը մշակողները լավ փորձագետներ են, բայց մեծամասամբ հանքարդյունաբերական ընկերությունների փորձագետներ են: Սա միակողմանի փաստաթուղթ է, որը հանքարդյունաբերության տեսակետն է արտահայտում»,- նշեց նա:
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ համայնքներում մի քանի հանդիպումներ են կազմակերպվել ռազմավարությունը մշակող խմբի կողմից: «Իրենք լսել են համայնքների կարծիքը, խնդիրները, մտահոգությունները: Բայց այդ հանդիպումներն ավելի շատ համայնքներում պետք է տեղի ունենային, ավելի մեծ մասնակցություն պետք է ապահովվեր: Քննարկումների ձևաչափը հանրայնացման ենթակա չէր, դա ևս չի նպաստել այս փաստաթղթի մշակմանը, որովհետև հանրային լայն կարծիքը միայն կօգներ փաստաթուղթը մշակողներին... Ռազմավարությունը որպես ամբողջական օրգանիզմ, ունենալով խնդրահարույց կետեր, չի կարող աշխատել: Ավելի լավ է երկար քննարկումների շարք գնա, որպեսզի ավելի ամբողջական դառնա և հանրային կարծիքն արտահայտի»,- ասաց նա:
Վիկտորյա Բուռնազյանը մատնանշեց, որ ռազմավարության տեսլականում բերված է հանքավայրերի ողջամիտ շահագործում իրականացնելու գաղափարը. «Իրենք ուզում են, որ ոլորտը կայուն զարգանա, գերշահագործում չլինի: Սակայն, ըստ էության, երբ նայում ես բացվածքը, տեսնում ես, որ կա շահերի բախում, մարդու իրավունքների խախտման դրսևորումներ, եթե իրականցվեն որոշ դրույթներ, որոնք նշված են ռազմավարության մեջ»,- ասաց նա:
Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ այս ամենի հետ ռազմավարության փաստաթղթում կան նաև դրական կետեր. «Օրինակ՝ լքված պոչամբարների խնդրի մասին է նշված, լցակույտերի մաքրման աշխատանքներ պետք է կատարվեն: Նշվում է, թե ինչպես պետք է իրականացվի հանքի փակումը, նշված է, որ շրջակա միջավայրի պատճառվող վնասը նվազագույնի պետք է հասցվի, համայնքը սոցիալական կարիքների որոշման ժամանակ պետք է մասնակցի քննարկումներին»,- ասաց նա:
Անդրադառնալով հետագա քայլերին՝ Վիկտորյա Բուռնազյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել Համաշխարհային բանկին, որպեսզի վերջինս ստուգի, թե արդյո՞ք փաստաթուղթը համապատասխանում է իր ստանդարտներին: Նա նշեց նաև, որ դիմել են Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությանը ԱՃԹՆ-ի շրջանակներում ԲՇԽ նիստ հրավիրելու համար, որտեղ կլինեն երեք կողմերը՝ կառավարություն, հանքարդյունաբերական բիզնես և քաղհասարակություն, քննարկելու այս փաստաթուղթը:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Հուլիս 20, 2022 at 12:41
